Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը մեր երկրի ինքնիշխանության դեմ ուղղված գործընթաց է, և անհնար է չտեսնել՝ ինչպես է ոտնահարվում ՀՀ շահը: Սեպտեմբերի 19-ին Երևանում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, որը նշեց, որ անկախության տոնի նախաշեմին այդ մասին լռելը հանցագործություն է: «Բոլորս ունենք ընդհանուր հայրենիք և եթե ունենք զարգացման ուղենիշի հետ կապված տեսլական, պետք է հետամուտ լինենք դրա իրագործմանը: Չեմ ուզում ասել՝ ինչու է այս քայլը հակասահմանադրական. ՄՄ-ն իր կանոնադրությամբ (դա տեղադրված է իրենց կայքէջում) ստեղծում է տնտեսական կոմիտե, որի որոշումները պարտադիր են անդամ պետությունների տարածքում, և որը կարգավորում է անդամ պետությունների հարաբերությունները երրորդ պետությունների հետ, այսինքն՝ նա կարգավորելու է մեր տնտեսության վիճակը»,- ասաց նա: Քոքոբելյանի համոզմամբ՝ ԵՄ հետ համագործակցության դեպքում խոսքը ստանդարտների մասին է, ՄՄ դեպքում՝ սահմանափակումների: Նրա խոսքով՝ որևէ ճնշում կամ այլ խնդիրներ չեն արդարացնում մեր ինքնիշխանության դեմ ուղղված այս քայլը, այդ մասին լռելն ամենահանցավոր մոտեցումն է, որն ուղղված է անվտանգության դեմ: Ըստ կուսակցության ղեկավարի՝ այն երկիրը, որ իրեն զրկում է զարգացման հնարավորությունից, իրեն դնում է մեծագույն սպառնալիքի տակ: «Սարսափելի է պատկերացնել, թե արտագաղթի այս տեմպերի դեպքում մարդկային ռեսուրսի առումով ինչ վիճակ է մեզ սպասվում հինգ կամ տասը տարի անց: ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սակարկելի չեն»,- ասաց Քոքոբելյանը՝ միաժամանակ նշելով, որ իբրև ԱԺ պատգամավոր՝ պատրաստ է պլատֆորմի հանձնարարություններն ու պահանջներն օրենսդրական նախաձեռնությունների կամ հայտարարությունների ձևով հնչեցնել խորհրդարանում: