Մաքսային միության վերաբերյալ քաղաքական տեսանկյունից բազմաթիվ գնահատականներ են հնչել, սակայն քիչ է խոսվել այն մասին, թե այն տնտեսական առումով ինչ օգտակար և ոչ օգտակար դրույթներ է իր մեջ պարունակում: Նշվում է, որ այն իր մեջ ընդգրկում է երկու դրույթ, որոնք շատ օգտակար են Հայաստանի համար հատկապես տնտեսության զարգացման գործում: Դրանք են՝ նոր ատոմակայանի և երկաթգծի կառուցումն ու շահագործումը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը հայտնում է, որ երբ համեմատականներ ենք անցկացնում Մաքսային միության և եվրոպական Ասոցացման համաձայնագրերի միջև, տեսնում ենք, որ Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը մեզ ընձեռում էր եվրոպական երկրների հետ խորը և համապարփակ առևտրային հարաբերություններ ունենալ, որը տնտեսության բարգավաճման համար խոստումնալից հեռանկար էր, սակայն, ի հեճուկս դրան, Մաքսային միությունը մեզ համար չի պարունակում և ոչ մի օգտակար պայման: Պատգամավորը նշում է. «Ես չէի ցանկանա ատոմակայանի կառուցումը կամ երկաթգծի շահագործումը դիտարկել որպես Մաքսային միությանը միանալու առավելություն, որովհետև այսպես թե այնպես թե՛ Հայաստանի Հանրապետությունը, և թե՛ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ամեն ինչ անեն, որ երկաթգիծը բացվի, քանզի 21-րդ դարում փակ սահմանների առկայության պայմաններում՝ տնտեսական կապի և արտաքին կապի առումով, այդ խնդիրը չի հանդիսանում միայն տվյալ երկրի խնդիրը և երկաթգծի գործածումը մասնավորաբար առաջին հերթին պետք է հենց բուն Հայաստանի «Երկաթգիծ» ՓԲԸ-ին, ինչու չէ՝ նաև Ռուսաստանին, որովհետև դա զուտ տնտեսական շահ հետապնդող կառույց է, և հենց հաղորդակցման առումով օր առաջ դա պետք է արվեր և պետք է արվի անկախ այն հանգամանքից, թե մենք տնտեսական որ հարթությունում ենք գտնվում: Այսինքն՝ ճիշտ չէ փորձել այդ դրույթները շահարկել կամ ներկայացնել որպես Մաքսային միությանը անդամագրվելու առավելություն»:
Բանախոսն այն համոզմանն է, որ Մաքսային միությանը անդամագրվելով՝ Հայաստանը ավելի շուտ կորուստներ կգրանցի, քան օգուտներ: Այն ենթադրությունը, որ հնարավոր է նաև ռուսական իշխանությունների կողմից սուբսիդավորվի գազի սակագինը, Խաչատուր Քոքոբելյանը մեջբերում է էներգետիկայի նախարարի հարցազրույցի այն հատվածը, որտեղ Արմեն Մովսիսյանը հայտնում է, որ Մաքսային միություն մուտք գործելը եղել է գազի սակագինը չբարձրացնելու համարժեք փոխհատուցումը: Խաչատուր Քոքոբելյանը այս մոտեցումը անընդունելի է համարում, «Գազի գնի բարձրացում, համաձայն նախարարի հայտարարության, տեղի չի ունենա, դա լավ է, սակայն ինձ համար տարակուսելի էր և զարմանալի, որ էներգետիկայի նախարարը նման նեղ միտք է հայտնում Մաքսային միություն մտնելու գործընթացի վերաբերյալ, քանի որ կարելի է նույնիսկ մնալ առանց գազի, բայց ունենալ զարգացման հեռանկար: Իսկ այսպիսի մոտեցում ուղղակի անթույլատրելի է: Մինչ այդ պետական մակարդակով խոսվում է, որ Մաքսային միություն մուտք ենք գործել անվտանգության խնդիրներից ելնելով, իսկ նախարարի հարցազրույցի տրամաբանությունից ելնելով՝ ստացվում է, որ Մաքսային միություն մտել ենք միայն գազի գինը չբարձրացնելու պատճառով»:
Խոսելով նաև եվրոպական երկրների կողմից հայաստանյան տարբեր ոլորտներում կատարվող ներդրումների մասին, որոնք հնարավոր է, որ Ասոցացման համաձայնագրից վերջնականապես հրաժարվելու արդյունքում նվազեն, պատգամավորը շեշտեց. «Նախ Ասոցացման համաձայնագիրը մեզ հնարավորություն կտար անարգել մուտք գործել աշխարհի ամենամեծ շուկան, որը հնարավորություն կտար օտարերկրյա ներդրողներին, ինչու չէ նաև այդ թվում ռուսական ներդրողներին խոշոր ներդրումներ կատարել, քանի որ թե՛ արևմտյան, թե՛ ռուսական, և թե՛ եվրոպական ներդրողների համար ամենակարևորը լավ դաշտում խաղալն է, և այդ առումով Հայաստանը կլիներ հետաքրքրող տարածաշրջան: Իսկ այսօր Հայաստանում գրեթե օրեցօր նվազում է կապիտալի հոսքը, իսկ արտահոսք կա զգալի չափով: Իհարկե առաջիկայում մենք կտեսնենք, որ ռուսական բիզնես դաշտից Հայաստան կլինեն այցելություններ, համագործակցության ցանկություններ կհայտնեն և այլն, և այլն, սակայն վստահեցնում եմ, որ դա լոկ հայտարարությունների և շոուների մակարդակով էլ կավարտվի»:
Դիանա Դավթյան