Սահմանադրական փոփոխությունների շրջանակում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել էին նաև Ազատ դեմոկրատների ներկայացուցիչները: Այդ հանդիպման վերաբերյալ Հրապարակ օրեթերթի հարցերին պատասխանել է Ազատ դեմոկրատներ կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, ով թեեւ չէր եղել նախագահականում, սակայն ասաց, որ ոչ մի աննորմալ բան չի տեսնում նախագահին հյուրընկալվելու մեջ եւ խիստ քննադատողներին հիշեցնում է ամենաարմատական ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի մասին, որով առաջարկում էր հանդիպում Ցեղասպանության հռչակագիրը քննարկելու թեմայով: «Եթե այդպես է, թող ՀԱԿ-ը նամակ չգրեր Սերժ Սարգսյանին: Ցանկացած հրավեր քննարկում, նոր են ընդունում, մարդիկ առաջարկել են հանդիպել, քննարկել հարցը, այդպես էլ եղել է»:
Հարցին, թե հանդիպումը նախկինում հնչեցրած դիրքորոշման վրա ինչպե՞ս է ազդել, Այվազյանը պատասխանեց. «Նախագահական եւ պառլամենտական կառավարման մեջ կան ե’ւ լավ, ե’ւ վատ կողմեր, կառաջարկեն փոփոխությունների փաթեթը, որից հետո կասենք մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ: Մի շարք առաջարկներ ունենք, բնականաբար՝ երբ աշխատանքային խումբը կձեւավորվի, կներկայացնենք: Ուղղակի հիշեցնենք, որ մեր նախընտրական ծրագրի մեջ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը եղել է կարևորագույն դրույթներից մեկը, 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ դա մեր կարգախոսներից մեկն էր, այսինքն մեր այդ մոտեցումը նոր չի առաջացել»:
– Կա՞ն առաջարկներ, որոնք, ընդունվելու դեպքում կպաշտպանեն Սահմանադրության փոփոխությունը: «Վերջնական` հանրաքվեի դրվելիք տեքստը դեռ չկա, այսինքն չգիտենք, թե ինչ առաջարկներ են անելու, միգուցե նոր կետեր առաջարկեն, դեռ տեղյակ չենք, թե ինչ է գրված այնտեղ»: Ինչ վերաբերում է այդ ճանապարհով Սերժ Սարգսյանի վերարտադրմանը, ասաց. «Ես անձամբ էդպես չեմ կարծում, որ ինչ-որ մեկի վերարտադրմանն է նպաստելու, իսկ եթե նախագահական համակարգը լիներ, ինչ-որ մեկը չէ՞ր վերարտադրվելու, ինչ-որ մեկը կորոշեին՝ զբաղեցներ, չէ՞: Ընդամենը մի կետ ասեմ, որից հետո կլիներ լիարժեք ընդունելի, եթե, օրինակ, քննարկվի ու լուծում գտնվի այն հարցին, որ հակակոռուպցիոն մարմնի կառավարումը տրվի ընդդիմությանը, Դուք հավատո՞ւմ եք, որ կլինի… դրա համար չի կարելի ասել, որ մենք այսօր պաշտպանում ենք այդ փաստաթուղթը, մեր առաջարկությունները կներկայացնենք, կպաշտպանեն՝ կընդունենք, չէ՝ չէ»:
Նյութի աղբյուրը ` hraparak.am