Մենք դեմ չենք կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, քանի որ մենք էլ ենք գիտակցում կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը և այն առավելությունները, որ կարող է բերել ճիշտ հաշվարկված և հետևողականորեն իրականացված այս համակարգը: Բայց ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ:Տվյալ պարագայում Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ:
Բոլորիս քաջ հայտնի է, թե ովքեր են առաջինը այս օրենքի բեռը իրենց ուսերի վրա վերցնելու: Նրանք, հիմնականում, այն քաղաքացիներն են, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն, ստանում են արժանավայել թափանցիկ աշխատավարձ և պատշաճ կերպով վճարում բոլոր հարկերը: Այսինքն Հայաստանի իշխանությունները շարունակում են հարվածել միջին խավին`դրանով իսկ նպաստելով Հայաստանից առանց այդ էլ աճող տեմպերով արտագաղթին։
Միջին խավի դերը և նշանակությունը ցանկացած երկրի տնտեսության մեջ դժվար է գերագնահատել: Այս խավն է ապրանքների և ծառայությունների այն հիմնական սպառողը, որի շնորհիվ գործող բիզնեսները, մասնավորապես մեր երկրում, դեռ շարունակում են գործել: Միջին խավը այսօր Հայաստանում այն կարգավիճակում չէ, ինչպիսին նա պետք է լինի։ Իրականում, միջին խավը պետք է կարողանա ոչ միայն գոյատևել և վաստակել օրվա հացի փող իր և իր ընտանիքի համար, այլ նաև պետք է կարողանա վարկով բնակարան գնել, մեքենա, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ անցկացնել իր արձակուրդը տանից դուրս: Բայց մեր Կառավարությունը սերմանում և արմատավորում է աղքատի մտածելակերպը մեր երկրում՝ օրվա հացից ավելին արդեն շռայլություն է համարվում։
Եվ այս ամենը , բնականաբար,նպաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթին և մեր երկրի ընդհանուր բնակչության նվազմանը:
Հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, մենք պետք է արտահայտենք մեր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվենք քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարում:
Ազատ Դեմոկրատներ կուսակցության երիտասարդական միության ներկայացուցիչ, Երիտասարդական Խորհրդարանի անդամ Հռիփսմիե Բոչոլյանի ելույթը ԵԽ-ում
14.03.2014
Տեսանյութ` ՀՀ իշխանությունները շարունակում են հարվածել միջին խավին