«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
– Տիկին Սեդրակյան, «Գազպրոմ»-ը ռուսական արտաքին քաղաքականության ճնշող ամենամեծ գործիքներից մեկն է եղել թե՛ Եվրամիության և թե՛ հետխորհրդային երկրների համար: Հայաստանում գազի գնի թանկացումը քաղաքական շատ գործիչների բնորոշմամբ՝ պատժիչ գործողություն է Հայաստանի դեմ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գնահատականին:
– Մեր ռուսամետ քաղաքական գործիչները շատ հետաքրքիր ու շատ նենգ հնարք են օգտագործում՝ ասելով, որ գազի գնի բարձրացումը Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության արդյունք է: Մինչդեռ, օրինակ, հեղինակավոր The Financial Times-ում հրապարակված հոդվածը փաստում է մի հետաքրքիր հանգամանք. Եվրամիության անդամ Լիտվան և Լատվիան նույնպես գտնվում են «Գազպրոմ»-ի պատժիչ գործունեության ոլորտում: «Գազպրոմ»-ի քաղաքականությունը, ինչպես որակել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, 30 տարի առաջվա իմպերիական քաղաքականության արդյունքն է, որտեղ տնտեսական լծակը դառնում է քաղաքական պատժամիջոց, ինչը շատ հազվադեպ է պատահում: Եվրոպայում տնտեսական լծակները դառնում են պատժամիջոց միայն հանրայնացումից հետո, երբ Եվրոպան կամ Ամերիկան որոշում են էմբարգո դնել այս կամ այն երկրի գործունեության վրա, որտեղ նա խախտում է միջազգային ժողովրդավարական նորմերը, իսկ «Գազպրոմը» ճիշտ հակառակը՝ էմբարգո է դնում այն երկրների վրա, որոնք ձգտում են ժողովրդավարացման և Ռուսաստանի իմպերիական քաղաքականությունից դուրս գալու:
Ինչպես գիտենք, Լիտվան Եվրամիության անդամ է, իսկ Հայաստանը փորձում է դուրս գալ ռուսական տնտեսական և քաղաքական ազդեցության գոտուց: «Գազպրոմ»-ի քաղաքականությունն ինքնին դատապարտված է տապալման երկու պարզ պատճառով. տնտեսական շուկայի օրենքներով յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի իր տնտեսական ոլորտն ավելի գրավիչ դարձնելու համար, ոչ թե այն ծառայեցնի իր քաղաքական նպատակների և դրանով տնտեսության տրամաբանությանը հակասող գործողություններ կատարելու համար, որովհետև ցանկացած տնտեսական ոլորտում մարդիկ փորձում են իջեցնել ապրանքի գինը, որպեսզի այդ ապրանքը դիմանա մրցակցությանը:
Երկրորդ՝ ինչքան էլ ռուսական մամուլը և ռուս քաղաքական գործիչները փորձեն ծաղրել shale (փխրուն քար) միներալներից այլընտրանքային էներգակիր ստանալը, պետք է հասկանալ, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպան կամաց-կամաց հրաժարվում են «Գազպրոմի» ծառայությունից: Անկախ Լիտվայի նախագահը հայտարարել է, որ իրենք շատ հետևողականորեն փնտրելու և գտնելու են այլընտրանքային էներգակիրներ և այլ այլընտրանքային ռեսուրսներ՝ Ռուսաստանից կախում չունենալու համար: Ինձ թվում է՝ սա հիանալի օրինակ է Հայաստանի համար և պատասխան բոլոր այն գործիչներին, ովքեր պնդում են, որ «խելոք» մնալու դեպքում մենք կվայելենք Ռուսաստանի բարեհաճությունը: Ինչպես գիտենք, Ռուսաստանը էներգակիրների անկման միտման հետ մեկտեղ տնտեսապես աղքատանում է և գոնե տնտեսական կայունության համար պահանջելու է քաղաքական բոնուսներ:
– Գազի գնի բարձրացումը և ռուսական ռազմաբազաների առկայությունը նույն հարթության մեջ դիտարկելը որքանո՞վ է նպատակահարմար:
– Եթե Ռուսաստանը կիրառում է տնտեսական լծակներ, ապա Հայաստանը՝ որպես փոքր և քաղաքականապես թույլ երկիր, պետք է, այնուամենայնիվ, հասկանա, որ յուրաքանչյուր թույլ գործընկեր ունի իր ուժային կետը, որով կարող է ճնշում գործադրել ավելի հզոր գործընկերոջ վրա: Եվ ես կարծում եմ, որ ռազմաբազաները հենց այդ կետն են, որով կարելի է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Էլ չեմ խոսում այն մասին, թե պարսկական գազի այլընտրանքն առաջ տանելով ինչպիսի հզոր անկախության նախաձեռնություն կլինի և տնտեսական սուվերենություն ձեռք բերելու ինչպիսի լայն հնարավորություն կունենա Հայաստանը:
– Տեսակետ կա, որ եթե Հայաստանը չի մտնում Եվրասիական միություն և չի միանում Մաքսային միությանը, չի կարող համարվել Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը:
– Մի հետաքրքիր հանգամանք նշենք. Մաքսային միություն մտնելու դեպքում մենք կարող ենք ունենալ եղբայրական Վրաստանի կողմից այլընտրանքային վիզային ռեժիմի ներմուծում, որի պարագայում մենք կունենանք իսկապես լուրջ խնդիրներ, որովհետև Վրաստանը մեր ամենաբարեկամական երկիրն է, որն ապահովում է ամենահեշտ ելքը արտաքին աշխարհ, և այն կորցնելուց հետո Հայաստանը իսկապես կվերածվի ռուսական անկլավի:
Սիրանույշ Պապյան