«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը չի կարծում, որ Մաքսային Միությանը (ՄՄ) անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը անսպասելի քայլ էր, սակայն վստահ է, որ դրանով Հայաստանը վտանգի տակ է դնում իր ինքնիշխանությունը՝ ավելի ուժեղացնելով կախվածությունը Ռուսաստանից։
«Մեր համար այդքան էլ անսպասելի քայլ չէր, միգուցե, եվրոպացի չինովնիկների և քաղաքական գործիչների համար անսպասելի էր, բայց Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացու, առավել ևս քաղաքական գործչի համար, ովքեր հստակ պատկերացում ունեն քաղաքական զարգացումներից, զարմանալի չէր»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
«Վերջին տարիներին չեմ հիշում որևէ էական ռազմաքաղաքական և տնտեսական խնդիր` կապված Ռուսաստանի հետ, բուն քայլերի, ոչ թե հայտարարությունների մակարդակով, որտեղ չի ստորադասվել ՀՀ շահը: Նկատի ունեմ ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ ռուսական մենաշնորհի առկայությունը»,- ավելացրեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը ՀՀ Սահմանադրությունից չի բխում և չի կարող ծառայել ՀՀ շահերին։
«Կարծում եմ՝ վերջին տարիների ՀՀ իշխանություններն իրականացնում են մեկուսացման քաղաքականություն։ Մաքսային միություն մտնելով՝ ՀՀ-ն էլ ավելի է ուժեղացնում կախվածությունը Ռուսաստանից, ինչն անթույլատրելի է` դա ՀՀ և՛ իշխանության, և՛ պետականության դեմ արվող քայլ է։ Կարծում եմ՝ բոլոր շահագրգիռ քաղաքական գործիչներն ու քաղաքացիները պարտավոր են տեր կանգնել իրենց իրավունքներին»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը անհեթեթություն է համարում տեսակետները, թե Սերժ Սարգսյանի կայացրած որոշման գլխավոր պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել։
«Եթե որոշ շրջանակներում փորձում են ներկայացնել, թե այս խնդիրը ղարաբաղյան հարցի հետ կապ ունի և անվտանգության խնդիր է լուծում, ապա կարող եմ ասել, որ իրենք չարաչար սխալվում են։ Եթե մեր իշխանությունները չկարողացան ռուսական ճնշումներին ընդվզել, ապա վաղը նրանք նույն կամայականությամբ կարող են վարվել Ղարաբաղի ճակատագրի հետ և մեր իշխանությունները չեն կարող ընդվզել։ Այդ առումով հասարակությունը, իմ խորին համոզմամբ, ներկա իրավիճակով խիստ մտահոգվելու և գործելու պարտավորություն պետք է ունենա»,- նշեց նա։
Բացի այդ, ըստ պատգամավորի, իշխանություններն իրենց այս քայլով ՀՀ քաղաքացուն զրկում են իր իրավունքներից, սահմանափակում ՀՀ զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։
«Միջազգային թատերաբեմում Հայաստանին այլևս լուրջ, սուվերեն քաղաքականություն վարող պետություն չեն ընկալի, այսուհետ կարևորագույն խնդիրների հետ կապված հարցերի շուրջ կխոսեն Ռուսաստանի հետ և ոչ թե Հայաստանի»,- նշեց նա։
Խաչատուր Քոքոբելյանը հարց է տալիս օրեր առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին, ով նշել էր, թե Հայաստանը չի կարող անդամակցել ՄՄ-ին, քանի որ ընդհանուր սահման չունի։
«Չեմ կարծում, որ մի քանի օրում մենք սահման ունեցանք ՌԴ-ի կամ Մաքսային Միության հետ։ Իսկ դա ցույց է տալիս, որ իշխանության մեջ էլ չգիտեն, թե իրենք ինչ են ուզում կամ ինչ են անելու։ Իհարկե, եղել է խստագույնս ճնշում ՀՀ-ի նկատմամբ, որը սակայն ոչ մի կերպ չի արդարացնում այն քայլը, որին գնում են մեր իշխանությունները»,- ասաց նա։
Հարցին, թե ո՞րն է լինելու ԵՄ-ի հաջորդ պաշտոնական արձագանքն ու քայլը, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց՝ ասելով, որ արդեն իսկ հնչել է կոշտ դիրքորոշում։
«Իհարկե, ես կցանկանայի ԵՄ մեր գործընկերները պատկերացնեին, որ սա ճնշման տակ արված գործընթաց է և չընկրկեին։ Սա իմ սուբյեկտիվ` որպես ՀՀ քաղաքացու ցանկությունն է։ Բայց մենք տեսանք արդեն կոշտ քաղաքական դիրքորոշում, և շուտով ես վստահ եմ, որ ցավոք ականատես կլինենք նաև այլ գործողությունների։ Ի վերջո, պետք է բոլորը հստակ գիտակցեն, որ ՀՀ ապագան պետք է կերտեն ՀՀ քաղաքացիները, այլ ոչ թե եվրոպական կամ առավելևս տվյալ պարագայում ռուսական չինովնիկները»,-ասաց նա։
Խաչատուր Քոքոբելյանն ավելացրեց, որ շատ կցանկանար, որպեսզի Հայաստանը չզրկվեր իր տնտեսական սահմանը Եվրոպայի հետ բացելու հնարավորությունից։ Նա նաև ասաց, որ չի կարծում, որ G20-ի հանդիպումից առաջ Ռուսաստանի իրականացրած այս քայլը պատահականություն էր։