Հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ զրուցել ենք Ուկրաինայում ծավալվող իրադարձություններից :
Անուշ, Ուկրաինայում եվրահեղափոխության վերաբերյալ Ձեր ֆեյսբուքյան գրառումներում ոգևորություն եք հայտնում: Այն, ըստ Ձեզ, ի՞նչ ելք կունենա:
Ես արտաքին տպավորություններով չէ, որ դատում եմ Եվրամայդանի մասին, այլ անմիջական կապ ունեմ հենց այնտեղ կանգնածների և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Վերջին լուրս եմ ուզում կիսել Եվրամայդանից. երբ կոչ արվեց մարդկանց գան և պաշտպանեն մայդանը, մարդիկ, իմանալով, որ այնտեղ զորքերը կատարում են ճնշման գործողություններ, որ վտանգավոր է այնտեղ գտնվելը կյանքի և առողջության համար, երիտասարդներ, զույգեր, ծերեր, միահամուռ մերկասառյուցի վրա վազելով, եկան դեպի մայդան: Սա այն ապացույցն է, որ որքան էլ ռուսական և նրան հարող հայկական հատուկենտ պրոպագանդիստներ պնդեն, որ մայդանն ինչ-որ տեղից ֆինանսավորվում է կամ ինչ-որ տեղից այդ գործողությունները թելադրվում են, ակնհայտ է, որ որևէ վերին կառույց ի զորու չէ շարքային քաղաքացուն թելադրել սեփական կյանքի անվտանգությունը՝ գնալ դեպի Եվրամայդան՝ պաշտպանելու անկախության և ազատության իրավունքը: Եվ սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ ոչ թե բախվում են Ռուսաստանն ու Ուկրաինան, ոչ թե բախվում են եվրոպական և արևելյան մտածողությունները, այլ այստեղ ավելի լուրջ քաղաքակրթական պայքար կա՝ բախվում են հին և նոր դարաշրջանները, բախվում են մի կողմից այն մարդիկ, որոնք սովոր են, որ իրենց թելադրեն և որոնք ողջունում են թելադրված և ստրկացած լինելու միտումը, և մյուս կողմից այն մարդիկ, որոնք այլևս չեն ուզում, որ որևէ մեկն իրենց որոշում պարտադրի, այլ ուզում են որոշում կայացնել իրենք: Այսպիսով, սա ազատ և անազատ մարդկանց բախումն է, և ինչպիսին էլ լինի Եվրամայդանի ելքը, այն ավարտվելու է ազատ մարդկանց հաղթանակով, քանի որ անազատ իմպերիաները փորձում են գործարկել այնպիսի զենքեր, որոնք 21-րդ դարում այլևս կիրառելի չեն: Առաջին՝ երբ նրանք փորձում են խեղաթյուրել պրոպագանդան, փորձում են ներկայացնել լուրերով, որ մայդանում հավաքված է 200 մարդ, կամ 300 սադրիչ, միանգամից ամբողջ համացանցը և հարակից կայքերը լցվում են իրական տեղեկատվությամբ, և մարդիկ կարողանում են իմանալ ճշմարտությունը: Պուտինին թվում է՝ փակելով ինֆորմացիոն Ռիա Նովոստին և բացելով նոր ղեկավարվող, վերահսկվող ինֆորմացիոն համակարգ, ճշմարտության խեղաթյուրումը կարող է ներկայացնել իբրև ազգային գաղափար: Սա հերթական զենքն է հին արխիվներից, որովհետև ազգային գաղափարը չի կարող լինել ուրիշի զավթումը: Ազգային գաղափարն ուղղված է սեփական քաղաքացու, սեփական պետության ծաղկմանը: Իսկ 21-րդ դարում դա չի կարող կատարվել ուրիշի հաշվին: Բախվում են մնացորդային և նոր մտածողությունները, նորը միշտ հաղթում է, քանի որ այն նոր է:
Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի հանրության վրա:
Հայերը գերագնահատել են գործողությունները և միշտ թերագնահատել են գաղափարները, որովհետև շատ հաճախ մենք գոռում-գոչում ենք՝ գործով ապացուցեք, բայց շատ հաճախ չենք հասկանում, որ գաղափարը չի հասել կատարելության, լիակատար գիտակցման, դրա համար այդ գաղափարին հետևող գործողությունն ինչ-որ առումով չի հաջողում: Տեսեք, մայդանում եղավ յուրօրինակ մարտի մեկ, զոհերով, դատապարտյալներով, բայց մարդիկ ունեին զարգացման և գործողությունների պլան, մարդիկ չունեն իշխանական և ընդդիմադիր առաջնորդների հանդեպ ստորաքարշ հիացմունք, և նրանց խոսքերն իբրև հրահանգ ընդունելու միտում: Նրանք քաղաքական և հեղափոխական պրագմատիզմով կատարում են, ամրագրում իրենց ճանապարհային քարտեզը: Երեկ ուկրաինական կայքերից մեկում ընթերցեցի, որ ընդդիմությունը պլանավորել է շաբաթ և կիրակի օրվա ակցիաների