Հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ զրուցել ենք վերջին շաբաթում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ:
Անուշ, նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը հեղափոխության ձախողված փոր՞ձ, թե հանրության հուսահատական ճիչ էր:
Առհասարակ կողմնակից եմ երևույթի ավելի խորքային դիտարկմանը: Այդ խորքային դիտարկման մեջ առանձնացնենք մի քանի կետ. առաջին՝ շատ կարևոր է հասկանալ, թե դեպի ուր ենք մենք գնում: Մեր ուղղության անորոշությունն ապագայի, և բացահայտ հուսահատությունը ներկայի տեսանկյունից հանգեցնում են որոշակի ճգնաժամերի, որոնք կարող են արտահայտվել երկու տեսքով՝ մեկն ապատիան է և դրան հետևող արտագաղթը, մյուսը բռնկուն էմոցիոնալ ռեակցիաներն են, որ տեղի ունեցավ այս պարագայում: Բայց երկու տիպի արձագանքների և ռեակցիայի հետևում էլ կանգնած է մեկ ընդհանուր խնդիր, այն է՝ Հայաստանն այժմ գտնվում է շատ սահմանափակ հնարավորությունների շրջանակում: Մենք Մինսկի վեհաժողովում փաստաթուղթ ենք ստորագրել, որտեղ նախ խաթարվել է մեր սուվերենությունը, երկրորդ՝ մենք զրկվել ենք տնտեսության ընդլայնման և բարելավման հնարավորություններից: Երրորդ՝ երբ խոսվում է եվրաինտեգրման մասին, այստեղ էականն այն չէ, թե ինչ ենք մենք անելու ընթացակարգային առումով, այլ այն, թե մենք ինչ տեսլական և չափանիշ ենք ունենալու մեր աչքի առաջ: Այսինքն՝ եթե պետությունը եվրաինտեգրվում է, ապա նա հստակ սահմանում է իր գոյության ստանդարտները և չափանիշները: Երբ մենք գնում ենք ՄՄ, կարող է խոսք գնալ նավթի, բենզինի, վառելիքի գների մասին, ինչ-որ մաքսատուրքերի մասին, ընդ որում՝ տնտեսական պարամետրեր են, որոնք շահեկան չեն Հայաստանի համար, բայց մարդկային արժեքների խաթարում է տեղի ունենում, որը մտադրաբար հանգեցվում է կայսերական ստրկական մտածողությանը: Մի օրինակ բերեմ, որը չի կարելի անտեսել կամ շրջանցել. օրերս Ռուսաստանի լուրերի պաշտոնական թողարկմամբ մի ռեպորտաժ էր ցուցադրվում Հայրենական պատերազմի մասին, որտեղ ասվում էր, որ Իոսիֆ Ստալինը համեստորեն չթողեց, որ իր պատկերը լինի շքանշանի վրա, այսինքն՝ իմպերիայի, դիկտատուրայի և բռնության սիմվոլն այսուհետ ռուսական կենտրոնական ալիքներով համարվում է գերագույն հեղինակություն: Մենք ունենք կտրուկ վերադարձ անցյալին, ընդ որում՝ ոչ լավ անցյալին, և մենք գնում են միանալու ոչ լավ տնտեսական պարամետրերով գտնվող միության բռնապետական անցյալի մտածողությանը: Սա շատ խոշոր ճգնաժամային փաստ է, և շատ հնարավոր է, որ այս պարագայում մարդիկ գերարձագանք ունենային այդ իրադարձություններին: Մենք որքան էլ վերլուծենք, գնահատական տանք, գործողությունների պարամետրը դեռևս անորոշ է, և դրա համար կարող է ունենանք ծայրահեղական դրսևորումներ: Իրոք, կատարվածը ծայրահեղական դրսևորում է և ոչ պրագմատիկ, բայց նաև պետք է հասկանանք, որ մարդկանց համար պատճառները խնդրահարույց են:
Այսինքն՝ այս գործընթացները հենց սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակի արձագա՞նքն են:
Եվ ոչ միայն: Շանթ Հարությունյանն իր հարցազրույցներում, բողոքներում, ըմբռնումներում անընդմեջ խոսում է իդեալների մասին, բայց հայ հանրությունը մի տեսակ քմծիծաղով է վերաբերվում ընդհարապես իդեալ բառին: Եվ որպեսզի այդ քմծիծաղը կանխեմ, ես իդեալ բառը կփոխարինեմ չափանիշ բառով: Ի վերջո, ուզում եմ հասկանալ՝ հայ հանրությունը և հայ պետությունն ինչ չափանիշներով են առաջնորդվում: Երբ ինձ ասում են, որ հայ հանրության 80 տոկոսն ուզում է վերադառնալ դեպի Սովետական Միություն, ես դա համարում եմ հնարավոր, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ քաղաքական և հանրային առաջամարտիկների զանգվածն ինքը պետք է հասկանա այդ պրոյեկտի անհնարինությունը և ինքը պետք է հանդես գա ավելի առաջադեմ չափանիշներով: Ցավոք, Հայաստանում գոյություն չունի գաղափարական իդեալ, այն միայն անհատների մակարդակում է նկատվում, և ոչ էլ կա պետական ինստիտուտի ստանդարտ և կառավարման ադեկվատ ստանդարտ, չկա տնտեսվարման ադեկվատ ստանդարտ: Եվ որպես այդ ամենի սկզբնապատճառ՝ չկա հումանիստական իդեալների, մարդկային արժեքների ըմբռնում: Բոլորին թվում է, թե Հայաստանի ներկայիս վիճակը թշնամական հարևանների ներկայության արդյունք է: Հայաստանի ներկայիս վիճակը կազմակերպվող գաղափարական չափորոշիչների բացակայության արդյունք է:
Կարծիք է հնչում, որ այս գործողությունները կշարունակվեն: Իշխանությունը կարո՞ղ է արդյոք այս գործողություններից որոշակի զգաստանալ:
Այս տեսանկյունից ես ավելի վատատես եմ: Հայաստանում նման բռնկումներ քիչ կլինեն, որովհետև մենք գիտենք, որ Շանթ Հարությունյանն էքսկլյուզիվ կերպար է, և նրա դրսևորումները, ազնվության մակարդակը, մտքերը, էմոցիոնալության մակարդակը նույնպես բացառիկ սանդղակ վրա է: Ես կարծում եմ՝ կլինի ավելի պասիվ պրոտեստ այդ ամենի հանդեպ: Մի կարծեք, որ հանրությունը հիասթափվում է միայն իշխանությունից: Այս բոլոր պրոցեսների ամենամեծ վտանգն այն է, որ հանրությունը, ցանկանալով և չկարողանալով որևէ բան փոխել, աստիճանաբար հիասթափվում է ինքն իրենից, իսկ դա հանգեցնում է հանրային հոգեբանական ճգնաժամի, որի հետևանքը երկիրը լքողների թվի ավելացումն է լինում: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ արտագաղթի հիմնական բաղադրիչը սոցիալականը չէ, այլ հոգեբանական բաղադրիչն է, որովհետև թե մարդը, թե ազգը, թե պետությունը պետք է ունենան հստակ պատկերացում իրենց ուղու և ճանապարհի մասին: Իսկ երբ այդ պատկերացումը շարժվում է դեպի հետ, դեպի սովետական անցյալ, խմբերը, որ հիրավի հավատում են Սովետական Միության «պայծառ ապագային», այդ խմբերը միգուցե մնան Հայաստանում, սակայն այն բոլոր մարդիկ և մտավորականները, երիտասարդությունը, որոնք իրոք արդեն հասցրել են ձևավորել աշխարհի օբյեկտիվ ընկալումը, իհարկե նման տիպի ենթակառուցվածքներ չեն կարող հանդուրժել: Այսինքն՝ կլինի պասիվ բողոք, հաշվի առեք, որ հայ ժողովուրդը պատմականորեն հազվադեպ է ունենում ակտիվ բողոքարկման ձև:
Այս օրերին ոստիկանության գործողությունները խրախուսվեցին ԱՄՆ դեսպանի կողմից, որ այն ավելի պրոֆեսիոնալ է գործում: Մյուս կողմից, կարծիք է հնչում, որ երկրում առանցքային դերակատարություն է իր վրա վերցնում ոստիկանությունը:
Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան փորձում են ներկայացնել: Սատանան մանրուքների մեջ է, որովհետև հենց մանրուքները խճճում են մարդուն: Իրականությունը և ճշմարտությունը շատ պարզ են. տնտեսությունը կառավարվում է, իսկ հիմա նաև արժեքները և սատանդարտները, և Հայասստանը հասել է թերացման բարձրագույն աստիճանի: Եվ ցանկացած տիպի բողոք այս պարագայում կանխատեսելի է: Եկեք առանձին չքննարկենք՝ ինչ է անում ոստիկանությունը, ինչ է անում ընդդիմությունը կամ ինչ է անում իշխանությունը, որովհետև բոլորը մի նավի մեջ են, իսկ նավի ուղղությունը խիստ անորոշ է: Մենք մղվում ենք դեպի անցյալ, ընդ որում՝ մղվում ենք մի երկրի հետ, որը սկսել է հերոսացնել բոլոր ժամանակների թիվ մեկ բռնակալին: Ի վերջո, Սովետական Միության փլուզումը ոչ թե դավադիր ծրագիր էր, այլ տնտեսության սնանկության ապացույց: Անցել է այսքան ժամանակ, և Ռուսաստանը, ունենալով հսկայական ռեսուրսներ, չի կարողանում պլանաչափ կազմակերպել իր տնտեսությունը: Սովետական Միությունն իրեն պետք է իբրև կործանվող դեմոգրաֆիայի և կործանվող գաղափարախոսությունը վերամիավորելու փորձ: Բայց պատմությունը երբևէ չի եղել, որ նույն օրակարգով վերականգնվի որևէ պատմական երևույթ: Այսինքն՝ հնարավոր չէ վերադարձնել քաղաքական հին օրակարգը, կլինեն նման փորձեր, բայց արդեն ժամանակն է սթափ նայելու իրականությանը:
Ո՞րն է ելքը:
Որքան էլ ասեն ճառ ասողները շատ են, զանգ կախողները՝ քիչ, արդարացի մեղադրանք է, բայց ասեմ, որ Հայաստանում չի եղել համընդհանուր հանրային քննարկում որևէ հարցի շուրջ, հանրությունը չի քննարկել ոչ Արցախի հարցը, որը մեզ համար բախտորոշ է, չի քննարկել ոչ հայ-թուրքական արձանագրությունների հարցը, որը մեզ համար բախտորոշ է, և ամենակարևորը, երբևէ հայ հանրությունը չի քննարկել արժեքների վերաիմաստավորման հարցը: Եվ երբ արդեն հասկանանք, որ Թուրքիայի հետ հակամարտությունը չէ, որ մեր հիմնական արժեքն ու իդեալն է, կամ Ադրբեջանի հետ հակամարտության անընդհատ վերապրումը, վերջապես հնարավոր կլինի պատկերացնել մեր ոչ պատմական ապագան: Մենք ապրում ենք պատմական ապագայով, արդեն ժամանակն է պատմական տերմինը մեր օրակագրից դուրս գա և փոխարինվի մեկ այլ տերմինով, ժամանակն է արդեն ապրել արժեքային ապագայով: