«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, նշեց, որ Վլադիմիր Պուտինը աշխարհին փորձեց ցույց տալ, որ ինքը ավելի շատ լծակներ ունի ազդելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վրա, քան որևէ այլ երկիր: Ինչպես նաև, որ Կովկասում իրավիճակի սրումը կամ հանդարտեցումը ավելի շատ կախված է անձամբ իրենից: Խաչատուր Քոքոբելյանը անդրադարձավ նաև եռակողմ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին և ի տարբերություն Նախագահի հայտնած կարծիքի ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության համակարգ, որի անդամ է Հայաստանը, պարտավոր էր արձագանքել սահմանին տիրող իրավիճակին:
-Պարո՛ն Քոքոբելյան, ինչպե՞ս եք գնահատում Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը, ի՞նչ արդյունք տվեց այն ինչպես սահմանային լարվածության մեղմացման, այնպես էլ ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից:
-Ինձ համար ակնհայտ է մի բան, որ ուկրաինական ճգնաժամի շուրջ տեղի ունեցող պրոցեսների ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձեց աշխարհին ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում, նկատի ունեմ Կովկասում, մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վրա ազդեցության ավելի ռեալ լծակներ ունի, քան մեկ այլ երկիր: Դրա ապացույցն է, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդին և ԵԱՀԿ Մինսկի եռանախագահողներին չհաջողվեց հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս լարված իրավիճակում, իսկ Պուտինին հաջողվեց:
Իմ խորին համոզմամբ, ՌԴ-ն նաև աշխարհին այս հանդիպումով փորձեց ցույց տվեց, որ Կովկասում իրավիճակի սրումը կամ հանդարտեցումը ավելի շատ կախված է անձամբ իրենից: Որքան էլ Ռուսաստանը ջանա ապացուցել, որ ինքը շահագրգիռ է խաղաղության հաստատման գործում, սակայն ակնհայտ մի փաստ կա. հետևողականորեն ադրբեջանական բանակին այդ ծավալով հարձակողական սպառազինությամբ զինելու արդյունքում խաղաղություն չես հաստատի և, բնականաբար, զենքը ձեռք չեն բերում որպես թանգարանային նմուշ պահելու համար, այլ համապատասխան անհրաժեշտության դեպքում գործածելու իրավունքով: Կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ թե՛ միջազգային հանրությանը, թե՛ մեզ՝ ՀՀ-ին, չի հաջողվել մինչ այս պահը, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանը Ադրբեջանին այդ ծավալով զենք չվաճառի:
Ես կուզենայի, որ ՀՀ նախագահի և Պուտինի առանձնազրույցի մեջ մենք տեսնեինք այդ մեսիջները: Ես չեմ ասում, թե այդ խոսակցությունը չի եղել, գուցե և եղել է, բայց թե՛ հայ և թե՛ միջազգային հանրության համար, իմ կարծիքով, անհրաժեշտ էր տեսնել, որ այդ խնդիրը ևս բարձրացվել է:
Մենք ևս մի ավելորդ անգամ առիթ ունեցանք համոզվելու, որ Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության միակ երաշխավորը մեր մարտունակ բանակն է: Երբ որ դու ի վիճակի ես այսօրվա բարդ աշխարհում պաշտպանել քեզ, աշխարհը քեզ հետ հաշվի է նստում, հակառակ դեպքում` ոչ:
Սոչիում , մասնավորաբար, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ անվտանգության առումով որևէ պարտավորություն չվերցրեց: Իսկ Հայաստանը որոշակի համաձայնություններ տվեց ԵՏՄ մտնելու հետ կապված, ինչը կարծում եմ, այս փուլում, անհեռատես քաղաքականություն է, որովհետև օրեցօր Ռուսաստանը գնում է ինքնամեկուսացման՝ իր իսկ կամքով:
-Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ այս տարվա ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը:
-Նորից եմ ասում՝ ես գտնում եմ, որ Հայաստանը չպետք է ստորագրի այդ համաձայնագիրը ու չսպասի, որ տեսնի, թե երբ են իրեն այդ փաստաթուղթը տալիս, որ ստորագրի: Մենք չպետք է առհասարակ, և առավել ևս այս փուլում մտնենք Եվրասիական միություն: Որովհետև այդ միությունը ապագա չունեցող և Հայաստանին ոչինչ չտվող միություն է:
Եթե որոշ մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պետական չինովնիկներ, փորձում են ներկայացնել, որ դա մեր անվտանգության բաղադրիչը կարող է դառնալ, ապա հայ-ադրբեջանական սահմանին այս վերջին ռազմական իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման շարունակական պրոցեսի արդյունքում, մենք համոզվում ենք, որ դա այդպես չէ: Այսինքն՝ պատկերացրե՛ք, Տավուշի սահմաններում այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին. խաղաղ բնակիչներ են զոհվում, խաղաղ բնակիչների մեքենա է պայթում, տներ են գնդակոծվում և վառվում, դա Տավուշում է`Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է, և ՀԱՊԿ-ը՝ որպես անվտանգության համակարգ, որի անդամ ենք, պարտավոր էր ոչ միայն արձագանքել դրան, այլ նաև շատ կոնկրետ գործողություններ ձեռնարկել, ինչի ականատեսը մենք չեղանք: Եվ ինձ համար, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը պուտինյան ռեժիմի հարմարեցված կառույց է, այլ ոչ թե անդամ պետությունների անվտանգության խնդիրները լուծելու գործիք: Եվ կարծում եմ, որ մեկս մյուսին մեղադրելու փոխարեն, օր առաջ պետք է հասկանանք, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը այս պարագայում Հայաստանի մարտունակ բանակն է, իսկ այդ բանակի թիկունքը կարող է ապահովել միայն զարգացման և ապագայի հեռանկար ունեցող երկիրը: Մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ ՀՀ քաղաքացիները չհեռանան Հայաստանից:
-Այսինքն՝ համաձայն չե՞ք Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած այն մտքին, որ ՀԱՊԿ քարտուղարի առաջիկա այցն Հայաստան արդեն վերաբերմունքի դրսևորում է:
-Վերաբերմունքի դրսևորում ասելով ի՞նչ եք հասկանում: Կրկնում եմ՝ ՀԱՊԿ-ը հարմարեցված է ռուսական իշխանություններին: Եվ նման գործողություններով իրենք փորձում են ցույց տալ, որ դա իրենց տարածքն է: Իսկ ՀՀ-ն բացառապես ՀՀ քաղաքացիների տարածքն է՝ առաջին հերթին դա ամրագրված է Սահմանադրությամբ:
Կա մի ակնհայտ բան. եթե անվտանգության համակարգի անդամ ենք, և մեր սահմաններում տեղի ունեցան ռազմական ագրեսիա հակառակորդի կողմից, և, ցավոք, շարունակվել են նաև այս գիշեր, մեր խաղաղ բնակիչներն են զոհվում, և այլն, և այլն, ի՞նչ եք կարծում՝ պետք էր ՀԱՊԿ-ը արձագանքեր, թե՝ ոչ: Սա տրիվիալ, էլեմենտար ճշմարտություն է, որի հետ հաշվի չնստել, նշանակում է ուղղակի չցանկանալ:
-Նախագահը իր հարցազրույցում անդրադարձավ նաև ընդդիմությանը և նշեց, որ Ադրբեջանի նախագահը հաճախ կրկնում է ընդդիմության խոսքերը՝ Հայաստանը դատարկվում է և այլն: Նա ընդգծեց, որ ընդդիմությունը նրա համար է, որ իշխանությանը քննադատի, բայց նման լարված իրավիճակներում պետք է ավելի զուսպ լինի, համամի՞տ եք Նախագահի հետ:
-Ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատվության զգացում ունեն և ի պատիվ մեր քաղաքացիների և քաղաքական գործիչների, հասարակության լայն շերտերի, բոլորը կարողացան համախմբվել Լեռնային Ղարաբաղի շուրջը և իշխանությունը պետք է գիտակցի, որ համախմբում պետք է լինի ոչ թե իշխանության շուրջը, որը աբսուրդ է, այլ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մեր հասարակությունը գիտակցի, որ ԼՂՀ-ն պետք է դառնա այն ազդակը, որի շուրջը պետք է լինի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության խնդիրը հայ ժողովրդի անվտանգության և արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրն է:
Այսօր Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, որի համար թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է: Կարծում եմ, որ կարիք չկա փորձել դա փաթաթել մյուսների վզին:
Գտնում եմ, որ այդ առումով Սերժ Սարգսյանը ճիշտ հասցեատերեր չի գտել: Եթե մենք հիմա ամեն օր ասենք, որ Հայաստանը դրախտավայր է, կա՞ մեկը, որ կհավատա… Ակնհայտ է, որ այդպես չէ և պատասխանատուն իշխանությունն է, ընդդիմություն առ այսօր որևէ հնարավորություն, ցավոք սրտի, չի ունեցել ու չունի ազդելու Հայաստանի զարգացման վրա: Ես վստահ եմ, որ մենք կապրենք ու կտեսնենք այն ժամանակները, որ Հայաստանի թե՛ քաղաքացիները, թե՛ ընդդիմությունը կարող են և պարտավոր են ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման ու առաջընթացի վրա, որի համար պարտավոր ենք պայքարել բոլորս: