Հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վստահ է, որ Հայաստանը Մաքսային միության անդամ չի դառնալու, քանի որ Մաքսային միությունը չի կայանալու: Այն, ըստ նրա, կլինի ԱՊՀ ձևաչափով, իհարկե՝ եթե մինչև այդ Ռուսաստանը կարողանա տնտեսապես դիմակայել իր չունեցած տեխնոլոգիաներով:
Շրջանառվող այն տեսակետը, որ հնարավոր է ՄՄ անդամակցության հարցը դրվի հանրաքվեի, Անուշ Սեդրակյանը բացառեց, քանի որ երկրի նախագահը բացահայտ իր որոշումը հրապարակել է, իսկ դրանից հետո հանրաքվեի անցկացումը հերթական ընտրությունների կրկնություն կլինի, որն այդ կարծիքը կհաստատի:
Հայաստանի զարգացումը, Անուշ Սեդրակյանի կարծիքով, ոչ թե տասը տարով հետ գնաց, այլ՝ հիսուն տարով, որովհետև եվրոպական արժեքը (եթե մի կողմ դնենք բոլոր բարոյական եվրոպական ստանդարտները և խոսենք տնտեսական լեզվով) ինովացիան է, առաջընթացը, եվրոպական արժեքը տեխնիկական վերազինումն է, զուտ տնտեսական առումով՝ միասնական տնտեսական սանդարտը, առողջապահական ստանդարտը, այն ամենը, ինչ զարգացնում է երկիրը և ինչ կարևոր է երկրում արտագաղթը կանխելու համար:
«Հիմա ես ուզում եմ իմանալ՝ ո՞րն է Մաքսային միության արժեքը, եթե Մաքսային միության բոլոր երկրներն անխտիր զիջում են և՛ տեխնոլոգիայով, և՛ առաջընթացի մակարդակով, և՛ մնացած բոլոր վերոհիշյալ պարամետրերով։ Արդյունքում մենք հետ ենք շպրտվում դեպի այն ստանդարտները, որոնք, ինձ թվում է, Հայաստանի չունեցած տնտեսության ստանդարտներից ավելի ցածր են»,- հավելեց Անուշ Սեդրակյանը:
Խոսելով այն մասին, թե ինչ ձևաչափով կշարունակի Եվրոպան համագործակցությունը Հայաստանի հետ, Անուշ Սեդրակյանը նշեց, որ շատ ավելի նվազ, քան հիմա։ Ըստ նրա՝ պատվիրակություններ կգան-կգնան, որոնց ելումուտը հազիվ թե առանձնապես փոփոխություն մտցի Հայաստանի կյանքում, իսկ մեզ հենց պետք էր ներքին ժողովրդավարություն, ներքին վերազինում, ներքին առաջընթաց, մինչդեռ հիմա այս ներքին ձևաչափերը չեն ստանում կողմնորոշում՝ դեպի ուր մենք կարող ենք շարժվել:
Ըստ նրա՝ կշարունակվի կապը Եվրոպայի հետ, բայց դա չի ունենա այն վճռորոշ դերը, ինչ կարող էր ունենալ Ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում:
Այն կարծիքը, թե կորցնում ենք Երրորդ հանրապետությունը, Անուշ Սեդրակյանը չափազանցություն չի համարում. «Եթե պատմության սխալները մեզ ոչինչ չեն սովորեցրել, եթե դեռ կան մարդիկ, ովքեր կրկնում են, որ մեր անվտանգությունն ավելի է կարևոր, քան մեր պետականությունը՝ մոռանալով, որ չկա ավելի հզոր անվտանգություն, քան կայացած պետականությունն է, ապա այդ դեպքում կարող ենք բախվել նման տխուր փաստի»։