Ազատ դեմոկրատներ կուսակցությունը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին` առանձին ցուցակով: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք, անշուշտ, կհամագործակցենք շատ-շատ քաղաքական ուժերի հետ, որոնք այս դաշտում են, անհատների հետ, որոնք անկուսակցական են: Մենք կներկայացնենք շատ իրատեսական ծրագիր, որը Հայաստանի համար ելք է այս իրավիճակից: Ակնհայտ է, որ մինչև այս պահը թե՛ արտաքին քաղաքականությունը, թե՛ ներքին մարտահրավերների դեմ պայքարի ձևերը մեզ համար ընդունելի չեն և, առհասարակ, կարծում եմ` ընդունելի չեն հասարակության լայն շերտերի համար: Քանզի, այդ խնդիրների լուծումը չի տրվում այն մեթոդաբանությամբ և այն արտաքին քաղաքականության գործիքակազմով, որն այսօր ունի Հայաստանի Հանրապետությունը: Այսօր կտրուկ քայլեր են պետք: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք համախմբել նաև այն քաղաքացիներին, որոնք մտածում են այդպես և գտնում են, որ Հայաստանի համար նոր ելքեր են պետք»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչու եք շեշտում, որ առանձին ցուցակով եք մասնակցելու, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը բացառո՞ւմ եք, Քոքոբելյանը պատասխանեց, որ համագործակցությունը ոչ թե հնարավոր չէ, այլ բացառված չէ: «Բնականաբար, կա համագործակցություն և բացառված չէ, և մենք կփորձենք համախմբել բոլոր ազատական մտածողություն ունեցող այն քաղաքական գործիչներին, որոնք իմիտացիայով չեն զբաղված»,- ասաց Քոքոբելյանը և որպես ազատական քաղաքական գործիչ` շեշտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի անունը:
Պատգամավորի համոզմամբ` ազատականներ կան լրագրողների, համալսարանականների մեջ, որոնց հետ ևս համագործակցություն հնարավոր է:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am