ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դադարեցնելու ԱԺ-ի հայտարարության նախագծի համար խորհրդարանում գլխադասային հանձնաժողով է նշանակվել, որը պետք է 30 օրվա ընթացքում եզարակացություն տա: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը՝ նշելով, որ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում հայտարարության նախագիծը տեղ չի գտնի:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանից տեղեկացանք, որ մասնավոր խոսակցություներում եղել են պատգամավորներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Խաչատուր Քոքոբելյանի նախաձեռնությանը՝ կարեւորելով այն: «ԱԺ-ում քննարկումների ընթացքում հստակ կլինի թե ովքեր են աջակցում եւ կողմ այս նախագծին»,- նշեց Խաչատրյանը:
Հարցին՝ ՀՀ իշխանություների դիրքորոշմանը ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ բացասական է, արդյո՞ք արդեն իսկ կանխորոշված չի այս նախաձեռնության ճակատագիրը, Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «Եթե մենք առաջնորդվենք կանխատեսումների կամ կանխորոշման նախնական վարկածներով, ուրեմն ոչ մի գործընթաց չենք կարող սկսել, ոչ մի գործ չենք կարող անել: Ցանկացած նախագիծ, որն արվում է սկզբունքներով եւ ելնելով նախատեսված ընթացակարգից՝ ունի ընթացակարգ, որը պետք է քննարկվի եւ որեւէ կանխատեսումներ չենք անում մինչեւ քննարկումների չլինելը»:
Անժելա Խաչատրյանը նշելով, որ բոլորն էլ գիտեն իշխանությունների մոտեցումներն այս հարցում՝ նկատում է, որ ԵԱՏՄ-ն իրականում Հայաստանին ոչինչ չտվող կառույց է, ու նաեւ մեր պետական շահին է դեմ գնում: «Երեւանում նախատեսված վարչապետերի նիստի հետաձգումը վերաբերմունք էր եւ նշանակում է, որ մեր պետական շահը ոտնահարվեց եւ ստորադասվեց ադրբեջանական պետական շահին, եւ այս ամենը հաշվի առնելով մենք գնացել ենք այս գործընթացին: Սա շատ սկզբունքային գործընթաց է մեր կուսակցության համար եւ գնալու ենք մինչեւ վերջ, հաջորդելու են տարբեր քայլեր»,- եզարափակեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակը: