Hayeli.am-ի հարցազրույց <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ:
Տիկի՛ն Սեդրակյան, նախորդ տարվա վերջին՝ նախագահական ընտրությունների առաջադրման փուլում, խոսակցություններ եղան, որ Դուք հնարավոր է՝ առաջադրվեք նախագահի թեկանծու, և այդ դեպքում կլինեիք տարածաշրջանի առաջին կին թեկնածուն: Ինչո՞ւ չառաջադրվեցիք:
Փաստորեն, իմ չառաջադրվելու հետևանքով Հայաստանը կորցրեց տարածաշրջանում առաջին կին թեկնածուն ունենալու պատմական շանսը /ծիծաղում է-խմբ./: Եթե անկեղծ՝ հետադարձ հայացք նետելով ափսոսում եմ՝ հայի հետին խելքով:
Այդ փուլում, հիշում եմ հրապարակային քննադատություններ եղան և, որպես բացասական կողմ, նշվեց նաև, որ Դուք ժամանակին աշխատել եք ԱԺ-ում, այն էլ՝ Արթուր Բաղդասարյանի հետ: Ինչպե՞ս եք նայում այդ գնահատականին:
Երբ որ մարդիկ բացասական են համարում ԱԺ-ում կամ նախագահականում աշխատելը, ես էլ իրենց ուզում եմ հիշեցնել, որ բոլոր ընդդիմադիր ուժերի պայքարի վերջնանպատակը Բաղրամյան 26 մտնելն է կամ ԱԺ-ում մեծամասնություն կազմելը: Եթե այդ հիմնարկները ի բնե արատավոր են, ինչո՞ւ են բոլորը ինտենսիվ ձգտում դեպի այնտեղ: Իսկ եթե դրանք արատավոր չեն, ապա ինչո՞ւ է այնտեղ աշխատելը արատ:
Ինչ վերաբերում է իմ՝ Արթուր Բաղդասարյանի հետ աշխատելուն, ապա պետք է ասեմ, որ դա ինձ համար շատ կրեատիվ և հետաքրքիր փուլ էր: Այն ժամանակվա ԱԺ նախագահը շատ հետաքրքրասեր մարդ էր, և ցանկացած նորույթ, վերլուծական միտք նրան հետաքրքիր էր:
Այդ տարիները համընկան Արթուր Բաղդասարյանի վերելքի՞, թե՞ վայրէջքի հետ:
Ես առաջիններից մեկն եմ եղել, ով ասել է Արթուր Բաղդասարյանին, որ իր հրաժարականը վերելք է, ոչ թե վայրէջք: Ընդհանրապես պետական պաշտոնից հրաժական տալը վայրէջք չէ, դա նորի սկիզբ է: Ընդհանրապես մարդը պետք է քայլ անելու քաջություն ունենա. տարբեր տիպի քայլեր կան: Քանի որ Հայաստանում չկան կայացած պետական և հասարակական ինստիտուտներ, մարդն իրեն պաշտպանված է զգում պաշտոնով: Պատկերացրեք այդ պատճառով շատ մարդիկ պաշտոն կորցնելուց հետո հոգեկան մեծ ողբերգություն են ապրում:
Արա՞գ եք ընդունել ԱԺ-ից կամ նախագահականից հեռանալու որոշումը:
Այո՛, շատ: Դա իմ բնավորության վատ գիծն է: Ես միշտ շատ արագ փախչում եմ այնտեղից, որտեղից ինձ սկսում եմ լավ չզգալ, համարում եմ, որ իմ ազատությունը սահմանափակվում է: Շատերը կան, որ հեռացել են պետական համակարգերից, բայց հետո ոմանք փորձել են դրա հիմքով ինչ-որ դրամա կառուցել, քաղաքական կարիերա ստեղծել: Ես դրա կարիքը չեմ ունեցել երբեք: Ես ուղղակի ունեի իմ պատկերացումը քաղաքական գործընթացների մասին, և քանի որ այն, ինչ տեսնում էի, իմ պատկերացումներին չէին համապատասխանում, ես որոշեցի հեռանալ:
Գանք <<Ազատ դեմոկրատներին>>: Մուտքը շռնդալից էր, դեսպանների հասարակական-քաղաքական շրջանակների կողմից եղան ողջույններ: Բայց, ամեն դեպքում, սպասելիքները, որ կային այս ուժից, չարդարացվեցին: Ընտրություններում պասիվություն կա, քաղաքական գործունեությունն էլ կարծես թե ակտիվ չէ: <<Ժառանգություն>>-<<Ազատ դեմոկրատներ>> միավորումը ևս շատ արագ քանդվեց: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը:
Ինձ թվում է, որ քաղաքական միավորումների կայացման մեջ մի շատ կարևոր նրբություն կա: Կան, այսպես կոչված, կողմնակի ինֆորմացիա տրամադրող մարդիկ, ովքեր, որպես կանոն, սխալ ինֆորմացիա են փոխանցում: Այս պարագայում ես, իմ կարծիքով, ներհոսքային ինտրիգները եղան վճռորոշ: Իրականում <<Ժառանգություն>>-<<Ազատ դեմոկրատներ>> միավորումը շատ խոստումնալից և դաշինք էր:
<<Ժառանգությունը>>, համենայն դեպս, նրա առաջնորդը վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ապացուցեց, որ ինքը առանց <<Ազատ դեմոկրատների>> էլ շատ հզոր քաղաքական ուժ է և միայնակ կարող է անել ավելին, քան նախկինում արվեց դաշիքնով: Սա չի՞ ազդում <<Ազատ դեմոկրատների>> վարկանիշի վրա:
Գիտեք, ես Աստվածաշնչում կավելացնեի 11-րդ և 12-րդ պատվիրաններ՝ մի՛ շտապիր և մի՛ ոգևորվիր: Մենք փորձում ենք քաղաքական գործընթացները կառուցել ազնվագույն հերոսի կերպարի վրա՝ մոռանալով, որ այդ կերպարի պատճառով արդեն ո՛րերորդ անգամ տապալվում ենք: Փորձը ցույց է տալիս, որ հաղթում են ոչ թե ազնվագույն հերոսները, այլ պրագմատիկ հաշվարկ անողները: ժամանակն է, որ քաղաքականության մեջ աշխատի պրագմատիկ հաշվարկողի կերպարը, որը, սակայն, կունենա նաև սկզբունքներ: էմոցիաները, մանավանդ Հայաստանի ներկա քաղաքական դաշտի համար, ավելորդ շքեղություն են: Բռնության, տնտեսական խրախուսման և հասրակական խաբեության ռեսուրսն այլևս սպառված է, ավարտված է: Ես կարծում եմ, որ հաղթելու են այն պրագմատիկները, ովքեր ճիշտ կընկալեն դարի հրամայականը:
Դուք միակն էիք <<Ազատ դեմոկրատների>> լիդերներից, ով այցելեց Ազատության հրապարակ՝ հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:
Գիտեք, մեր կուսակցությունում կոլեգիալ որոշումները պարտադիր են բոլորի համար, բայց կան նաև անհատական որոշումներ, որտեղ մենք ազատ ենք: Այստեղ խոչընդոտ չկա: Դա իմ անձնական որոշումն էր: Ես Անդրիաս Ղուկասյանի մոտ էլ էի գնում:
Մի քիչ էլ խոսենք անձնականից՝ Դուք մենակ եք որպես կին, ինչո՞ւ:
Ես երևի աշխարհի առաջին լիբերալն եմ նաև անձնական հարաբերությունների առումով, որովհետև այստեղ ևս կա պատասխանատվության և ազատությունների որոշակի սահմանափակման խնդիր, համենայն դեպս, հայկական հասարակության մեջ: Նիցշեն ասում է. <<Դու կարող ես զոհել իշխանությունդ, դու կարող ես զոհել սեփականությունդ, դու կարող ես զոհել երջանկությունդ, փոխարենը ստանում ես աշխարհի ամենամեծ իշխանությունը՝ տնօրինելու սեփական անձդ>>: Մենակությունից չմենակություն ընդամենը մեկ քայլ է: Պարզապես պետք է ուզենալ, պատրաստ լինել այդ քայլն անելու: Ընտրության սկզբունքը այստեղ ևս աշխատում է՝ քեզ ի՛նչ կտա ոչ մենակությունը և միաժամանակ այն ի՛նչ կտանի քեզանից:
Ի՞նչ տեսակի տղամարդը կարող է <<դիմանալ>> Անուշ Սեդրակյանին:
Դա չստող տղամարդն է՝ առաջին հերթին: Ես այդպիսի տղամարդու կերպար ունեցել եմ իմ աչքի առաջ՝ դա հայրս է: Ստելու աուրան թևածում է հայ տղամարդկանց մեջ. դա ամենուր է՝ տանը, գործի մեջ: Ստելու պատճառով բիզնես պայմանագրերը չեն ստորագրվում, խախտվում են պայմանավորվածությունները: Հայ հասարակության մեջ տղամարդու բնածին գերակայություն կա: Տղամարդու ծնունդը, սկսած տատիկից, վերջացրած մայրիկի և մնացածի համար, տոն է, բարիք: Ես կարծում եմ՝ հայ տղամարդիկ պետք է իրենք իրենց հարց տան՝ իսկ ինչո՞ւ եմ ես բարիք:
Կյանքի որոշակի փուլում Դուք ունեցել եք նաև այլազգի՝ գերմանացի ամուսին, աշխարհընկալման տարբերությունները շա՞տ են՝ հայերի հետ համեմատած:
Ես չեմ սիրում նրա մասին խոսել, որովհետև առողջայկան խնդիրներով էր պայմանավորված մեր հարաբերությունների այսպիսի ընթացքը: Ամեն դեպքում, այո՛, բոլորովին այլ արժեքային համակարգերի մասին է խոսքը: Հիշում եմ, երբ որ մի անգամ խոսակցություն գնաց մեր՝ երեխա որդեգրելու մասին, ասաց՝ անպայման սևամորթ կամ չինացի, որովհետև այդ երկրներում ավելի վատ է արժանապատիվ կյանքի պայմանները, գոնե մեկ երեխայի համար մենք կապահովենք լավ կյանք: Սա հումանիզմ է, դեմոկրատիա, լիբերալ մոտեցում, մի խոսքով՝ այլ աշխարհընկալում:
Մի քանի բիլց հարցեր՝ ես վախենում եմ ինչի՞ց:
Հիվանդությունից:
Ես ամաչում եմ ինչի՞ համար:
Ոչնչի, չկա այդպիսի բան, որի համար ամաչեմ:
Ափսոսում եմ ինչի՞ համար:
Ծնողներիս համար:
Ասում են՝ կյանքը ունի երեք աստիճան՝ ինչպե՞ս ես ապրել քեզ համար, Աստծո առաջ, մարդկանց համար:
Եթե կյանքդ ապրում ես մարդկանց համար, ապա ինքնաբերաբար ստացվում է, որ և՛ Աստծո առաջ ես մաքուր, և՛ քո:
Կյանքում ստացած ամենամեծ հարվածը:
Ծնողներիս կորուստը:
Մարդ, որից ազդվել եք:
Այնքան շատ են, որ կդժվարանամ որևէ մեկին առանձնացնել: 7-րդ դասարանում՝ Մայակովսկին, հետո եկավ Շոպենհաուերի փուլը: Իմ կայացման, ձևավորման և կրթության հարցում մեծ է եղել նաև Հրանուշ Խառատյանի ազդեցությունը:
Ես հավատում եմ ինչի՞ն:
Հումանիզմին: