«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին հավատ չեն ներշնչում իշխանության բացատրությունները, թե խնդրահարույց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու Վենետիկի հանձնաժողով ուղարկելը զուտ տեխնիկական հարց է: Նա NewsBook-ի հետ զրույցում պնդեց, որ իշխանությունների նման քայլը պատահականություն որակելն անհարիր կլինի: «Այսօր տեխնոլոգիաների դար է և ամենածայրահեղ դեպքում կարող էին իրենց կայքում հրապարակել, այսինքն՝ ով ցանկանա, օգտվի: Եթե չէին ուղարկում քաղաքական ուժերին, ապա, սկզբնական փուլում կայքում դնելով, մենք, գոնե, պարտավորված չէինք լինի Վենետիկի հանձնաժողովի կայքից տեղեկանալ նախագծի մասին և փորձել անգլերենից թարգմանել հայերեն: Կանխամտածված էր և կարծում եմ՝ իշխանություններն առաջնորդվեցին այն կանխավարկածով, որ որքան քիչ ժամանակ լինի, այնքան քիչ կխոսվի դրա մասին և էֆեկտ քիչ կլինի»,- ասաց նա:
Քոքոբելյանի դիտարկմամբ՝ ԸՕ-ի հետ կապված քաղաքական երկխոսություն չկա, կա բացառապես քաղաքական երկխոսության իմիտացիա, որում բոլորը շատ կարճ ժամանակ հետո կհամոզվեն: Վերջինիս խոսքով՝ ԸՕ-ում կան առանցքային մի քանի խնդիրներ, և եթե դրանք չընդունեն, ապա մյուս կարգավորումները քիչ էական կլինեն: «Թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար ԸՕ նախագիծը պետք է անհրաժեշտ մեխանիզմներ տա, ոչ թե բավարար: Եթե այդ կետերը՝ ցուցակների հրապարակում, մատնահետքով էլեկտրոնային գրանցում և այլն, չընդունվի, ապա անիմաստ են մյուս փոփոխությունները: Ինձ համար զարմանալի է, որ ընդդիմադիր ընկերներս, խոսելով արդար ընտրությունների մասին, ուշադրություն չեն դարձնում նաև 97-րդ հոդվածին: Ըստ այդ հոդվածի՝ ցանկացած քաղաքական ուժ կարող է ձևավորել կոալիցիա, բայց միայն այն ուժի հետ, որը ձայների առավելությամբ 2-րդ տեղում է: Պատկերացրեք, որ կարող է լինել մի իրավիճակ, որ բացի առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած ուժերից, մնացյալ բոլորը միասին ունենան 67 տոկոս ձայն, սակայն նրանք միմյանց հետ կոալիցիա կազմել չեն կարող և զրկված են կառավարություն կազմելու հնարավորությունից»,- մատնանշեց Քոքոբելյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը նշեց, որ 2017 թվականի ընտրություններին մասնակցելու են: Այս պահին նրանք ունեն իրենց քաղաքական օրակարգը, որը կներկայացնեն հասարակությանը: Միևնույն ժամանակ Քոքոբելյանը չի բացառում այլ ուժերի հետ համախմբումը, սակայն, նրա համոզմամբ, դաշինքները պետք է լինեն միայն գաղափարական հենքի վրա:
Հարցին` 5 տոկոսով խորհրդարան մտնելը հաղթանակ համարո՞ւմ եք, պատգամավորն արձագանքեց, որ 5 տոկոսը երբեք հաղթանակ չի եղել և չի լինի, սակայն չի կարծում, որ ընդդիմությունը պետք է ձեռքները ծալած նստի: «Միշտ ամեն ինչ կարելի է անել, և հասարակության դժգոհության աստիճանն այնքան բարձր է, որ չեմ բացառում, որ որևիցե Ընտրական օրենսգիրք չկարողանա փրկել իշխանություններին: Մենք մի քանի անգամ ականատես ենք եղել հասարակության ընդվզմանը և չի բացառվում, որ նորից ընդվզման խնդիրներ կարող են առաջանալ: Փաստ է՝ հասարակության ճնշող մեծամասնությունն իշխանության կարծիքը չի կիսում՝ հատկապես ներքին խնդիրների հետ կապված»,- եզրափակեց նա: