«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք ամրագրեցինք ազատ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու մեր բնական ու անօտարելի իրավունքը: Հռչակեցինք, որ ցանկանում ենք և պատրաստ ենք ունենալ ինքնիշխան պետություն, որը խարսխված է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա: Անկախության առաջին տարիների դժվարին պայմաններում արձանագրեցինք մեր ամենամեծ ձեռքբերումները` Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու պետական հաստատությունների ձևավորումը, ամրագրեցինք ազատ ազգերի ընտանիքի լիիրավ և պատասխանատու անդամ լինելու մեր իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունն անցավ բազմաթիվ փորձությունների միջով` ձեռքբերումների հետ մեկտեղ ունենալով նաև անդառնալի կորուստներ: Անցած քսան տարիներն ապացուցեցին` անկախության հռչակման հիմքում դրված գաղափարներից ու սկզբունքներից իշխանությունների հեռացումը և կառավարման ավտորիտար համակարգ ձևավորելու նկրտումները լուրջ սպառնալիք հանդիսացան Հայաստանի պետականության համար: Ամենամեծ ձախողումը ժամանակի և չիրացված հնարավորությունների կորուստն է, ժողովրդավարական և ազատական արժեքների վարկաբեկումը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ` վերահաստատում ենք մեր հավատարմությունը Անկախության գաղափարին և Անկախության հռչակագրի հիմնարար արժեքներին, Հայաստանի Հանրապետությունն իրապես անկախ, ժողովրդավարական պետություն դարձնելու մեր համոզմունքին և պարտավորությանը: Մարդու հիմնարար իրավունքների իրացումն ու պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումն են այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն իրավահավասար պետության կարգավիճակ ունենալ վերափոխվող աշխարհում, դառնալ զարգացած երկիր, որում ՀՀ քաղաքացին կապրի բարեկեցիկ և երջանիկ կյանքով:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
21 սեպտեմբերի 2011թ.
ք. Երևան: