Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք էր իրականացնում ԱԺ-ում: Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս միացել է այդ ստորագրահավաքին:
«Իրավունք»–ի հետ զրույցում Քոքոբելյանը նշեց. «Ավելորդ չեմ համարում ասել, որ, իրոք, խիստ որոշակիություն կա, որ 27 ստորագրություն չի հավաքվի: Ես ոչ թե համարում եմ, որ միացել եմ այդ գործընթացին, այլ զուտ դրանով արտահայտում եմ իմ դիրքորոշումը` հանրաքվեի հետ կապված: Ինքս դեմ լինելով այդ ներկայացված նախագծին նաեւ բովանդակային առումով, նշել եմ, թե ինչին ենք մենք դեմ: Այսինքն` դեմ լինելը մեզ համար ինքնանպատակ չի եղել: Բայց նաեւ մասնակցելով բովանդակային քննարկմանը` հնարավորություն ենք ունեցել կարեւորագույն առնվազն 7 հոդված փոփոխելու: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ես` որպես ՀՀ քաղաքացի, անգամ էական չեմ համարում, թե ով էր կողմ, ով էր դեմ, եւ որը կհաղթեր, որքան շատ էի կարեւորում, որ այդ հանրաքվեն չլիներ այն հերթական հանրաքվեներից, որտեղ ժողովրդի վստահության ռեսուրսի մսխում էր տեղի ունենում: Ավելի էական էր, որ այնպիսի թափանցիկ, առանց ընտրախախտումների ընտրություն, քվեարկություն լիներ, որ մեր քաղաքացիների համար համոզիչ լիներ: Իսկ այդ դեպքում վստահությունը կմեծանար, բայց այս պարագայում, առանց այն էլ գոյություն չունեցող վստահությունն այն ինստիտուտների նկատմամբ, այդ թվում` նաեւ քաղաքական ուժերի, որոնք գործընթացի մեջ էին ընտրությունների կազմակերպման համար, այդ վստահությունն էլ ավելի մսխվեց»: