Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններով Հայաստանում կավարտվի այն քաղաքական ցիկլը, որը սկսվել էր ԱԺ ընտրություններով և շարունակվում է առ այս պահը: Սա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական կարծիքն է, որը ներկայացրեց Tert.am-ի հետ զրույցում:
«Այլ կերպ ասած՝ վստահ եմ, որ կավարտվի իմիտացիոն քաղաքականության ժամանակաշրջանը, և Հայաստանում նոր քաղաքական շրջան կսկսվի: Ավելի պրագմատիկ, ավելի ռեալ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն կառաջանա: Որովհետև եթե տարվող քաղաքականությունը միտված չէ ՀՀ քաղաքացու կյանքի բարելավմանը, այդ քաղաքականությունը՝ լինի աջակողմյան, թե ձախակողմյան, անկախ քաղաքական հոսանքից, միևնույն է՝ ոչ էֆեկտիվ քաղաքականություն է»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Նա ամրագրեց, որ առ այս պահը ականատեսն ենք դարձել, որ քաղաքական գործընթացներով՝ սկսած «ՀՀ շարքային քաղաքացու կյանքից, վերջացրած ամենավերին շրջանակները», լուրջ փոփոխություններ չեն եղել:
«Ես գտնում եմ, որ դրա հիմնական պատճառը լղոզված քաղաքական դաշտն է՝ առանց գաղափարական հոսանքների, առանց սկզբունքային մոտեցումների: Ես դա միշտ եմ ասել: Ես վստահ եմ, որ մենք շատ լավ հասարակություն ունենք, և գտնում եմ, որ այս վիճակի համար մեղքի ամենամեծ բաժինն ունեն հենց քաղաքական գործիչները և ինչու չէ նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները»,- ասաց «Ազատ դեմոկրատների» նախագահը:
Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից ամեն տիպի արդարացումները, թե ինչու գործընթացն առաջ չի գնում, ոչինչ չեն տալիս, որովհետև կարևորը ոչ թե դրանք են, այլ «ինչ ունեցանք»:
Ի պատասխան հարցի, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից տարվող պայքարում ապրիլի 9-ի հանգրվանը Խաչատուր Քոքոբելյանի համար սպասե՞լի էր, նա պատասխանեց, որ այո:
«Եվ ինձ համար նոր որևիցե բան չկար: Եվ նաև ընտրություններին նրա ստացած ձայները և հետընտրական պրոցեսների զարգացումները, ինչ-որ եղավ»,- ասաց Խաչատուր Քոքեբելյանը:
Ամփոփելով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչն արձանագրեց, որ, ցավոք սրտի, Հայաստանում տարվող քաղաքական պայքարների հիմքում ընկած են եղել ոչ թե ծրագրերը կամ ծրագրային մոտեցումները, այլ «անձերի կամ այդ անձերին հարմարեցված քաղաքական պրոցեսները»։
Հայտնի է, որ Հայաստանում ընդդիմադիր պայքարի ամենատարբեր ձևեր են ապրոբացվում և անգամ դրանք միմյանց հակադրվում են. քաղաքականը՝ քաղաքացիականին կամ տարբեր նախաձեռնությունների ակտիվիստների կողմից մղվող պայքարին: Խաչատուր Քոքոբելյանն այս հակադրումները ևս արհեստական է համարում:
«Ի՞նչ է նշանակում՝ քաղաքացիական պայքարը հակադրվում է քաղաքական պայքարին: Նախ՝ ցանկացած պայքար պիտի կոնկրետ խնդիր լուծելուն ուղղված լինի: Եվ քիչ կարևոր է քաղաքական ու՞ժն է դա առաջ մղում, թե ինչ-որ շրջանակ կամ սոցիալական շերտ: Հայաստանում շատ է խոսվում արհմիություններից, քաղաքացիական նախաձեռնություններից, և ցավոք սրտի, պիտի հիասթափեցնեմ հակառակ կարծիք ունեցողներին, որովհետև նման տիպի շարժումները կամ արհմիություններն առաջանում են միայն էն դեպքում, երբ լինում են սոցիալական շերտեր: Իսկ Հայաստանում այդ սոցիալական խմբերը դեռ ձևավորված չեն, որոնք կարող էին ծնել էդ պայքարը»,- ասաց նա։
Խաչատուր Քոքոբելյանն այս հաստատագրումն անելով նկատի ունի, որ մեր երկրում առկա չեն տարբեր «մասնագիտական» խմբերի՝ ուսուցիչների, վարորդների, բժիշկների շերտը՝ որպես պայքարի առաջամարտիկ: Իսկ սոցիալական այդ շերտերի բացակայությունը քաղաքական գործիչը պայմանավորում է Հայաստանում գործազրկության բարձր աստիճանով:
Ազատ դեմոկրատներն այս պահին զբաղված է կուսակցությունն ուժեղացնելով՝ գտնելով, որ քաղաքականությունը միայն ընտրություններին մասնակցելը չէ: Այս շրջանում ազատ դեմոկրատներն աշխատում են տնտեսական ծրագրերի վրա, որոնք կներկայացվեն մինչև աշուն:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին:
Ի պատասխան հարցի, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին են որոշել կողմնորոշել իրենց ընտրազանգվածին, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ կոչ են անելու ընտրել ընդդիմադիր քաղաքական ուժի, սակայն առաջիկայում կլինի վարչության նիստ և առավել հստակ որոշում: