Թեպետ տարվա քաղաքական կարեւոր իրադարձության՝ Ընտրական օրենսգրքի մշակման հարցը ՀՀԿ-ն եւ նրա քույր կուսակցությունները գաղտնի են պահում, ներքաղաքական դաշտում տոները դեռ չավարտված՝ աժիոտաժն սկսվել է: Քաղաքական որոշ ուժեր շտապեցին անմասն չմնալ գործընթացից եւ հրապարակեցին առաջարկությունների իրենց փաթեթը: Առաջարկություններ են ներկայացրել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը: Խորհրդարանական խմբակցություններից Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանն» էլ, ինչպես նաեւ ՀՀԿ-ն, դեռ տարեվերջին են հանդիպումներ ունեցել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ, որոնց վստահված է նաեւ ԸՕ նոր նախագծի մշակումը։ Ավելին՝ մենք տեղեկություններ ունենք, որ երեք ուժերն արդեն որոշակի հարցերում համաձայնության են եկել, մասնավորապես կայուն մեծամասնություն ապահովելու, ռեյտինգային քվեարկության եւ այլնի վերաբերյալ: Կուսակցությունների մեծ մասն սպասում է, մինչեւ, համապատասխան ընթացակարգերին համաձայն, նախագծի նախնական տարբերակը կուղարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը: Այդ ժամանակ էլ նրանք հանդես կգան իրենց առաջարկներով, դիտողություններով ու առարկություններով: Չի բացառվում նաեւ, որ լսումներ կազմակերպվեն:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կմասնակցի ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումներին: Հրապարակի հետ զրույցում կուսակցության մամլո խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը նշեց, որ իրենք կարևոր են համարում այդ քննարկումները, նաև անհրաժեշտ են համարում, որ իրապես բովանդակային և հրապարակային քննարկումներ ընթանան:
«Սահմանադրական փոփոխություններից հետո շատ կարեւոր դրույթների հիմնական ձեւակերպումներն ու կարգավորումները թողնված են Ընտրական օրենսգրքին, այդ իսկ պատճառով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կարեւորում Է ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումները։ Եվ մեզ համար չափազանց կարեւոր է, որ բովանդակային, հրապարակային քննարկումներ լինեն, եւ կարողանանք իրապես փոփոխություններ կատարել։ Մենք մասնակցելու ենք այդ քննարկումներին, քանզի դեռեւս սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ մեր առաջարկը հնչեցրել ենք պատգամավոր ընտրվելու համար անհրաժեշտ մշտական բնակության ցենզի վերաբերյալ։ Փոփոխված Սահմանադրությունը նախատեսում է 4 տարվա մշտական բնակության պահանջ պատգամավոր ընտրվելու համար, մեր առաջարկն է, որ այդ սահմանափակումը չտարածվի արտասահմանյան առաջատար բուհերում ուսում ստացած անձանց վրա»,- կուսակցության տեսակետը փոխանցեց Անժելա Խաչատրյանը։
Նյութի աղբյուրը ` hraparak.am