հաջորդականությունը: Այսինքն՝ ակնհայտ է, որ կա գրաֆիկ, և այդ գրաֆիկը քաղաքական հաջողության առաջին գրավականն է: Էմոցիան այս պարագայում որոշիչ է, այն միավորում է, բայց էմոցիան ոչ թե պետք է ուղղորդել կամ զսպել, այլ այն արդար պետք է բաշխել ճիշտ գործողությունների մեջ: Հենց դա է ընդդիմադիր լիդերների գործառույթը, որը Հայաստանում այդ հուժկու ալիքի ժամանակ (իսկ մայդանից պակաս չէր այդ ալիքը) չկատարվեց, որովհետև չկար ճանապարհային քարտեզ, իսկ Ուկրաինայում այս պահին կատարվում է: Երևի իրենք սովորել են մեր սխալներից, իսկ մենք պետք է սովորենք իրենց հաղթանակներից: Համաշխարհային ինֆորմացիայի փոխանակումը, որ օր օրի դառնում է ավելի արժեքավոր և ավելի կարևոր, կբերի նրան, որ մարդիկ ավելի կհստակեցնեն իրենց համար գերագույն արժեքները, և այդ գերագույն արժեքներից մեկը ակներևաբար ազատությունն ու անկախությունն է թե անձի և թե պետության համար:
Այսինքն՝ ուշ թե շուտ կլինի՞ այդ գիտակցումը:
Միանշանակ կգա և գիտակցումը, և անկախության ընդունումը, և անկախության ճանաչումը, և քաղաքացիների մոտ կգա այն գիտակցումը, որ լավագույն անվտանգությունն անկախությունն է, որովհետև ոչ մեկը չի կարող քեզ տանել և դնել զոհասեղանին, ինչպես շատ հաճախ եղել է հայոց պատմության ընթացքում, ուղղակի ես վախենում եմ, որ Հայաստանը կարող է կորցնել պատմական հնարավորությունների մի ամբողջ տեսականի:
Ուկրաինան ավելի եվրոպամետ է, հաջողությունը գուցե դրա՞ մեջ է:
Հաջողությունը նրա մեջ է, որ Ուկրաինան կարողանում է իր հարևան-մտերիմի, եղբայր դաշնակցի, որի դերում փորձում է հանդես գալ Ռուսաստանը, հնարավորությունները և անցած քաղաքականությունը գնահատել: Մի բան, որ Հայաստանում չի կատարվում. մենք գնահատական չենք տալիս երբևէ մեր պատմական որևէ պարտության, մենք մեր պատմական պարտությունները վերագրում ենք իբրև բարոյական հաղթանակներ, մինչդեռ իրականում պետք է որակել իբրև պատմական պարտություն, փնտրել դրա պատճառները և այնպես անել, որ դա այլևս չկրկնվի: Մենք գերադասում ենք ֆորմալ բարոյական հաղթանակ ունենալ, քան իրական ապագա հաղթանակ: Ուկրաինան եվրոպամետ չէր, որովհետև այն ժամանակ, երբ Ուկրաինան իր գաղափարախոսությունն էր ձևավորում, այն ժամանակ Եվրոպան այդպիսի ուժեղ բևեռացված դիրք չուներ, պարզապես Ուկրաինան միշտ գիտակցել է անկախության արժեքը: Դրանք տարբեր բաներ են, և հիմա երբ իրենք տեսնում են անկախության լավագույն զարգացումը եվրոպական վեկտորի մեջ է, նրանք հետևում են այդ վեկտորին: Ի դեպ, ռուս մտավորականներից մեկը հրաշալի գրել է. «Շատ հետաքրքիր է, եթե դու սիրում ես Ռուսաստանը, նշանակում է հայրենասեր ես, եթե Ուկրաինան՝ ուրեմն այլանդակ ազգայնական ես»: Եվ ո՞րն է այստեղ տրամաբանությունը. Պիտակների, դեստրուկտիվ ինֆորմացիայի և պատժամիջոցների ձևով չես կարող կերտել համագործակցություն, համագործակցությունը կերտվում է այն ժամանակ, երբ դիմացինին ընդունում ես իր բոլոր տարբերություններով հանդերձ, սա հենց այն այլընտրանքն է, որը առաջարկում է Եվրոպան, և Ուկրաինան բնականաբար գնում է Եվրոպայի հետևից:
Ամենակարևորն այն է, որ Ուկրաինայի ներքին զորքերի մեծ մասը չի ուզում լինել պատժիչ մեքենա: Ուկրաինացիներից մեկը մեջբերում է կատարել իր զարմիկի ընտանեկան խոսակցությունից: Զարմիկը ոստիկան է, որը գնում է Եվրամայդան ճնշելու ակցիան, իսկ կինը պատասխանում է՝ ես էլ եմ գնում Եվրամայդան և լինելու եմ բարիկադների մյուս կողմում: Սա այն պարագան է, երբ անձնականը, ավանդականը, ընտանեկանը զիջում է քաղաքացիականին և հայրենասիրականին, և սա քայլ է դեպի պետության զարգացում և հզորացում: Ինչով էլ որ ավարտվի Եվրամայդանը, նրանք արդեն ունեն անկախ ոստիկանություն, քաղաքացիական ստանդարտներով և նորմերով շարժվող հասարակություն, իսկ դա անպայման արդյունք է տալու:
Սիրանույշ Պապյան