«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կազմալուծվելու մասին խոսակցությունները սուտ են և անլուրջ, այս մասին Tert.am-ին ասաց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով պնդեց, որ կուսակցությունից Ալեքսանդր Արզումանյանի հեռանալը կուսակցության վրա որևէ բացական ազդեցություն չի ունեցել։
«Բացարձակապես չի ունեցել, մենք իմացել ենք այդ մասին և ասել ենք, որ որևիցե խնդիր չկա»,-ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը չի ստեղծվել «Հայոց համազգային շարժման» հենքի վրա, մենք առիթ ենք ունեցել կուսակցությունը ստեղծելու ժամանակ այդ մասին հայտարարելու և խոսելու։ Մեր մոտ հավաքված մարդկանց ճնշող մեծամասնությունն անկուսակցականներ են եղել և որևիցե կապ չեն ունեցել ՀՀՇ-ի հետ»,– ասաց նա։
«Ես և իմ շատ-շատ լավ ընկերներ, բնականաբար, կապ ենք ունեցել շարժման հետ 88թ-ից սկսած, և որևիցե խնդիր երբևիցե չի հանդիսացել մեր հարաբերությունները պահելու հարցում»,- ասաց նա և նշեց, թե հնարավոր է լավ հարաբերություններ պահել, բայց քաղաքական այլ հայացքներ ունենալ։
«Կարծում եմ, որ մարդկային հարաբերություններ պահելը դա ուղղակի մարդակային որակի մասին է խոսում, քաղաքական խնդիրներն ու մոտեցումները լրիվ այլ բան են»,- ասաց նա։
Հարցին, թե իր արդեն նախկին կուսակցի հետ տարաձայնություններն են պատճառ եղել, Խաչատուր Քոքոբելյանը հավատացրեց, թե կոնկրետ ինքը Ալեքսանդր Արզումանյանի հետ որևէ տարաձայնություն չունի։
«Որևիցե խնդիր ես անձամբ չունեմ իմ ընկերները Ալեքասնդր Արզումանյանի հետ, իրենք ուզում են հիմնեն իրենց պատկերացրած քաղաքական ուժը, վերականգնեն ՀՀՇ-ն և ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը։