«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
– Պարոն Քոքոբելյան, Դուք երեկ մասնակցել եք արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության և դրա հետ կապված Եվրամիության պաշտոնյաների արձագանքներին վերաբերող հարցերը: Նախարարը պատասխանե՞ց Ձեզ հուզող հարցերին:
– Նախ` հանդիպումը շատ կարճ էր: Իսկ այն, ինչի մասին խոսեց արտգործնախարարը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէր, քանի որ այդ մասին ակնարկներ եղել են թե մամուլով, թե իշխանությունների հայտարարություններում: Բնականաբար, նա շեշտեց, որ Մոսկվայում իշխանությունները անակնկալ որոշման արդյունքում չեն արել Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը, որ իրենք միշտ էլ այդ մասին խոսել են: Եվ եթե մենք հարցը դիտարկենք վերջին տարիների հայտարարությունների կոնտեքստում, դիտարկենք թեկուզ Մաքսային միության հետ կապված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կամ ավելի բարձր ամբիոններից հնչած հայտարարությունները, կտեսնենք, որ ինչպես ժողովուրդն է ասում` իրենք «համ նալին են խփել, համ՝ մեխին»:
– Այսինքն` դա մի գիշերվա որոշում չէ՞ր, Ս. Սարգսյանի վրա ճնշում չի՞ եղել:
– Իմ համոզմամբ` ՀՀԿ-ն այդ քայլին գնացել է բացառապես ճնշումների ազդեցության տակ: Միգուցե և հոգու խորքում ցանկություն ունենալով, բայց որ ճնշումներն ակներև են, ռուսական մամուլում ռուսական չինովնիկների և պաշտոնյաների կողմից տարաբնույթ սպառնալիքները դրա ամենավառ ապացույցն են: Եվ որևէ մեկը նույնիսկ չպետք է փորձի հերքել, թե ճնշումներ չեն եղել: Իսկ արտգործնախարարի հետ հանդիպման ձևաչափը ճիշտ չէր ընտրված, որովհետև երկրի համար նման կարևորագույն ճակատագրական խնդիրը քննարկելու համար այդքան կարճ ժամանակ չէր կարելի սահմանել: Հնարավորություն չեղավ հնչեցնել մեզ անհանգստացնող հարցերը: Օրինակ` այն, որ այդ որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Կամ՝ այն, որ այդքան շատ է խոսվում, թե այդ գործընթացը պայմանավորված է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության խնդիրներով: Այս դեպքում ես կուզենայի իմանալ, թե իրենք հայտարարությունների մակարդակից այն կողմ անցե՞լ են, երաշխիքներ ստացե՞լ են այդ հարցի հետ կապված, թե՞ խնդիրը թողնվել է հակառակ կողմի բարի ցանկությունների դաշտում: Ես ուզում էի նրան հարց ուղղել, թե դաշնակցային հարաբերություններ ունեցող պետության կողմից ակնհայտ խախտում արձանագրվեց Ադրբեջանին զենք վաճառելու գործարքով, իսկ ՀՀ որևէ պաշտոնյա այդ մասին պետական մակարդակով չխոսեց: 1997թ. հայ-ռուսական բարեկամական պարտավորությունների մասին պայմանագրում հստակ կետ կա, որ մյուս կողմը պարտավոր է չնպաստել կոնֆլիկտի զարգացմանը: Ավելին՝ պարտավոր է նվազեցնել այն: Իսկ մեզ հետ, մեղմ ասած, կոնֆլիկտ ունեցող կողմին ՌԴ-ն ապահովեց ռուսական վերջին զինտեխնիկայով: Եվ դա ուղղված է ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ` այն դեպքում, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է:
Կուզենայի նաև մեկ այլ հանգամանք կարևորել. իմ խորին համոզմամբ` Մաքսային միությանը միանալու գործընթացով ոչ թե ՀՀ անվտանգությունն է ուժեղացվում, այլ խարխլելով մեր պետականության և ինքնության հիմքերը՝ մեր երկրին ավելի մեծ կախվածության մեջ են դնում մեկ կենտրոնից, տվյալ պարագայում Ռուսաստանից: Իսկ եթե հայ-ռուսական որևէ գործարք է լինում, ապա գործ ունենք հայկական կողմի շահի կոպտորեն անտեսման հետ: Ես նկատի ունեմ տնտեսական այն գործարքները, որոնց արդյունքում մեր ռազմավարական նշանակության օբյեկտները հայտնվեցին ռուսական մենաշնորհի տակ: Այսօր ՌԴ-ն Հայաստանում բացառիկ մենաշնորհ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսին գազն է, էլեկտրաէներգիան, անգամ նույնիսկ կապը, թեև երրորդ օպերատոր կա: Եվ ամենավտանգավոր բանը, որ տեսնում եմ այս գործընթացում, դա Հայաստանի զարգացման հեռանկարի թուլացումն է, զարգացման հնարավորության նվազումը: Կուզենայի նաև իմանալ, թե ինչով է բացատրվում այն իրավիճակը, որ մոսկովյան հայտարարությունից հետո եվրոպական չինովնիկների հայտարարություններում և միջազգային հանրության կողմից, մեղմ ասած, ոչ բարենպաստ վերաբերմունք է դրսևորվում մեր երկրի նկատմամբ:
– Դուք ասում եք, որ այդ որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, բայց իշխանությունները հայտարարում են, որ նման խնդիր չկա:
– Թող ևս մեկ անգամ ընթերցեն Մաքսային միության կանոնադրությունը, որով նախատեսված է մի տնտեսական հանձնաժողով, որն ունի վերազգային գործառույթներ: Իսկ դրանք նախատեսում են երրորդ պետության հետ մաքսատուրքերի, տնտեսական հարաբերությունների կարգավորման և ընդհանուր բանկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական հարցերի կարգավորում: Իսկ մեր Սահմանադրության 1-ին հոդվածն ուղղակի ամրագրում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն է: Եվ 114-րդ հոդվածում ամրագրված է, որ 1-ին և 2-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն նույնիսկ հանրաքվեի միջոցով: Մեր Սահմանադրությունը չի նախատեսում, որ որևէ վերազգային կառույցի որոշումները անդամ հանդիսացող պետությունների տարածքներում ենթակա են պարտադիր կատարման: Սահմանադրության խախտման ավելի վառ ապացույց չկա, այլ հարց է, որ չեն ուզում դա տեսնել:
– Հասկանալի էր, որ ՌԴ-ն Մաքսային միությանը միանալու հարցով Հայաստանի վրա պետք է ճնշում գործադրի, բայց անսպասելի էր, որ դա այդքան արագ կլինի: Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի այդ շտապողականությունը:
– Շատ ակնհայտ իրավիճակ է, քանի որ կա Ուկրաինայի խնդիրը, Սիրիայի խնդիրը և այդ հարցերում գերտերությունների տարաբնույթ շահերի բախումը: Կարծում եմ, որ ՀՀ-ն այդ գործընթացների և շահերի բախման ուղղակի զոհը դարձավ: Ցավոք, ՀՀ տնտեսությունը թույլ լինելու պատճառով էական նշանակություն չունի ոչ ռուսական, ոչ էլ Եվրամիության շուկաներում: Եվ մնում է եզրակացնել, որ Հայաստանի հետ կատարվածը պարզապես օրինակ էր այլ երկրների համար: Դա զուտ քաղաքական և հոգեբանական խնդիր էր և ոչ թե տնտեսական: Այլ հարց է, որ ՀՀ-ի վրա ցանկացած տնտեսական ճնշում էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության և կենսամակարդակի վրա: Եվ այդ առումով էլ ԼՂՀ անվտանգության ամենակարևոր երաշխիքը կարող է լինել միայն կենսունակ, զարգացող և զարգացման հեռանկար ունեցող պետությունը, այլ ոչ` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով կիսագաղութային, կախյալ վիճակում գտնվող երկիրը:
– Ուկրաինայի հարցը շատ ավելի էր կարևորվում ՌԴ համար, ու թվում էր, թե ՌԴ-ն իր ուժերը պետք է կենտրոնացներ այդ երկրի ուղղությամբ:
– Ուկրաինան ոչ միայն ՌԴ-ի համար էր կարևոր, այլև՝ ԵՄ-ի, որովհետև ավելի մեծ խաղացող է: Ուկրաինայի տնտեսական, հանքային, հողային ռեսուրսները միջազգային հարաբերություններում ավելի արժեքավոր են գնահատվում: Իսկ միջազգային հարաբերություններում առաջնորդվում են իրենց շահերով, և ցանկալի կլինի, որ ՀՀ-ն էլ առաջնորդվի իր շահով: Եվ Ուկրաինայի վրա երբեք չեն դադարել ճնշումները, դրանք կշարունակվեն: Պարզապես ՀՀ-ն, որպես թույլ օղակ, չդիմացավ այդ ճնշումներին:
– ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չեն իշխանությունների՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը: Նրանք պարզապես դժգոհում են, որ այդ մասին իրենց ու հանրությանը նախապես տեղյակ չի պահվել, նախապես քննարկում չի եղել:
– Ցավոք, կա այդ միտումը: Մենք դատապարտում ենք այդ որոշումը և գտնում ենք, որ ճնշման ազդեցության ներքո կատարված գործողությունը չի արդարացվում: Մենք գործ ունենք ՀՀ ինքնիշխանության նվազեցման հետ: Նախ` չէր կարելի հասնել այս վիճակին, որ այդպիսի ճնշումներ գործադրվեին: Իսկ դա մեկ օրվա, մեկ տարվա կամ մի քանի տարվա խնդիր չէ: Չեմ կարող չնշել, որ ՀՀ իրար հաջորդող իշխանությունները տարիներ շարունակ արտաքին քաղաքական ուղղվածությունը տարել են դեպի ռուսական միաբևեռ կողմը: Այսինքն` միջազգային հարաբերություններում չի ապահովվել այն քաղաքական մթնոլորտը, որը Հայաստանին հնարավորություն կտար խուսափել այս վիճակից:
Արմինե Ավետյան