Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պարոն Քոքոբելյան, արդեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հստակ ժամկետ է նշվում՝ հոկտեմբերի 10-ը: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար:
Ցավալի է, որ արդեն լուրեր են տարածվում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի զարգացման ուղղվածության ճակատագրի հետ կապված որոշում պետք է կայացվի առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցության: Թե նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի, թե հիմա սպասվելիք որոշմանը մեր հասարակության լայն շերտերը մասնակցություն չեն ունեցել:
Պետք է դիտարկում արվի, որ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին ու այս տարվա հոկտեմբերի 10-ին աշխարհաքաղաքական էապես տարբեր իրավիճակում ենք մենք գտնվում: Այս մեկ տարվա ընթացքում արագ փոփոխվող աշխարհում ուկրաինական դեպքերի և ընդհանրապես աշխարհքաղաքական զարգացումների ֆոնի վրա ակնհայտ մի իրողության հետ մենք գործ ունենք՝ ռուսական տնտեսությունը պատժամիջոցների պատճառով ապագա չունի: Հայաստանը կանգնել է փաստի առաջ, որ պետք է ինտեգրվի մի այնպիսի տնտեսության, որն ապագա ու հեռանկար չունի և Հայաստանի տնտեսության համար կնվազեցնի օտարերկրյա նոր ներդրումների հնարավորությունները: Եթե նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո որոշ անձինք, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, Մաքսային միության կողմնակիցները թերևս կարողանում էին լղոզված պատասխաններ տալ այս հարցի հետ կապված, նաև ընդգծում, որ դա կուժեղացնի մեր անվտանգության բաղադրիչը, ապա այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող աշխարհքաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ այս միություն մտնելով՝ մենք մեր ռազմական և անվտանգության բաղադրիչը բացարձակ չենք մեծացնում:
Դրա վառ ապացույցն այն է, որ Ռուսաստանը մինչ օրս շարունակում է զինել ադրբեջանական բանակը և այդ գործարքը որակել որպես բիզնես ծրագիր, այն դեպքում, որ 1997 թվականի հայ-ռուսական բարեկամական պայմանագրի երրորդ կետում հստակ նշված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պարտավոր են օժանդակել խաղաղության կայացմանը և երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգությանը միտված գործընթացին: Պարզ է, որ զենք վաճառելը հակառակ գործընթացն է, այն էլ, երբ հարձակվողական տիպի սպառազինություն է վաճառվում: Այս առումով այսօր էլ ավելի վտանգավոր է դառնում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը: Եթե մենք նույնիսկ բաց ենք թողել տնտեսական այն մեծ հնարավորությունները, որը մեզ կտար Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, միևնույն է դեռևս ուշ չէ, որպեսզի մենք մեր մեջ քաղաքական կամք դրսևորենք, ինչու չէ, բացատրենք ռուսներին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չպետք է լինի միայն պուտինյան իշխանության քաղաքական կապրիզի հետևանք, որովհետև դա ՀՀ շահերից չի բխում: Կարծում եմ, որ մեր իշխանությունները պարտավոր են օր առաջ դա անել:
Շատերը փորձեցին ոչ հիմնավոր և ոչ օբյեկտիվ արժեզրկել եվրոպական ուղղվածության հետ կապված զարգացման հեռանկարները: Բայց միաժամանակ իրենց չհաջողվեց ցույց տալ, թե ինչ հեռանկարներ է բացելու Եվրասիական տնտեսական միությունը: Ռուսական տնտեսության այս լճացման ու թուլացման պայմաններում, ինչի մասին նույնիսկ իրենց ֆինանսների նախարարն ու մյուս պաշտոնյաներն են փաստում, մենք իրավունք չունենք Հայաստանը տանելու դեպի այդ որակի միություն: Մեր ընդդիմախոսները շատ ժամանակ փորձում են զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի և Հայաստանի միջև, որ Հայաստանին կարող էր սպասվել նույն ճակատագիրը, ինչ Ուկրաինային, եթե Հայաստանը հրաժարվեր այդ միությունից: Դա բացարձակ անհիմն մոտեցում է: Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները և աշխարհքաղաքական բախումների կիզակետում գտնվելը ավելի մեծ շահերի բախման արդյունք է՝ Եվրոպա-Արևմուտք-Ռուսաստան, ինչը Հայաստանի դեպքում այդպես չէր: Հայաստանում բոլոր քաղաքական հասուն գործիչները պատկերացնում են այդ պատասխանատվությունը, որ Հայաստանը պետք է կարողանային հեռու պահել նման անիմաստ բախումներից, որովհետև մենք այդ ռեսուրսը չունենք, որպեզի բախումներ լինեին, որը կարող էր երկրի թուլացման պատճառ հանդիսանալ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կաևրորագույն հիմնախնդիրը:
Կարծում եմ, որ բոլորս համոզվեցինք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը դա զարգացող Հայաստանը պետք է լինի, և եղավ Հայաստանի մարտունակ բանակը: Բոլորը տեսան, որ անգամ այսքան բզկտված վիճակով Հայաստանի և ԼՂՀ քաղաքացիները բոլորը միահամուռ ի վիճակի եղան լիարժեք ու ադեկվատ պատասխան տալ Ադրբեջանի կողմից կատարվող սադրիչ քայլերին: Կարծում եմ, դա հերթական շարքային փորձ չէր, դա յուրովի ստուգատես էր, և աշխարհն առիթ ունեցավ համոզվելու, որ Հայաստանն ի զորու է Լեռնային Ղարաբաղի հետ միասին իր անվտանգության երաշխավորը լինելու: Երբևիցե ոչ Ռուսաստանը, ոչ մեկ այլ գերտերություն չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը:
Թեև Հայաստանի կառավարության անդամները խուսափում են խոսել այն մասին, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, արդեն իսկ այդ ազդեցությունը նկատվում է: Ձեր կարծիքով՝ առաջիկայում ի՞նչ խնդիրներ են սպասվում Հայաստանի տնտեսությանը:
Ակնհայտ է, թե ինչ խնդիրներ ենք մենք ունենալու: Նախ մի նոր խնդիր է առաջանում, որի մասին չեն ուզում խոսել, սթափ տնետեսագետներն արդեն այդ մասին խոսում են: Երբ որ Ռուսաստանն այդ պատժամիջոցներով պայմանավորված՝ շրջափակման մեծ խնդիր կունենա, կարող է Հայաստանից առաջին անհրաժեշտության մթերքի արտահանման հետ կապված մեծ կլանում տեղի ունենալ, որովհետև ռուսական շուկայի համար մենք շատ փոքր են: Այդ պայմաններում Հայաստանում տեղի կունենա սոսկալի գնաճ: Մենք հիշում ենք ոչխարի մսի հետ կապված պատմությունը, երբ որ արտահանումն ավելացավ, Հայաստանում գառան մսի դեֆիցիտ կար: Հայաստանի պարենային ծրագիրը, որն այսօր նորմալ չի իրականացվում, այդ պայմաններում կարող է վերածվել ազգային անվտանգության խնդրի: Եթե մենք ինքներս գտնվում ենք շրջափակման մեջ, իսկ այդ ապրանքատեսակները մեծ արագությամբ շարժվելու են դեպի Ռուսաստան, Հայաստանում բառի բուն իմաստով կառաջանա անվտանգության խնդիր: Այս խնդրին այսքան քամահրանքով վարվել ու խորը վելուծություններ չանելը ճիշտ չէ: Իշխանությունները պարտավոր էին օր առաջ ունենալ վերլուծություն, թե դա ինչ հետևանքներ կարող է թողնել տնտեսության վրա: Անշուշտ, տեղի է ունենալու գնաճ, թե նախկին, թե ներկա կառավարության անդամները մինչ այս պահը չեն ժխտել, որ գնաճ կլինի: Բայց մինչև այս պահը հանրությանը հստակ չի ներկայացվել, թե որ ապրանքնատեսակների դեպքում ինչքան գնաճ է սպասվում մեզ: Մեր տնտեսությունը օտարերկրյա նոր ներդրումների անհրաժեշտություն ունի: Դառնալով ռուսական տնտեսության կցորդը՝ մենք օտարերկրյա ներդրումների համար այլևս գրավիչ տնտեսություն չենք լինում, որովհետև օտար ներդրողն անհասկանալի շուկայի հետ է գործ ունենալու:
Կա այլ կարևոր խնդիր, ես զարմանում եմ, որ մասնագետներն այդ մասին լռում են: Բոլորը գիտեն, որ տնտեսության զարգացման ամենակարևոր պայմանը հարկերի և մաքսատուրքերի դրույքաչափերի կսրգավորման գործիքն է: Այսինքն՝ եթե մենք, օրինակ, ուզում ենք զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը, ապա համապաստախան գործիքներով մենք խթանում ենք այդ ուղղության զարգացումը: Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով, լինելով միևնույն տնտեսական դաշտում միևնույն մաքսատուրքերի և դրույքաչափերի ուղղակի հրամայականի տակ, մենք մեզ զրկում ենք այն կարևոր հնարավորությունից, որ կառավարությունը պետք է այդ գործիքներն օգտագործելով՝ մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս կամ այն ճյուղին զարգացման հնարավորություն տա: Ռուսական տնտեսությունը բացառապես նստած է հումքային բազայի վրա: Մեզ համար ակնհայտ է, որ եթե նույն նավթային ռեսուրսների առումով Ղազախստանը և Ռուսաստանն ընդհանուր կարգավորման խաղի կանոններ ունեն, ապա Հայաստանն այդտեղ անելիք չունի: Եվ ընդհանրապես տնտեսական միություններն ստեղծվում են միևնույն տիպի արդյունաբերություն ունեցող տնտեսությունների շահերի ընդհանրությունը համակարգելու համար: Դա Ռուսաստանի և Ղազախստանի դեպքում հասկանալի է, բայց Հայաստանի դեպքում բացարձակ անհեթեթ է:
Կառավարության անդամներն այս փուլում խոսում են դեպքի Ռուսաստան արտահանման ծավալի ավելացման մասին՝ նշելով, որ դա ենթադրում է, որ տեղում արտադրանքի ծավալն էլ պետք է ավելացվի: Մեր տնտեսությունն ունի՞ այդ ներուժը, կարո՞ղ է հայկական արտադրանքը մեծ տեղ զբաղեցնել ռուսական շուկայում:
Մինչև այս պահը ես չեմ տեսել որևէ ռեալ քայլ, որն արել է կառավարությունն այդ ուղղությամբ: Առավել ևս ես դեռ չեմ տեսել մի ծրագիր, որն իրենք ներկայացրել են և որը կբերի այդ խնդիրների լուծմանը: Այսօր իրենք շատ են խոսում, որ մենք կարող ենք ռուսական շուկան օգտագործել, բայց ես այդ լավատեսությունը չեմ կիսում: Երբ որ վրացական գինու վրա Ռուսաստանի կողմից արգելք դրվեց, Ռուսաստանի շուկայում մեր գինիները 2 տոկոսից ավելի աճ չկարողացան ունենալ: Եթե որոշ ապրանքատեսակներ ձեռնտու էին և եկամտաբեր էին ռուսական շուկայում իրացնելու դեպքում, ապա ռուսական շուկայում ռուբլու արժեզրկման դեպքում դա չի լինի, արտահանման գրավչություն չի լինի: Եվ վերջապես աշխարհը հիմա գնում է բաց տնտեսությունների, ոչ թե փակ: Կամովին գնալ փակ տնտեսության, դա առնվազն անմտություն է:
Ղազախստանի նախագահի՝ վերջերս հնչեցրած մտահոգությունն արդյո՞ք հերթական անգամ փաստում է, որ Ռուսասանը Ղազախստանին էլ է հարկադրել միանալ այդ միությանը:
Ակնհայտ է, որ Նազարբաևի պես փորձառու քաղաքական գործիչը հենց այնպես այդ հայտարարությունը չէր անի: Երբեմն կես կատակ-կես լուրջ լսում ենք, նաև մամուլում տեսնում ենք, որ ապավինում ենք Նազարբաևի բանականությանը, որ եթե Նազարբաևը թույլ չտա, դա չի վերածվի քաղաքական միության կամ ինքնիշխանության կորստի: Մենք ոչ թե պետք է հույսներս դնենք, թե ինչպիսի պայմաններ կամ խաղի կանոններ կարող է կիրառել Նազարբաևը, այլ պետք է խուսափենք ինտեգրվել մի այնպիսի կառույցի, որը հղի է նման վտանգներով:
Ռոզա Հովհաննիսյան
Lragir.am