Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումից հետո ծավալված հանրային ընդվզման շուրջ զրուցել ենք հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ
Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց տրանսպորտի ուղեվարձի թանկացումը հանրային մեծ ընդվզում առաջացրեց, երբ դրանից առաջ էլ մի շարք թանկացումներ եղան: Շատ ՀՀԿ-ական պատգամավորներ այս օրերին շտապում են այս ակցիաները «սարքովի» որակել:
Յուրաքանչյուր շարժում (իսկ ես դա սահմանում եմ Վերածննդի հումանիստական շարժում) ունի իր առանձնահատկությունը: Երբ 88-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ընդհանրապես որևէ մեկը չէր մտածում, որ այդպիսի շարժում կարող է լինել, որ հայ ժողովուրդը կարող է նման պահանջ դնել և համախմբվել: Պարզապես այն ժամանակ ազգային պետականության իդենտիֆիկացիայի խնդիրն էր, այս պարագայում՝ հասարակական իդենտիֆիկացիայի, երբ հայ ժողովուրդը պետք է վերածնունդ ապրի՝ արդեն իրեն ընկալելով ոչ իբրև ազգ, այլ իբրև հասարակություն: Հիմա եկել է այդ պատմական ժամանակը, որ մեր պետականաշինությունն իրականացվում է ոչ ազգային, այլ հասարակական ստանդարտի միջոցով: Ես սա որակում եմ հայկական մտածողության, հայկական ոգու հարատևության մեծ հաղթանակ: Բացատրեմ՝ կոնկրետ այս շարժման մեջ որոնք են իմ դիտարկած ակնհայտ առավելությունները:
Առաջին՝ մեր հայկական շարժման ավանդույթը միշտ ներառել է պաթետիկ էլեմենտներ՝ հողերի, եղեռնի շուրջ համախմբում: Եվ թվում էր՝ հայերի մոտ միշտ կենցաղային հարցերի շուրջ համախմբելու անհարմարություն կար… ի՞նչ ասել է 50 դրամի շուրջ համախմբում, բայց այս 50 դրամն ընդամենը խորհրդանիշ է այն բանի, թե ինչպես են մարդիկ սկսում որակել և տարորոշել իրենց դերն իբրև հասարակություն և իշխանավորների դերն իբրև ապաշնորհ կառավարիչներ: Մարդիկ հասկանում են, որ դառնում են ապաշնորհ, ընչաքաղց կառավարման թիրախ, և այդ 50 դրամն այդ ապաշնորհ և ընչաքաղց կառավարման խորհրդանիշն է: Մարդիկ վերջապես միացել են այդ պրագմատիկ հարցի շուրջ: Տեսեք ինչպիսի վերադասավորումներ են կատարվում հասարակության մեջ. բացարձակ նշանակություն չունի, թե մարդիկ ինչ տարիքի են, ինչ կուսակցություններից են, որ քաղաքական կամ հանրային շարժումներն են ներկայացնում, սա ինքնին վկայում է, որ սա ուղղորդված չի կարող լինել, սա մասսայական շարժում է:
Երկրորդ՝ մարդիկ արդեն կարողանում են ճիշտ տարբերակել իրենց թշնամի և բարեկամ բևեռները, և ակցիաները հաստատ ուղղված չեն ոչ վարորդների, ոչ էլ գծատերերի դեմ: Հիշո՞ւմ եք՝ ընդդիմադիր շարժման ժամանակ ինչքան էր հնչում այս աբստրակցիան՝ մեղավորը համակարգն է: Քավ լիցի, համակարգն ունի դեմք, համակարգն ունի կատարողներ, թալանն էլ ունի հաշիվներ: Այս պրագմատիկ հասարակությունը, որն ուզում է վերարտադրվել իբրև քաղաքացիական հասարակություն, պետք է կարողանա հաշվել իր պետության բյուջեն, ոչ թե այն հանձնի մի քանի մարդկանց, որ ինչպես ուզեն, տնօրինեն, դնեն իրենց գրպանները: Սա պետականաշինության առաջին գրավականն է: Մեկ այլ վերադասավորում է տեղի ունենում. տարիներ շարունակ մեր՝ շոու բիզնեսի մասին պատկերացումները եղել են իբրև հարսանիքներին և ընտրություններին երգողներ, զվարճացնողներ, պարողներ և այլն: Շոու բիզնեսը շատ հզոր լակմուս և հզոր ինդիկատոր է, ցուցիչ, և սա նշանակում է, որ այս նախապատրաստական պսևդոազատականացման փուլում մարդկանց կապերն արձակում են այնպես, ինչպես արեց Գորբաչովը պերեստրոյկայի ժամանակ, և մարդիկ ապրեցին վերածնունդ: Նույնը եղավ և հիմա, արհեսականորեն իմիտացիոն կապերը արձակեցին, և մարդիկ կարողացան արագ ինքնակազմակերպվել: Իհարկե, դրան պետք է գումարել նաև աճող տեխնոլոգիաների գործընթացը, որ այլևս հնարավոր չէ կանգնեցնել: Չկա ինֆորմացիա, որ կմնա թաքուն, չկա ինֆորմացիա, որ չի բացահայտվի: Եվ եթե կային ինֆորմացիաներ, որ մարդիկ կուզենային թաքուն պահել, հիմա իբրև լծակ՝ այդ ինֆոմացիաները քայլ առ քայլ բացահայտվում են: Չէ՞ որ իշխանության ներսում էլ ամեն ինչ բարեհաջող չէ, և ամեն պայքարող կլան չի թաքցնում մյուսի մեղքերը, և այդ մեծ կոմպրոմատների պատերազմում շահում է հասարակությունը:
Անուշ, հնարավո՞ր է, Սերժ Սարգսյանը արձակուրդից գա և Տարոն ջան, սիրուն չի-2-ի սցենարին ականատես լինենք:
Նույնիսկ ամենաոչկոմպետենտ իշխանությունը հասկանում է, որ չի կարելի մի սցենարը մի քանի անգամ կրկնել, սա վստահություն չի ներշնչում: Եվ ես չեմ կարծում նույն սցենարը կրկնվի, կամ եթե անգամ կրկնվի, որևէ դրական ազդեցություն չի ունենա:
Ենթադրենք վաղը նորից անցան հարյուր դրամի, հաղթանակ գրանցվեց, ի՞նչ է լինում այդ հաղթանակից հետո:
Ոչ, ես չեմ կարծում, որ դա հաղթանակ է, սա առաջին փուլն է, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ ձմեռը նույն իշխանությունները չեն որոշի վերադառնալ այդ 150 դրամներին: Դրա համար պետք է երկրորդ քայլը պահանջել՝ ազատ տենդեր, տեսնել, թե ինչպես մրցակցային բիզնեսմեններ կկարողանան մասնակցել այդ տենդերին: Միգուցե նրանց ավելի որակյալ ծառայությունը կարողանում է ապահովել 100 դրամ: Իսկ ինձ բնավ չի հետաքրրքում, թե ինչ խնդիրներ նրանք կառաջացնեն գծատերերի համար, քանի որ գծատերերն այն մարդիկ են, ովքեր վարում են մենաշնորհային բիզնես: Բայց Հայաստանի նման փոքր պետության համար կործանարար է այն բիզնեսը, որը արդյունավետ չէ: Մենք պարտավոր ենք մեր թե տնտեսական, թե քաղաքական կառավարման յուրաքանչյուր քայլը հասցնել բարձրագույն արդյունավետության: Մեր ռեսուրսները սահմանափակ են, արդեն հասել ենք նրան, որ մեր մարդկային ռեսուրսն էլ է սահմանափակ, և յուրաքանչյուր մարդ պետք է իր տեղում լինի, յուրաքաչյուր դրամ պետք է աշխատի հանուն հասարակության: Շատ լավ են անում, որ հաշվում են դրամները, և չպետք է ասել, որ ուրիշի փողերը հաշվել չի կարելի, իսկ ո՞վ ասաց, որ դրանք ուրիշի փողերն են, դրանք մեր պետության փողերն են, որ պետք է կարողանանք հաշվել ամեն գնով: Սա գիտակցական, ոչ պաթետիկ, ոչ էմոցիոնալ պայքարի առաջին փուլն է, սա հասարակական պրագմատիզմի առաջին հաղթարշավն է, բայց կարող ենք բազմաթիվ հարցեր բարձրացնել՝ ինչպիսի՞ն է հացի որակը, հացի գինը ինչպե՞ս է ձևավորվում: Մեր առաջին խնդիրը գնագոյացումն է, որը փակ է մեզ համար, և տրանսպորտով բացվեց այդ հարցերի շղթան: Հիմա պետք է բարձրացնենք հարց, թե ինչպես են ձևավորվում հացի, շաքարավազի գինը, առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
Տնտեսագետները փաստերով ասում են, որ 70 դրամ պետք է լինի ուղեվարձը:
Մենք պետք է հասկանանք, թե ով ինչ արդյունավետությամբ է բինզես վարում Հայաստանում, իսկ գուցե հայտնվում է ճարպիկ և նորմալ բինզեսմենների խումբ, որ կարողանում է լավ առաջարկներ տալ բոլոր ոլորտներում: Մենք մնացել ենք մի քանի մարդկանց հույսին, և խնդիրն այն չէ, որ այդ մարդիկ տիրացել են հանրային սեփականության, կարելի է նույնիսկ դա էլ ներել, բայց մենք պետք է հարց դնենք, թե ինչպես են նրանք շահագործում հանրային սեփականությունը, ինչ արդյունավետությամբ, ոչ ոք դեմ չէ, որ դիմացինը շահույթ ստանա, բայց երբ դիմացինը շահույթ է ստանում դիմացինի աղքատացման հաշվին, դա արդեն շահույթ չէ, այլ տնտեսական հանցագործություն: Ինչպես Քենենդին էր ասում՝ եթե դուք չբարձրացնեք աղքատներին, չեք փրկի հարուստներին: Հիմա եկել է այդ ժամանակը:
Այս պայքարին անգամ ոստիկաններ են միանում:
Բացատրեմ թե ինչու, սա ունի երկու պատճառ. մեկը տնտեսական, որովհետև այնքան է շորթվել ռեսուրսը, որ արդեն ոչ ոքի չի հասնում, հասնում է մի տասը հոգու, և նույն ոստիկանը ընկել է շարքային քաղաքացու վիճակի մեջ, նա էլ տնտեսական լուրջ խնդիրներ ունի, երկրորդ՝ քաղաքացիական ալիքը չի կարող անհաս լինել մարդուն միայն նրա համար, որ ինքը ոստիկան է, ոստիկանը նույնպես հայ է, նույնպես քաղաքացի է, և հաճելի է, որ այդ երկուսը համընկնում են:
Մեր ոստիկանությունը նաև աստվածասեր է, ոստիկանապետը հաճախ է այդ մասին խոսում:
Աստվածասիրությունը ինձ շատ մտահոգող խնդիր է: Ես այն քիչ մարդկանցից եմ, որ համարում եմ՝ քաղաքակրթությունը կառուցում են քրիստոնեությունը հասկացած մարդիկ: Հենց մարդը հասկացավ՝ ինչ է քրիստոնեությունը, նա կարողանում է կառուցել քաղաքակրթություն: Քրիստոնեությունը մեղքի ներքին զգացումն է, դիմացինի իրավունքի, սեփական անձի կարևորության զգացումն է, քրիստոնեության հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմը, երբ դու օգտակար ես քեզ և դիմացինին, հիշեցնեմ՝ սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես քեզ: Եվ ահա մեր ժողովուրդը, փառք Աստծո, ձերբազատվում է նրանից, որ քրիստոնեության էությունը եկեղեցական սպասավորները չեն, բենթլիական սկանդալը, կաթողիկոսի գիծը, օֆշորային սկանդալը, որոնք ամեն օր պայթում են, ապացուցում են, որ քրիստոնեական պատվիրանները համամարդկային պատվիրաններ են, մարդը ենթարկվում է խղճի օրենքներին, և մարդկանց արդարացնել նրա համար, որ իրենք եկեղեցու սպասավորներ են, նշանակում է ընդունել, որ Աստված օրհնում է մեղքը: Այսինքն՝ հենց հասկանում ենք քրիստոնեության համամարդկային էությունը, հենց հասկանում ենք, որ Աստծո առաջ պատասխանատու են բոլորը՝ կաթողիկոսից մինչև շարքային քաղաքացի, այդտեղից սկսվում է արդարության, ազատության և հավասարության հասարակությունը, որոնք երեքն էլ քրիստոնեական հիմնարար արժեքներ են:
Անուշ, Freecar ակցիաներ են այս օրերին, Ձեր մեքենայով մտադի՞ր եք մասնակցել:
Մասնագիտորեն մի փոքր խառնվեմ freecar չէ, այլ free-ride է: Այո, այսօր գնալու եմ, մի մեծ թերություն ունեմ, լավ չեմ տարբերում ուղղությունները, ստիպված եմ ես առաջարկել մարդկանց երթուղի: Ամբողջ արևմուտքը ավտոկանգառով երթևեկում է, և այստեղ ուղղակի վստահության և հավատի խնդիր է, երբ դու նստում ես անծանոթ մեքենա, դու գիտես, որ ամբողջ ճանապարհները վերահսկվում են տեսախցիկներով, և կա ներքին անհատական վստահություն: Այս ամբողջը մի բան է ապացուցում, որ հասարակությունը հասկացել է, որ ինքը կարող է հույս դնել միայն իր դիմացինի վրա, հասարակությունը միավորվում է, և մենք պետք է շնորհակալ լինենք մեր իշխանություններին, եթե իրենք այդքան չթերագնահատեին, եթե իրենք այդքան հույս չունենային, որ անհուսորեն փչացրել են բոլորին օրվա հացի տանջանքներով կամ գնել են այն բոլոր մտավորականներին, որոնց հնարավոր է գնել կամ ասենք կոմպրոմատ են հավաքել բոլոր նրանց վրա, ում վրա հնարավոր է հավաքել, երևի այդքան բան չլիներ: Կրկնեմ՝ սա պաթետիկ պայքար չէ, սա հասարակական քաղաքակիրթ պայքար է՝ լեցուն հումորով, լեցուն ուրախությամբ և լեցուն սիրով, մենք քրիստոնեական հասարակություն կառուցելու և հետևաբար արժեքների հասարակություն կառուցելու ճանապարհին ենք:
Սիրանույշ Պապյան