ՀՀ ԱԺ-ում այսօր ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստը:
Նիստի առաջին մասին ավարտից հետո Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում: Քոքոբելյանը տեղեկացրեց, որ ներկայացված է մի տեղեկանք Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Քոքոբելյանը նկատեց, որ այդ տեղեկանքում, որևէ խոսք չկա ռուս-վրացական հակամարտության մասին՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրի հետ, ինչպես նաև չի խոսվում վերջերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված ռազմական տեխնիկայի վերաբերյալ:
<Ես պարտավոր էի այդ հարցերը հնչեցնել, քանզի երբ խոսվում է տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների մասին, շեշտվում Աֆղանստանի, Սիրիայի, հայ-թուրքական փակ սահմանների հարցը, ապա պետք չէ մոռանալ նաև ռուս-վրացական հակամարտությունը: Համենայնդեպս ՀՀ-ի համար դա կարևոր խնդիր է>,- պարզաբանեց Խաչատուր Քոքոբելյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին սպառազինության վաճառքի հարցին, Քոքոբելյանը հիշեցրեց, որ 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:
<Իսկ բոլորովին վերջերս ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի կողմից մոտ 4 մլրդ դոլարի հարձակողական նշանակության սպառազինություն վաճառվեց ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադբեջանին, փաստոցիորեն խախտելով վերոնշյալ պայմանագիրը: Ես հարց ուղղեցի, թե արդյոք ՀԱՊԿ ներկայացուցիչները չեն կարծում, որ սա շեղում է ռազմավարական գործընկերության պարտավորություններից, արդյոք սրանով չեն խախտվում նաև ՀԱՊԿ անդամ պետությունների՝ մեկը մյուսի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, և արդյոք նմանատիպ մոտեցումները չեն թուլացնում ՀԱՊԿ գործունեության իմաստը>,- մանրամասնեց Քոքոբելյանը:
Նկատենք, որ ի պատասխան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար Անատոլի Վիբորնին նշել է, որ այս պահին պատրաստ չէ պատասխանելու այդ հարցին, սակայն հարցապնդումը չափազանց կարևոր է համարել ու նկատել, թե անհանգստության հիմքեր կան, սակայն դա առանձին և մանրամասն քննարկման թեմա է: