Հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ զրուցել ենք Մաքսային միությանն անդամակցության հետևանքների մասին:
Անուշ, ի՞նչ եք կարծում, այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, ինչ-որ մեկի ամբիցիա՞ն էր, ռեալ պոլիտի՞կ, թե՞ ասոցացման պայմանագրին խոչընդոտելու ցանկություն: Տարբեր են մեկնաբանությունները, քանի որ չկա Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը:
Եթե հավատանք այն մտքին, որ նախագահն ասել է՝ իր վրա ճնշումներ չեն եղել (ինքս հակված եմ հավատալ նրան), և, այնուամենայնիվ, Հայաստանը մտել է ՄՄ, սա գնահատում եմ իբրև պետական կառավարչության սխալ օրինակ: Մեր ամբողջ անկախության ավանդույթը ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք պետական կառավարման լուրջ թերացում, և երբ ասում են, որ մենք անկախության համար չենք պայքարել, սուտ է: Պայքարել ենք, բայց այդ պայքարը եղել է չգիտակցված: Անցումները շատ կտրուկ են եղել՝ էկոլոգիա, հետո Ղարաբաղ, հետո անկախություն: Մենք ի սկզբանե չենք պայքարել անկախության համար և ի սկզբանե չենք ունեցել այդ տեսլականը: Եվ երբ ասվում է, որ մեզ անկախությունը տրվեց, թվում էր, թե ժամանակն է, որ մենք մտածենք այդ անկախության պահպանման և հաստատման մասին, բայց պարզվեց, որ պայքարողներ մենք ունենք, իսկ կառավարիչներ՝ ոչ: Այն, ինչ վերջին 22 տարիներին Հայաստանում կատարվում է, անվանում եմ ոչ թե գաղափարական, իմպերիաների պայքար կամ քաղաքական ճգնաժամ, այլ կառավարման, պրոֆեսիոնալիզմի լուրջ ճգնաժամ: Ըստ այդմ` ընդդիմությունից էլ ակնկալվում է Չե Գեւարայի կեցվածքը,սակայն դա հեղհեղուկ և նույն կառավարման ճգնաժամի բերող կեցվածք է:
Ինչո՞ւ չկան պրոֆեսիոնալ կառավարիչներ, որովհետև երբևէ չեն թողել, որ անհատականությունները զբաղվեն քաղաքակությամբ, թե սա ավելի գենետիկորեն արմատացած է:
Գենետիկ չափաբաժին այստեղ կա: Տեսեք՝ երկրները, որոնք հիմա շատ հաջող ընթանում են անկախության ճանապարհով՝ Մերձբալթյան երկրները, Վրաստանը և Ուկրաինան, հակասովետական ավանդույթ ունեցել են իրենց ողջ սովետական տարիների ընթացքում: Օրինակ՝ Արևմտյան Ուկրաինայում ուկրաիներենի աստվածացումը և ռուսերենի արհամարհումը: Այն հանգամանքը, որ սովետական իշխանության օրոք վրացիները պայքարում էին ռուսատառ յուրաքանչյուր ցուցանակի վերացման համար և գրեթե ոչ մի վրացի երեխա չէր գնում ռուսական դպրոց, որ Էստոնիան ուղղակի արտադրում էր հակասովետական անեկդոտներ, փաստում է, որ այդ երկրներում ներքին պայքար է եղել սովետական տարիների ընթացքում: Մի բան, որ Հայաստանում չի եղել: Մենք ունեցել ենք միայն անհատներ, իսկ մարդիկ ցանկացել են ինտեգրվել առավել ապահով կառույցի: Սա գալիս է պատրիարխալ մտածողությունից: Մենք պատրիարխալ հասարակություն ենք, իսկ պատրիարխալ հասարակությունը ուզում է, որ ոչ թե ինքը կառավարի, այլ իրեն կառավարեն: Եվ երբ պայքարեց անկախության համար, հաջորդ հարցն առաջացավ՝ իսկ ի՞նչ է բերում անկախությունը մարդուն: Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ պետականությունն ընկալում է իբրև գաղափարախոսություն, մնացածներն ուզում են անկախության, պետականության օրոք լավ ապրեն, բայց ստացվում է՝ նրանք անկախության օրոք ավելի վատ են ապրում, որովհետև մեր կառավարիչները 22 տարի շարունակ չեն իրականացնում ճիշտ կառավարման գործառույթ: Ճիշտ կառավարման ֆունկցիան այն է, որ դու հանրային ռեսուրսը վերցնում ես և արդյունավետ շահագործում պետականության համար, որ դու զարգացնում ես պրոֆեսիոնալ բազան, պրոֆեսիոնալ կրթությունը, առողջապահությունը: Ի՞նչ ունեցանք մենք. Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր կռված տղաները պետք է դառնան գեներալներ և «փայ» ունենան. միգուցե սա պատրիարխալ տեսանկյունից շատ արդար է, բայց պրոֆեսիոնալ կառավարման տեսանկյունից աբսուրդ է:
Մենք պայքարում էինք՝ չգիտակցելով ի՞նչ է անկախությունը:
Դա այդպիսի փուլ էր, բայց այդ փուլի հաջորդ օրն իսկ մարդիկ պետք է մտածեին պրոֆեսիոնալ զորավարների, պրոֆեսիոնալ կռվողների մասին: Եթե քո անվտանգությունը մշտապես վտանգված է, քո գերխնդիրն է ունենալ գերպրոֆեսիոնալ բանակ, ո՞ւր է այդ գերպրոֆեսիոնալ բանակը: 22 տարի չափաբաժին ենք անցել և մի պրոֆեսիոնալ գեներալ չունենք, որը աշխատանքի հրավեր ստանա որևէ բանակից, նույնիսկ ռուսական: Օրերս մի ցնցող նորություն իմացա. Ռուսաստանը ճանաչում է 201 բուհերի դիպլոմներն իր կրթական համակարգում, և դրանցից որևէ մեկը հայկական բուհ չէ: Այսինքն՝ նույն մեր մաքսային դաշնակիցը մեր կրթության որակը համարում է ոչ վստահելի: Նույնը առողջապահությունը: Ինչո՞ւ որևէ մեկը չի բուժվում Հայաստանում կամ Ռուսաստանում, ինչու որևէ մեկը իր փողերը չի վստահում Հայաստանին կամ Ռուսաստանին. պարզ պատճառով՝ այդ պետությունն անկանխատեսելի է և չի ապահովում լավագույն ստանդարտը իր քաղաքացու համար, մարդու իրավունքների, դատարանի լավագույն ստանդարտը: Այս դեպքում ինչպես կարող է նա այդ ստանդարտն ապահովել մեկ այլ երկրի քաղաքացու համար: Հիմա խոսում ենք կարծեցյալ անվտանգության մասին, ես այն երկու համակարգի եմ բաժանում. առաջին՝ դրսի հարձակումն է, որի ընթացքում նոր տեխնիկայի պայմաններում ամեն ինչ լուծվում է շատ արագ, և ներքին անվտանգություն, որը կապված է ժողովրդի սոցիալական վիճակի, կյանքի, առողջապահական ստանդարտի, հոգեկան առողջության հետ, և այդ բոլոր չափանիշներն օր օրի անկում են ապրում: Բա որևէ մեկը չի՞ հարցնում՝ որ վտանգն է ավելի առարկայական, այն, որ կարող են դրսից խփե՞լ, թե այն, որ կարող է ներսից պայթի: Իմ կարծիքով, ներսի վտանգը շատ ավելի առարկայական է:
Ներքին պայթյուն արդյոք հնարավոր է, երբ շարքային վարորդից սկսած՝ ասում են, որ ճիշտ է ՄՄ անդամակցությունը, որ փորձը ցույց տվեց՝ հայը չի կարողանում կառավարել երկիրը:
Բայց իրենք ճիշտ են, քանի որ մենք ունենք կառավարման ճգնաժամ, և այդ թերի կառավարումից բխում են բոլոր սխալները: Հանձին տաքսու վարորդի՝ դու կամ պետք է ունենաս պետականության նվիրյալ, որը մի քիչ բարդ է պատկերացնել, որը ամբողջ օրը ունի օրվա հացի խնդիր և որի ստանդարտները կորցրած մեքենան աղտոտում է քաղաքը սարսափելի ուժգնությամբ: Այսինքն՝ եթե այդ մարդուց դու չես կարող ակնկալել գաղափարական այդպիսի նվիրում, ուրեմն դու նրան պետք է տաս սոցիալական պաշտպանվածություն: 22 տարվա ընթացքում մարդը համոզվել է, որ հայկական կառավարման մեխանիզը նրան չի տալու սոցիալական պաշտպանվածությունը, քանի որ հայկական կառավարման մեխանիզմը բաշխում և վերաբաշխում է հանրային ունեցվածքը մի քանի մարդկանց միջև: Մի բան միայն չի հասկանում տաքսու վարորդը, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ Հայաստանում իրականացնել արդյունավետ կառավարում: Եվ հաստատ իրավիճակը դրանից չի լավանալու, որովհետև ՄՄ ողջ էությունը Ռուսաստանի սահմանների վիրտուալ ընլայնումն է, որ այդ երկրները չգնան Եվրոպա, այլ մնան Ռուսաստանի անվտանգության տիրույթում: Թե ինչպիսին կլինի Հայաստանի սոցիալական վիճակը՝ ով սովից կմեռնի, քանի մարդ կարտագաղթի, բացարձակապես չի հետաքրքրում թե ռուս, թե հայ պաշտոնյաներին:
Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը Հայաստանի շնորհիվ ավելի ուժեղացա՞վ, ավելի կարևոր սուբյե՞կտ դարձավ աշխարհում:
Պուտինին հաջողվում է իր ծրագրած քաղաքական բլեֆը: Ռուսաստանը կտրուկ տանուլ է տալիս երկու պատերազմներ՝ մեկը ինովացիոն, մյուսը՝ դեմոգրաֆիական: Այդ երկու պատերազմները տանուլ է տվել և մնացել է շահել շանտաժի և բլեֆի պատերազմը: Այսքան տարիների ընդմիջումից հետո Ռուսաստանը հավասարը հավասարի հետ բանակցում է Ամերիկայի հետ սիրիական ճգնաժամի կապակցությամբ, այսքան տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը Հայաստանը վերաբաժանում և խոսում է նոր ազգային գաղափարի մասին: Մաքսային միության պրոպագանդան նույնպես կառավարման ճգնաժամի արդյունք է, ոչ միայն սոցիալական, այլ նաև մտավոր, որովհետև կառավարությունը, երբ ուզում է կառուցել պետականություն, սկսում է կառուցել այդ պետականությանը համահունչ հասարակություն: Կառավարման 22 տարիների ընթացքում ոչ մի անգամ փորձ չեղավ աճեցնել պրոֆեսիոնալ կառավարման և հասարակական համակարգեր:
Եթե վաղը մեր պետական կառավարման էլիտան գնա բուժվելու Վորոնեժում, իսկ փողերը պահի Մոսկվայում, հավատացնում եմ՝ ես հավատ կունենամ ՄՄ-ի ապագայի նկատմամբ: Հիմա քանի դեռ բոլոր գումարները գնում են Շվեյցիարիա, իսկ բուժումն իրականացվում է Գերմանիայում, ես մտավախություն ունեմ, որ դարձյալ անհատական ստանդարտը մեր էլիտան ճանաչում է իր համար որպես լավագույն, իսկ վատագույն ստանդարտը հրամցնում պետությանը, մարդկանց:
Ի՞նչ հետևանքներ եք կանխատեսում ՄՄ պարագայում:
Ես կանխատեսում եմ սպիտակ ժանտախտ ահագնացող միգրացիայի շնորհիվ: Մենք ունեցանք երկու ստորացում. առաջինը՝ մեզ ստորացրին ՄՄ անդամակցությամբ, որին հետևեց ստորացումների երկրորդ շարքը, որ գազը չի էժանանալու, երկաթուղին չի վերանորոգվելու, Ադրբեջանին զենք վաճառեցին՝ ակնհայտ ցույց տալով, որ ՄՄ մեր մտնելը որևէ առումով մեզ տնտեսական բարիք և ապահովություն չի բերելու: Դրսի ստորացմանը անմիջական արձագանքեց ներսի ստորացումը. մենք նորից ունեցանք տրանսպորտի գնի բարձրացման հայտարարություն, Սուրեն Խաչատրյանի որդու ազատ արձակումը, մենք ունեցանք Փակ շուկայի խնդիրը: Նշանակում է, որ Ռուսաստանը ոչ թե չի հետաքրքրվում ժողովրդի օրակարգային խնդիրների լուծման համար, այլ ընդհակառակը, իշխանություններին քարտ-բլանշ է տալիս խնդիրները նման ձևով լուծելու համար: Այնուամենայնիվ, եվրոպական խաղերի ժամանակ այստեղ իրավիճակն ավելի մեղմ էր:
Այսինքն՝ մինչև Պուտինի նախագահության ավարտը Հայաստանի զարգացման հեռանկարը չի՞ երևալու:
Ես լավատես եմ, 21-րդ դարն է: Հաջորդ օրը, եթե ՀՀ իշխանություններն արգելեն ինտերնետը, ես կլքեմ Հայաստանը մի պարզ պատճառով՝ քանի դեռ կա այս թափանցիկությունը, քանի դեռ կա շփման հնարավորությունը, ուղեղային սահմանների բացությունը հանգեցնում է ֆիզիկական սահմանների բացմանը: Արգելափակելու ռեժիմը չի կարող աշխատել 21-րդ դարում, և եթե անգամ աշխատում է, աշխատում է նավթային երկրներում, երբ դու կարող ես վերցնել բյուջեի 40 տոկոսը, իսկ 60 տոկոսը քո ժողովրդին հերիքում է, բայց դա Հայաստանում չի կարող լինել, քանի որ երկրի ռեսուրսը շատ սահմանափակ է:
Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա՝ արժանի՞ է ինքը պետականությանը, թե ոչ: Այո, ես կարծում եմ, որ պետականությունը աշխարհում գոյատևելու և հաստատվելու միակ ձևն է: Չկա ավելի հզոր այցեքարտ, քան հզոր պետականությունն է: Եվ եթե եկել է պահը պետականություն չունենալու, ուրեմն մենք պետք է կարողանանք մեր սերունդներին բացատրել, թե ինչու մենք հերթական անգամ, կրկնելով հին սխալները, կորցրինք այն ամենը, ինչ ստեղծված էր այդքան ծանր գնով: Սխալների բնույթը չի փոխվում՝ թե դիվանագիտական, թե մարդկային: Եվ այդ սխալների հիմքում ընկած է երկու բան՝ կարճատեսությունը և պրիմիտիվ ագահությունը:
Սիրանույշ Պապյան