Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը նոր խոչընդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Պարոն Քոքոբելյան, սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը կարծես հրաժարվել է իր կոմպլեմենտար քաղաքականությունից եւ ամբողջությամբ ներգրավվել Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում, կամ առնվազն նման մտադրություն է հայտնել: Շատերն ասում են, որ դրանով Հայաստանն իր անկախության վերացմանն ուղղված առաջին քայլն է արել: Իրակա՞ն եք համարում այդ պնդումը, թե դրանում չափազանցություն կա:
Նախ չեմ կիսում կարծիքը, թե Հայաստանը երբեւէ կոմպլեմենտար քաղաքականություն է վարել: Դրա վառ ապացույցը քաղաքական ու տնտեսական ոլորտում Հայաստանի քայլերն են, որոնք վկայում են, որ ՀՀ իշխանությունները վարել են միակողմանի ռուսական ուղղվածության քաղաքականություն: Սա ասում եմ հաշվի առնելով եւ ՀԱՊԿ կազմում Հայաստանի ընդգրկված լինելու փաստը, եւ ՄԱԿ-ում մեր քվեարկությունները, երբ մենք միշտ քվեարկել ենք այնպես, ինչպես պետք է եղել Ռուսաստանին, եւ այն, որ Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները բացառապես որպես մենաշնորհ հանձնվել են ռուսական տարբեր կառույցների. Խոսքը երկաթգծի, կապուղիների, բաշխիչ ցանցերի, գազային ոլորտի մասին է, որոնք ռուսական կողմին են հանձնվել նախքան սեպտեմբերի 3-ը:
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ի որոշմանը, ապա շատ ցավալի էր, որ Հայաստանն ազդարարեց իր քաղաքական կուրսի այդպիսի կտրուկ փոփոխության մասին, այն էլ ոչ թե Երեւանում, այլ Մոսկվայում: Այստեղ էլ պարզ երեւաց, որ այդ որոշման իրավունքը մեր իշխանություններին տրված չէր եւ նրանք չէին կարողացել իրենց դիրքորոշումները մինչեւ վերջ տանել: Հիշեցնեմ, որ մինչեւ սեպտեմբերի 3-ը մեր իշխանությունները պնդում էին, որ մեզ ձեռնտու է Եվրոպական ասոցացումը, իսկ հետո սկսեցին նույն ջանասիրությամբ պնդել, որ նախընտրելի է Եվրասիական ինտեգրացիան:
Ես կտրականապես դեմ եմ այն մոտեցմանը, որ Հայաստանը ինչ-որ պայմաններում պետք է ունենա անկախության կորուստ, բայց կա ցավալի փաստ, որ մենք մտնելով Մաքսային միություն, ունենալու ենք ինքնիշխանության ակնհայտ կորուստ, որի մասին բազմիցս նշել են թե ռուս պաշտոնյաները, թե նաեւ մենք: Բոլորին է հայտնի, որ Մաքսային միության տնտեսական հանձնաժողովը վերպետական կարգավիճակ ունի, որի որոշումները պարտադիր կատարման ենթակա են անդամ պետությունների համար: Այսինքն այդ հանձնաժողովն է որոշելու մաքսային դրույքաչափերը, ինչը ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթ է, քանի որ մեր Սահմանադրությունը, բարեբախտաբար, իրավունք չի վերապահում այլ վերազգային կառույցների ենթարկվել, որոնց որոշումները մեր երկրի ներսում պարտադիր են: Այդ առումով, մենք ունենում ենք ինքնուրույնության ակնհայտ կորուստ:
Մեր ընդդիմախոսները պնդում են, որ Եվրոպական ասոցացումը եւս ինքնուրույնության կորուստ է ենթադրում: Ես այդ կարծիքը չեմ կիսում, քանի որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրում խոսքը ընդհանուր ստանդարտների մասին է, ոչ թե սահմանափակումների: Այսինքն կան ստանդարտներ, որոնցից ավելի ներքեւ իջնելու իրավունք չկա՝ կապված մարդու իրավունքների, ապրանքների ու կյանքի որակի հետ: Ու դա բերել «չորով» պրոյեկտել Մաքսային միության վրա, ուղղակիորեն անհեթեթություն է:
Նշվում է նաեւ, որ Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի համար անվտանգության խնդիր է լուծում:
Այդ պնդումն առնվազն անտրամաբանական է: Այսօր Հայաստանի սահմաններին տեղի ունեցող կրակոցներն ու լարվածությունը խոսում են այն մասին, որ մեր եվրասիական ուղղվածությունը մեզ չի ապահովում լրացուցիչ անվտանգության երաշխիքներ: Ի դեպ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական բարեկամության պայմանագիր, որի 3-րդ կետով սահմանված է, որ կողմերը պետք է ձեռնարկեն իրենց հասանելի բոլոր միջոցները, որպեսզի իրենց հակառակորդները հնարավորություն չունենան ագրեսիվ գործողությունների դիմել: Սակայն Ռուսաստանը խախտելով այդ դրույթը, ակնհայտորեն այսօր Ադրբեջանին վաճառում է բացառապես հարձակողական սպառազինություն: Այդ ֆոնին ասել, թե Եվրասիական գործընթացում Հայաստանն ունենալու է ավելի մեծ անվտանգության երաշխիքներ, մեղմ ասած լուրջ չէ: Մոսկվան հայտարարում է, որ դա պարզապես բիզնես է, որը պարզ ցինիզմ է: Այս խնդրին պարտավոր են անդրադառնալ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, քանի որ դա ուղղակիորեն առնչվում է տարածաշրջանում լարվածության աճին:
Ձեր կարծիքով Հայաստանն այսօր ունի՞ այնքան ինքնուրույնություն, որ կարողանա առանց Ռուսաստանի հավանության քայլ անել դեպի Եվրոպական ինտեգրում, թե արդեն անցել ենք այն սահմանը, որից հետո ինքնուրույն քայլերի իրավունքն ամբողջությամբ զիջել ենք Մոսկվային:
Ինքնուրույնությունը ձեռք են բերում ու կարողանում են պահպանել, ոչ թե տրվում է: ՀՀ իշխանությունները պարտավոր էին եւ հիմա էլ պարտավոր են պաշտպանել Հայաստանի շահերը, այլ ոչ թե այն, ինչ թելադրվում է Մոսկվայից: Բնական է, որ Ռուսաստանը որպես գերտություն փորձելու է Հայաստանին պարտադրել այն որոշումները, որոնք բխում են իր շահերից, իսկ Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն կուլ են գնում ՌԴ իշխանությունների որոշումներին: Հենց դրա համար եմ ասում, որ Հայաստանում պիտի ձեւավորվի այնպիսի իշխանություն, որն ի վիճակի կլինի կուլ չգնալու եւ կառաջնորդվի բացառապես Հայաստանի շահերով:
Իսկ ներկա իշխանությունները ունա՞կ են ընդդիմանալ ռուսական ճնշմանը:
Այս իշխանությունները, ցավոք սրտի, մինչեւ այսօր կուլ են գնացել ռուսական կողմի որոշումներին եւ սեպտեմբերի 3-ն էլ դրա ապացույցն էր, երբ շատ կարճ ժամանակում ՀՀ իշխանություններին պարտադրվեց հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին:
Ինչ վերաբերում է ինքուրույնությունից զրկվելու առումով ռուբիկոնն անցելուն, ապա չեմ կարծում, որ այլեւս հետդարձի հնարավորություն չկա: Միշտ էլ կա այդ հնարավորությունը եւ միշտ էլ ՀՀ իշխանությունները կարող են եւ պարտավոր են առաջնորդվել սեփական երկրի շահերով: Իհարկե, վստահ չեմ, որ այս իշխանությունները դա կանեն:
Ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ Հայաստանում այդպես էլ եվրոպական արժեքային համակարգը պաշտպանող ուժեղ քաղաքական բեւեռ չձեւավորվեց: Խորհրդարանական բոլոր ուժերը խոշոր հաշվով գործում են ռուսական դաշտում: Այս պայմաններում ո՞րն է ելքը:
Հայաստանում կա լայն շերտ, որը պաշտպանում է եվրոպական ուղղվածությունն ու արեւմտյան արժեհամակարգը: Հասարակության մեջ կան ընդգծված առաջադեմ շրջանակներ, որոնք բառացիորեն այդ արժեհամակարգի կրողներն են: Ի հեճուկս այդ արժեհամակարգի հակառակորդների, այդ շրջանակները նաեւ կարծիք ձեւավորող են եւ բնական է, որ նրանք ավելի առաջնային դիրքում են գտնվում:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, այո, ցավոք, նրանք կողմնակից են եվրասիական ինտեգրմանը: Անգամ եղան փուլեր, երբ այդ ուժերն ավելի ջանասիրաբար էին պաշտպանում այդ ուղղությունը, քան իշխանությունները: Բայց սա չի նշանակում, թե արեւմտյան ուղղվածությունը Հայաստանում թույլ է: Ցավոք, ՀՀ իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետեւանքով մեր երկիրը հայտնվեց գերտերությունների միջեւ հակասությունների կիզակետում, որտեղ խնդիրների լուծումն ավելի բարդ է: Վրաստանին ու Մոլդովային հաջողվեց ընտրել Եվրոպական ասոցացման ուղղությունը եւ համոզված եմ, որ կհաջողվեր նաեւ Հայաստանին, սակայն ցավոք, այդ քաղաքականությունը ճիշտ չտարվեց: Նույնիսկ այս պարագայում, ես վստահ եմ, որ ապագան եվրոպական ուղղվածությանն է, ոչ թե մաքսային միությանը: Եվրասիական ուղղվածությունն անհեռանկար, անապագա ուղղվածություն է եւ ՀՀ իշխանությունների համար դա ճարահատյալ որոշում է եղել, երբ ընկրկել են ռուսական ճնշման առջեւ: Ես քաղաքական դաշտում շատ քիչ մարդ գիտեմ, որոնք կարողանան փաստարկված ապացուցել, որ մաքսային ուղղվածությունը հեռանկար ունի:
Իսկ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չփորձեցին դիմադրել ռուսական ճնշմանը, պատճառը լեգիտիմության պակա՞սն էր:
