ՀՀ քաղաքական բոլոր ուժերը, անկախ որևէ քաղաքական կենտրոնի հետ նախկինում ունեցած կապվածությունից, պետք է կարողանան սթափ գնահատել ՀՀ-ի հնարավորությունները ԵՄ ինտեգրման գործընթացում:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսելով հուլիսի 24-ին Երևանում ավարտված Հայաստանի և Եվրամիության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլի և համաձայնագրից ետ կանգնելու հնարավորությունների մասին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարն ասաց, որ հաշվի առնելով ԵՄ-ի հետ բանակցությունների երկարաժամկետ գործընթացը՝ուզում է լիահույս լինել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին՝իշխանությունը, քաղաքական այն ուժը, որը այս պահին պատասխանատվություն է կրում այդ գործընթացի համար, ամեն ինչ կանեն, որպեսզի չվիժեցվի այն դրական ավարտը, որը ունեցել ենք այդ բանակցությունների ընթացքում: Ըստ նրա՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել նախկինում իրենց կապվածություններն այս կամ այն կենտրոնների հետ և սթափ գնահատել ՀՀ-ի հնարավորությունները ԵՄ ինտեգրման գործընթացում:
Հարցին՝ բացի դրականից, ի՞նչ մտահոգություններ կան ԵՄ-ի հետ կնքվելիք երկու պայմանագրերի առնչությամբ, նա ասաց, որ անհանգստություններ չունի: Նրա փոխանցմամբ՝ անհանգստություն է ունենում, երբ մամուլում կամ այլ ամբիոններում ականատես է լինում անհիմն անհանգստությունների, երբ նաև պարզ երևում է, որ առանց փաստարկների պարզապես ցանկություն կա ցեխ շպրտելու այդ գործընթացի ուղղությամբ:
«Բնականաբար, այսօր ամբողջ աշխարհը ձգտում է բարձր ստանդարտներով ապրելակերպի, ձգտումէ մեծ շուկաների՝ տնտեսության զարգացման համար, ձգտում է որակական փոփոխությունների և շահագրգիռ է այդ որակական փոփոխություններով, իսկ ՀՀ-ի համար այդ բարեփոխումները պարզապես օրվա հրամայական են, ուստի մենք չպետք է խուսափենք պատասխանատվությունից և պետք է կարողանանք հետևողականորեն քաղաքական կամք դրսևորել և ընդառաջ գնալ այդքան կարևոր գործընթացին, որը կբերի դրական փոփոխություններ ՀՀ քաղաքացու կյանքում,կհանգեցնի տնտեսության առողջացման, ընդհանուր քաղաքական համակարգի բարելավման և ինչու ոչ՝ մեր հարևանների, ռազմավարական գործընկերների հետ նոր որակական հարաբերությունների»,- մեկնաբանեց Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է կարողանա սթափ գնահատել ՀՀ հնարավորությունները և գործի ՀՀ շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների եզրափակիչ՝ 7-րդ փուլի ավարտի կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Եվրոպացի քաղաքական գործիչները հաստատել էին, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև բանակցությունները հաջող ավարտ են ունեցել: Վերջիններս նաև հույս էին հայտնել, թե համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում:
Արաքս Մարտիրոսյան