Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցազրույցը «Հայոց աշխարհ» օրաթերթին:
-Այսօր ոչ հայ քաղաքագետներն արդեն իսկ հաշվարկում են Թուրքիայի քաղաքական կորուստները: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Թուրքիան, որն անհանդուրժողականությունը դարձրել է իր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը, ակնհայտորեն ինքնամեկուսացման է գնում: Թուրքական կողմի բոլոր գործողությունները, նրա նախագահի ու մյուս չինովնիկների հայտարարությունները աշխարհին հստակ ցույց տվեցին իրենց կողմնակալ լինելը, ցույց տվեցին, որ իրենք դեմ են գնում ընդհանուր համերաշխությանը:Թուրքիան իր գռեհիկ հակաքարոզչությամբ նպաստեց, որ քաղաքակիրթ աշխարհի համար առավել ընկալելի դառնա թուրքական ոչ օբյեկտիվությունը:
-Իսկ մենք հասկացա՞նք, որ գործընթացն այլեւս նոր փուլ է մտնում, եւ դա հատուցումն է:
-Այստեղ մի կարեւոր հանգամանք կա: Մենք դեռ գործ ունենք անելու Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման դաշտում եւ առաջին հերթին ՄԱԿ-ում: Հատուցմանը հետամուտ լինելուն դեմ չլինելով՝ համարում եմ, որ եթե այս փուլում պահանջատիրությունը դնենք պետական քաղաքականության հիմքում, այն կարող է խոչընդոտել Ցեղասպանության՝ որպես իրավական փաստի ընդունմանը թե՛ ՄԱԿ-ում, թե՛ նաեւ Թուրքիայի կողմից: Իսկ Թուրքիան երկու խնդիր ունի, առաջին՝ նախ չի կարողանում հաղթահարել հոգեբանական արգելքն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երկրորդ՝ վախենում է հետեւանքներից: Իհարկե, չեմ ասում, որ պետք է հարմարվենք, հետեւենք Թուրքիայի քաղաքականությանը, բայց նաեւ կարեւորում եմ Թուրքիայի կողմից ճանաչումը:
-Ճանաչեցին, ասացին ներողություն, ու վե՞րջ:
-Բնակաբանար` ոչ: Ճանաչումը հիմք կհանդիսանա, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, որը Թուրքիայի վարած քաղաքականության հետեւանքով բնաջնջվեց, իսկ մի մասը տեղահանվեց մեր պատմական հայրենիքից, վերականգնի իր սեփականության իրավունքը: Խոսքս նաեւ եկեղեցապատկան հողերը սեփականության իրավունքով հետ ստանալու մասին է: Այսինքն՝ հնարավորություն կստանանք տեր կանգնելու մեր պատմական ժառանգությանը: Երկրորդ՝ իրավական ճանաչումը թե՛ ՄԱԿ-ի, թե՛ մասնավորաբար Թուրքիայի կողմից կլինի կարեւոր բաղադրիչ մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության համար: Այս մասին կարծես թե քիչ է խոսվում: Երբեք չեմ մերժել հատուցման գաղափարը, սակայն խոսքս վերաբերում է զուտ ստրատեգիային:
Արմինե Սիմոնյան
«Հայոց աշխարհ»