Ոչ միայն դա: Իհարկե, շատ է խոսվում, որ լեգիտիմ իշխանությունն ի վիճակի կլիներ դիմակայել արտաքին ճնշմանը, բայց մենք տեսել ենք նաեւ լեգիտիմ իշխանություններ, որոնք չեն էլ փորձել դիմադրել այդ ճնշմանը: Ռուսական կայսրությունը փորձում է իր նախկին ազդեցության տարածքները պահել իր տիրապետության տակ: Շահում են այն երկրները, որոնք առանց կորուստների կարողանում են ռուսական ազդեցության գոտուց դուրս գալ: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը պիտի փորձեր ու հիմա էլ պիտի փորձի անել այնպես, որ առանց կորուստների դուրս գա ռուսական ազդեցությունից: Եթե ոչինչ չփոխվի, Հայաստանը դառնալու է ռուսական թուլացած, անընդհատ մեկուսացման գնացող տնտեսության մի փոքրիկ մասը: Սա բավական է հասկանալու համար, որ չի կարելի անդամագրվել Եվրասիական միությանը կամ Մաքսային միությանը:
Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ անընդհատ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին հետաձգվում է: Սա զուտ տեխնիկական խնդիրներո՞վ է պայմանավորված, թե վերաբերմունք է Հայաստանի պետության նկատմամբ: Եթե վերաբերմունք է ՀՀ-ի հանդեպ, ապա ո՞րն է դրա մեսիջը:
Չեմ կարծում, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են, որովհետեւ այդ հարթակում հարցերը տեխնիկական խնդիրներով չեն լուծվում: Հայաստանի անդամակցության ձգձգման խնդիրը ես կապում եմ բացառապես ԼՂ խնդրի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետ: Արդեն իսկ ադրբեջանական մամուլում հայտարարություններ են հայտնվում, որ եթե Ռուսաստանը կարողանա ապահովել 3 շրջանների վերադարձն Ադրբեջանին, վերջինս կարող է քննարկել Եվրասիական միությանը միանալու հարցը: Հայաստանի անդամակցության ուշացումը ես կապում եմ ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական ակտիվ քաղաքական առեւտրի հետ: Քանի դեռ Մոսկվան իր խնդիրը Ադրբեջանի հետ չի ճշգրտել, Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, իմ խորին համոզմամբ, չի լինի: Բանն այն է, որ Հայաստանի անդամակցությունից հետո Ադրբեջանի հետ ռուսական կողմի առեւտրի հնարավորությունները կթուլանան: Օրինակ, Հայաստանը, որպես Եվրասիական միության անդամ, կարող է օգտվել վետոյի իրավունքից եւ Ադրբեջանն ակնկալիքներ քիչ կունենա: Մինչեւ Ռուսաստանն իր համար չհաստեկեցնի Ադրբեջանի հետ հարաբերությունները, Հայաստանի անդամակցության խնդիրը չի լուծվելու:
-Եթե այնուամենայնիվ Հայաստանն անդամակցի ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին, դա ինչպե՞ս կազդի ԼՂ խնդրի վրա. թե Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ հնարավոր մաքսակետ դնելու առումով, թե ընդհանրապես ԼՂ խնդրում հետագա զարգացումների առումով:
Ես երբեք չեմ կիսել կարծիքը, որ Մաքսային միության անդամակցությունը կարող է նպաստավոր լինել Ղարաբաղի խնդրի լուծման համար: Ճիշտ հակառակը, դա նոր խոչընդոտ է լինելու խնդրի կարգավորման հարցում, որովհետեւ մենք անդամակցում ենք մի միության, որն այսօրվա համաշխարհային հարթակում խիստ մեկուսացման է տանում եւ աշխարհի մյուս ուժերի կողմից ուղղակիորեն պատժամիջոցների է ենթարկվում: Դա մեզ ոչինչ չի տալու, բացի այն, որ կարող է մեզ էլ տանել մեկուսացման: Այդ դեպքում մի քանի անգամ ավելի դժվար է լինելու ձգտել ու հասնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման: Մեզ հետ միջազգային հանրությունը հարաբերվելու է որպես չընդունված, մերժված մի կառույցի ներկայացուցչի: Տնտեսական առումով եւս Հայաստանը ոչինչ չի շահելու:
Հնարավո՞ր է, որ մաքսակետ դնելով Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել այդ սահմանին:
Նախ ես ավելի շատ հակված են նրան, որ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին մաքսակետ չի դրվի: Բայց որ ռուսական կողմի կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ ռուսական խաղաղապահներ տեղակայվեն հակամարտության գոտում, դա ակնհայտ է, որն, իհարկե, չի բխում Հայաստանի շահերից: Հայաստանն ամեն կերպ պետք խուսափի նման իրավիճակից:
Զրույցը վարեց Արթուր Խեմչյանը