«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փաստաթղթի բոլոր կետերը բացահայտ փաստում են, որ այս անգամ, չնայած Հայաստանը հայտնել է ԵՏՄ մտնելու իր որոշման մասին, իհարկե, ՆԱՏՕ-ն Հայաստանի հանդեպ անբացատրելիորեն բարեհաճ է»,- այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ հանտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին:Ըստ նրա, դա վկայում է, որ, այնուամենայնիվ, վտանգները տեսանելի են բոլորին. «Ուղղակի այստեղ այսպիսի խնդիր կա, թե ի՞նչ աստիճանի արդյունավետ ռեակացիա կարելի է տալ այդ պետական վտանգին, որովհետև ռուսական ճամբարում մնալը՝ ԵՏՄ-ի ճամբարում մնալը, եթե մինչև Ուկրաինան ուղղակի կարող էր լինել սխալ տնտեսական որոշում, ապա Ուկրաինայի դեպքերից հետո դարձել է լուրջ պետական վտանգ, և հիմա կողմնորոշման խնդիր է»:
Ա. Սեդրակյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ Ուելսի այդ փաստաթուղթը, դրան հետևող գործողությունները Հայաստանի ոչ այնքան նպաստավոր քայլերի համատեքստում, երևի, այն հազվագյուտ նպաստավոր քայլերից է, որ կարելի է գնահատել՝ իբրև Հայաստանի քաղաքականությունը ճահճից հանելու փորձ. «Բայց դա ընդամենը փորձ է, հաստատ ճահճից հանել չէ, որովհետև դրան պետք է շատ գործողություններ հետևեն»:
Ա. Սեդրակյանը նշեց, որ մենք ունենք հաստատապես մոնոէթնիկ քրիստոնյա բնակչություն, որը նպաստավոր է Արևմուտքի հետ հարաբերություններում. «Իսկ դուք տեսնում եք, որ վերջերս Ամերիկան հայտարարել է ռեալ պայքար տեռորիզմի դեմ՝ հանելով այդ «պայքար տերորիզմի» միջից իսլամական բաղադրիչը՝ կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, բայց մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է հենց իսլամական տեռորիզմի մասին, որովհետև ներկա պահին աշխարհին հենց դա է սպառնում, և, այդ կոնտեքստում, մոնոէթնիկ քրիստոնյա երկիրը բնույթով արդեն գործընկեր է Արևմուտքին՝ այդ նոր հայտարարած պատերազմի շրջանակներում: Դրա համար Արևմուտքը ոչ այնքան փորձելու է մեզ պոկել Ռուսաստանից, որովհետև այդ խնդիրը չունի, արդեն նա հասկացել է, որ իմաստ չունի երկրները պոկել Ռուսաստանից, այլ իմաստ ունի ուղղակի Ռուսաստանն իբրև գործոն վերացնել, դա շատ ավելի արդյունավետ է: Եւ դրա համար մենք հիմա կանգնում ենք այն փաստի առաջ, որ մենք կարող ենք մեր աշխարահագրական շատ բարենպաստ դիրքի պատճառով շատ օգուտներ ու բոնուսներ ունենալ՝ առանց սպասելու, որ Արևմուտքը մեզ որևէ մեկից պոկի: Ուղղակի մենք ինքներս պետք է փորձենք առավելագույնս չպոկվել քաղաքակիրթ աշխարհից: Հայաստանի թիվ մեկ գերխնդիրը այդ է՝ դժվարությունների միջով չպոկվել քաղաքակիրթ աշխարհից»,- ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը վստահ է, որ Արևմուտքի կողմից սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ արդեն սկսել են անդրադառնալ Հայաստանի վրան նկատելով, որ Հայաստանն այդ պատժամիջոցներից օգտվելու մեկ տարբերակ ունի. «Այսինքն՝ վերցնել և դառնալ այն փաթեթավորող, միջնորդ երկիրը, որը կկարողանա տանել ապրանքը, մտցնել Ռուսաստան՝ իբր թե հայակական ապրանքի տեսքով: Այս սպեկուլյատիվ ապրանքաշրջանառությունից մենք ինչ-որ բան կարող ենք շահել, բայց ես չեմ կարծում, որ հարցը այս ապրանքային սանկցիաների մեջ է, ավելի լուրջ սանկցիաներ են տեղի ունենում՝ դա նավթի էժանացումն է, գազի էժանացումն է»,- ասաց նա:
Ըստ Սեդրակյանի, ասյօր Ռուսաստանն ունի պետական գույք ու սեփականություն Արևմուտքի բոլոր երկրներում. «Դրանք փայաբաժիններն են նավթավերամշակման, արդյունաբերական կազմակերպություններում, դրանք պետական գույք են, պետակցիաներ են տարբեր խոշոր պետական կորպորացիաներում: Եւ սանկցիայի վերջին փաթեթն ուղղակի ուղիղ խփում է այդ պետական գույքի շահագործմանն ու ընդհանուր շափաբաժնին»:
Ա. Սեդրակյանի խոսքով հիմա արդեն Արևմուտքն ընկալել է Ռուսաստանը՝ իբրև վտանգ և դնում է Ռուսաստանը վերջնականապես տնտեսապես և քաղաքականապես ծվատելու խնդիրը. «Ընդ որում, այդ ծրագիրը Ամերիկայի նախագահը գրեթե բառ առ բառ հնչեցրեց, որ այլևս Ռուսաստանը որևէ կերպ չի կարող համարվել նույնիսկ ՆԱՏՕ-ի նեյտրալ գործընկեր: Իսկ դա թարգմանաբար նշանակում է, որ այսուհետ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի թշնամին է, և դա արվում է ամենաբարձր ատյանների մակարդակով»:
Ա. Սեդրակյանը կարծում է, որ աշխարհը դնում է տնտեսական և քաղաքական բարիկադներ ու մենք հայտնվում ենք բարիկադների ոչ բարենպաստ կողմում. «Եթե անգամ մենք որոշակի պահի շահենք միջնորդ-փաթեթավորողի ֆունկցիայից (եթե մեզ թույլ տան, եթե մեր մաքսատուրքերը ԵՏՄ-ն այնքան չբարձրացնի, որ այդ սպեկուլյատիվ լուսանցքից էլ մենք ոչինչ չշահենք), գլոբալ առումով մենք շատ տուժում ենք: Եւ այստեղ պետք է արդեն խորագույնս մտածենք պետական շահի մասին: Մենք միշտ խոսում ենք անվտանգության մասին՝ ի նկատի ունենալով առաջին էտապի ռազմական արձագանքը, այսինքն՝ ռազմական անվտանգությունը, երբ որ մենք արդեն մոռանում ենք զուտ էլեմենտար սոցիալ- տնտեսական, առողջապահական անվտանգության մասին, որովհետև լուրջ քննարկվում է ոչ թե վիզաների տրամադրման խնդիրը, այլ այն խնդիրը, որ նույնիսկ Արևմուտքի հետ այդ մարդկանց փոխանակությունն էլ կարող է շատ դժվարանալ: Մինչդեռ, Հայաստանը, ցավոք, միգրանտական շուկա է, մենք աշխատուժ ենք արտահանում և կարող ենք կանգնել նաև այն փատսի առաջ, որ սկսած առողջապահական խնդրից, վերջացրած աշխատանքային խնդրով՝ այլևս չկարողանանք լուծել»: