Ազգային Ժողովը հերթական քառօրյայի ընթացքում քննարկում է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով առաջարկում են թույլ տալ, որպեսզի դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը և այսուհետ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան նույնականացման քարտերով մասնակցել ընտրություններին:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հիմնական զեկուցող ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարց ուղղեց՝ բարձրացնելով կրկնաքվեարկության խնդիրը. «Իհարկե, այս նախագծով Դուք, կարծես թե, լուծել եք ամենակարևոր խնդիրը՝ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման հարցը, ինչի առումով, թերևս, քննարկման կամ հակադրվելու կարիք չկա, բայց կա մի ակնհայտ իրողություն, որը չի կարող խնդիր չառաջացնի և վստահ եմ, որ չէիք կարող դա հաշվի չառնել: Թիվ մեկ խնդիրը, որը բոլորիս մտահոգում է վերահսկողական ֆունկցիայի փաստացի վերացումն է՝ այսինքն այլևս չի լինելու անձնագրում կնիքի առկայությունը, որը փորձում էր բացառել կրկնաքվեարկությունը: Այս նոր նախագծով, փաստացիորեն, դա բացառվում է և արդյո՞ք չեք կարծում, որ սա կբերի այնպիսի հետևանքների, որը քաղաքացիների և քաղաքական ուժերի գլխավոր մտահոգությունն է՝ կրկնաքվեարկության իրականացում ընտրատեղամասերով այսպես ասած շրջիկների տեղափոխման միջոցով: Արդյո՞ք չեք մտածել այդ մասին, չե՞ք գտնում, որ կարելի է մեխանիզմ մշակել, քանզի ժամանակը, կարծում եմ, բավարար է, որպեսզի այդ խնդիրը և մտահոգությունը մենք չունենանք»:
Հովհաննես Սահակյանն պատասխանեց, որ այսօր ամենակարևոր խնդիրը մեր քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումն է: Կրկնաքվեարկության և լրացուցիչ վստահության մեխանիզմներ մշակելու մասին էլ նկատեց, որ իսկապես մտածել են, բայց խնդիրը, Սահակյանի վստահեցմամբ, ժամանակն է, որը կարճ է և թույլ չի տալիս լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու և այդ մեխանիզմները կյանքի կոչելու. «Մենք այս փուլում ձեռնպահ ենք մնացել դրանից և փորձում ենք կարճ ժամանակահատվածում այնպես անել, որ մեր քաղաքացիները կարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը»:
Սահակյանը նշեց, որ այնուամնեայնիվ երաշխիքներ ապահովել են՝ մասնավորապես քվեարկությունից արդեն իսկ 40 օր առաջ բոլոր ընտրատեղամասերում փակցվել են ընտրացուցակները և բոլորը կարող են հետևողականորեն ուսումնասիրել դրանք ու անճշտությունների վերաբերյալ շատ արագ տեղյակ պահել պատկան մարմիններին, որպեսզի մինչ ընտրություններ դրանք շտկվեն: Ըստ Սահակյանի, կրկնակի քվեարկություն իրականացնելու համար քաղաքացին պետք է գրանցված լինի տվյալ տեղամասում, ինչն էլ ընտրացուցակների ճշգրտմամբ հնարավոր է բացառել: Նա նաև հավալեց, որ համաձայն ԸՕ-ի վստահված անձը հանձնաժողովի անդամին գրեթե հավասար իրավունք ունի և ցուցակների հետ աշխատող հանձնաժողովի իշխանական անդամի կողքին պարտադիր նստում են ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներ: Նաև հիշեցրեց, որ «Հանրաքվեների մասին» օրենքի փոփոխությամբ այժմ հնարավորություն է ընձեռվում ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցություններին ունենալ վստահված անձինք ընտրատեղամասում, իսկ, նրա խոսքերով՝ ընդդիմադիր ուժերն այսօր խորհրդարանում ավելի շատ են, քան իշխանականները:
Խաչատուր Քոքոբելյանն էլ արձագանքեց, որ այս դեպքում ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր լինելը պետք է դիտարկել Սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ լինելու հանգամանքից, ինչն էլ էապես պատկերը կփոխի. «Բայց իհարկե դա չէ հիմնականը խնդիրը, վերահսկողության մասին է հարցը, իսկ այն, ինչ Դուք նկարագրում եք գաղտնիք չէ և այդ մեխանիզմը մինչ այս եղել է, բայց նորություն չէ նաև, որ մենք տեսել ենք, թե ինչպես է ընտրությունից ժամեր անց ցնդում անձնագրում դրված դրոշմակնիքը»:
Քոքոբելյանը շեշտեց, որ ընտրություններում ամենամեծ խնդիրը կրկնաքվեարկություններն են, որոնք մինչ այս կարծես թե փորձ էր արվում բացառել դրոշմակնիքներով, իսկ այս նոր նախագծով, փաստացիորեն, դա էլ է վերացվում. «Մենք բոլորս պարտավոր ենք և դա, կարծում եմ, պարտադիր է, առաջարկել նոր մեխանիզմ, որը թույլ չի տա կրկնաքվեարկությունը, քանզի Ձեր ներկայացրած նախագիծը լուծում է միայն մեկ խնդիր՝ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը, սակայն վերահսկողության մեխանիզմը վերացնում է: Ես օրինակ կփորձեմ ինչ-որ տարբերակ առաջարկել»: