Հարցազրույց Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ
-Դեռ մեկ տարի առաջ, երբ միայն խոսվում էր Մաքսային Միության և դրան Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին, Դուք դեմ եք արտահայտվել: Այսօր, երբ այն արդեն իրողություն է, ինչպե՞ս եք պատկերացնում այդ անդամակցությունը:
-Մեր կուսակցության դիրքորոշումն այսօր էլ անփոփոխ է: ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարում ենք հակասահմանադրական, քանի որ այն վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը:
-Սակայն ցանկացած ինտեգրում ինքնին իր մեջ ինչ-որ չափով վտանգ է պարունակում:
– Ընդհանուր առմամբ մենք կողմ ենք ցանկացած տեսակի ինտեգրման, որը չի վնասում ՀՀ-ի ինքնիշխանությանը, որից ՀՀ-ի քաղաքացին շահում է: Մինչդեռ ՄՄ-ի հետ կապված գործում է տնտեսական հանձնաժողով, որն անդամ պետությունների տարածքում կանոնակարգում է բանկային գործունեությունը և այդ երկրների՝ երրորդ պետության հետ ունեցող առևտրային հարաբերությունները: Դա վերազգային կառույց է, որի որոշումներին ենթակա են անդամ երկրները: Իսկ ՀՀ Սահամանդրությունը բացառում է ազգային որևէ կառույցի հանդեպ այլ երկրի որոշումների պարտադրանքը:
-Իսկ ի՞նչ է շահելու ՀՀ-ն ու նրա քաղաքացին ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի ստորագրման արդյունքում:
-Ի տարբերություն ՄՄ-ի, մենք կողմ ենք ԵՄ-ի Ասոցացման և Համապարփակ խորը առևտրի պայմանագրի ստորագրմանը: Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ի ներքին ռեսուրսները բավարար չեն երկրի կաթվածահար տնտեսությունը ներկա վիճակից դուրս բերելու համար, օրակարգային ենք համարում նաև արտաքին ռեալ ռեսուրսների ներգրավումը: Հարցնում եք, թե Հայաստանին ու նրա քաղաքացուն ի՞նչ կտար Ասոցացման պայմանագիրը. այն Հայաստանի համար նախ ելք էր ապահովում դեպի տնտեսական աշխարհի ամենամեծ շուկան, որն ունի ԵՄ-ն, կապահովեր օտարերկրյա ներդրումների ծավալի աճ, այսինքն՝ Հայաստանը որպես տնտեսական տարածք ավելի շատ կհետաքրքրեր ներդրողներին, ինչն էլ կնպաստեր աշխատատեղերի ավելացմանն ու կենսամակարդակի աճին:
– ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի մասին անցյալով եք խոսում, մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառում նաև ԵՄ-ին անդամակցելու քայլը:
– Ես հույսեր չեմ փայփայում, որ ԵՄ-ի հետ որևէ լուրջ փաստաթուղթ կստորագրենք: Կարծում եմ, այլևս հարկ չկա անիմաստ հայտարարություններ անել, թե մենք գնում ենք և այս և այն ճանապարհով: Մինչդեռ այս երկու ուղղություններն անհամատեղելի են, նման տեսակետ են հայտնել նաև եվրոպացիները: Փաստորեն, ՀՀ-ն կորցրեց պատմական շանսը: Իհարկե, մենք դեմ չենք հայ-ռուսական հարաբերությունների շարունակությանը, այստեղ հարցը ոչ թե մեր երկրի կողմից այդ հարաբերությունների վատթարացումն է, այլ հարցը ՀՀ-ի զարգացման հնարավորությունների ապահովման մասին է: Այն, որ եղել են ճնշումներ ՌԴ-ի կողմից, միանշանակ է, Ռուսաստանը պետք է հաշվի առներ նաև Հայաստանի տնտեսական շահը:
-Ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կազդի Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա:
-Այդ երկու ոլորտները միմյանցից անբաժան են, քանի որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Դժբախտաբար պետք է արձանագրենք, որ արտաքին քաղաքականությունը ձախողված է, Հայաստանի քաղաքացու օրվա փոփոխություն մենք չենք տեսնում, իսկ ՄՄ-ի պայմանագրով մենք կորցրինք ևս մեկ հնարավորություն, քանի որ ցանկացած երկրի քաղաքացի ուզում է այս կամ այն չափով հույս կապել զարգացման հեռանակար ունեցող երկրի հետ:
– Հայաստանի քաղաքական դաշտի իշխանական ուժերի դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ միանշանակ է, մինչդեռ ընդդիադիր ուժերի մոտ հիշեցնում է Կռիլովի հայտնի առակը: Դա հստակ դրսևորվեց նաև ՀՀ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ:
-Նախ, իմ կարծիքով անգամ ընդդիմադիրների կողմից խիստ սուբյեկտիվ պատկերացում կա ընդդիմության վերաբերյալ: Մեր ընկերների շրջանում կան ընդդիմադիր գործիչներ, որոնց ընդդիմադիր լինելը կամ քաղաքական գործունեության ոչ ճիշտ պատկերացումները խեղաթյուրված են: Նախ ընդդիմության միասնականություն գոյություն չունի, քանի որ գաղափարախոսության հետ կապված խնդիր է: Թե ԵՄ-Ասոցացման և թե ՄՄ-ի պայմանագրերի վերաբերյալ մեկնաբանություններից պարզ դարձավ, թե ով ինչ մոտեցում ունի, ինչը շատ նորմալ եմ համարում: Բայց կան առանցքային հարցեր, որոնց շուրջ ընդդիմադիր գործիչները պետք է համախմբվեն, ինչը բացակայում է մեզանում: Դա իշխանությունների կողմից հրահրված, արհեստական իրավիճակ է, ցույց տալու համար, որ ընդդիմությունը թույլ է: Ես բազմիցս ասել եմ, որ ընդդիմությունը դա Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է, ովքեր դժգոհ են Հայաստանի իշխանությունների որդեգրած արտաքին և ներքին քաղաքական կուրսից: Սա պետք է հասկանա թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Երբեմն ընդդիմադիրներից պահանջվում է այնպիսի գործողություններ, որոնք չեն տեղավորվում քաղաքական գործունեության մեջ , քանի որ քաղաքական գործիչը պետք է զբաղվի միայն քաղաքական գործունեությամբ: Ցավոք սրտի Հայաստանում այդ ընկալումը ճիշտ չէ: Կարծում եմ, որ իշխանությունների մի լայն շերտի ձեռնտու է այդ լղոզվածությունը, որովհետև նման իրավիճակում ավելի հեշտ է աշխատել այն մեթոդներով, որով աշխատում է իշխանությունը: Սա դառը իրականությունն է: Այսքանից հետո անիմաստ է խոսել արդարադատության և կայացած դատական համակարգի մասին, որոնք գոյություն չունեն, ուստի զարմանալի չէ, որ հասարակությունը հավատ ու վստահություն չունի այդ համակարգի նկատմամբ:
-Ձեր կարծիքով համաներումը կկիրառվի՞ արադարացիորեն և հավասարապես:
-Համաներումը մարդասիրական քայլ է, սակայն կա հանցագործների մի խումբ, որոնց համաներումը նույնպես ազատություն կշնորհի: Նախորդ տարիների համաներման տվյալների համադրումից ես պարզեցի, որ դրսում գտնվող շատ բանտարկյալներ դարձյալ հայտնվել են բանտում, այնպես որ համաներումը միշտ չէ, որ արդարացված է:
Անուշ Ներսիսյան