ԵՏՄ անդամ պետությունները ոչ ադեկվատ մոտեցումներ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի նկատմամբ, և այդ առումով ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը Սերժ Սարգսյանի մասնակցությունը ես կարևոր չեմ համարում:
Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցում մայիսի 8-ին ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը:
«Հայտնի է իմ վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միության հետ կապված, ես միշտ ասել եմ, որ այդ կառույցը հարմարեցված է Պուտինի ռեժիմին: Դրա ապացույցները ցույց տալու կարիք չկա, մենք դրանում բազմիցս համոզվեցինք: Համոզվեցինք նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ողջ ընթացքում՝ ԵՏՄ անդամ պետությունների մասնակցության առումով: Ի նկատի ունեմ Բելոռուսին, որի նախագահն այդ օրերին գտնվում էր հարևան Վրաստանում և ճանաչեց Վրաստանի տարածքային ամբողջականությունն` ի հեճուկս ռուսական շահերի: Ղազախստանի կողմից պատվիրակություն գալու մասին, կարծես թե, առիթ չունենցանք լսելու: Այսինքն` թե՛ տնտեսական, թե՛ ցավի առումով ԵՏՄ միության մեջ մենք այլ վերաբերմունքի արժանացանք: Սա ևս մի անգամ ապացուցեց, որ այդ կառույցում ամեն մեկն իր առանձին շահով առաջնորդվող է և ընդհանուր շահի ձևակերպման բացակայություն կա: Այսինքն` ամեն ինչ հարմարեցված է ռուսական արտաքին քաղաքականությանը, ռուսական տնտեսության շահերին, և այս առումով բոլոր այն միջոցառումների շարքը, որը կազմակերպվում է ԵՏՄ-ի շրջանակներում, ես համարում եմ ոչ էական: Նույնիսկ ես այնտեղ արժանապատվության խնդիր եմ տեսնում: Քաղաքական շահը մեզ հուշում է, որ ԵՏՄ անդամ պետությունները ոչ ադեկվատ մոտեցումներ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի նկատմամբ, և այդ առումով Սերժ Սարգսյանի մասնակցությունը մայիսի 8-ի հանդիպմանը կարևոր չեմ համարում»,- եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը:
Աղբյուրը ` Newsbook.am