«Սա մի քայլ է, որը խարխլում է հայոց պետականության հիմքերը, այդ քայլի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միջազգային թատերաբեմում այլեւս դժվար կընկալվի իբրեւ ինքնուրույն եւ սուվերեն երկիր, ինչը չի բխում ոչ ՀՀ շահերից, ոչ Ղարաբաղի: Եթե այս որոշումն ի կատար ածվի, ապա ՀՀ քաղաքացուն կզրկենք զարգացման հնարավորությունից»,- Սերժ Սարգսյանի` Եվրասիական միությանն անդամակցության միանձնյա որոշմանը մեզ հետ զրույցում գնահատական տվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
ՀՀ իշխանությունների այս որոշումը, ըստ ԱԴ ղեկավարի, պետականության դեմ ուղղված քայլ է եւ նշանակում է վերադարձ նորացված կայսերական համակարգ։ «Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրեւ հակասահմանադրական քայլ, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։ Սահմանադրությունը չի նախատեսում վերպետական մի կառույց, որի գործողություններն ու որոշումները պարտադիր լինեն մեր պետության գործառույթներում։Իսկ ինչպես տեղյակ եք, ե՜ւ Մաքսային միության, ե՜ւ Եվրասիական միության կառույցներում նման կառույց է նախատեսվում` կապված ընդհանուր արտարժութային հիմնադրամի, հարկերի եւ այլնի հետ»:
Իսկ ի՞նչ են պատրաստվում անել արեւմտյան ժողովրդավարության արժեքների ջատագով հայաստանյան ուժերը, ի դեմս Ազատ դեմոկրատների. «Ում համար որ թանկ է Հայաստանի անկախությունը եւ ում համար սակարկելի չէ մեր անկախության արժեհամակարգը, պետք է ընդվզեն այս որոշման դեմ եւ անեն ամեն ինչ»,- նշում է ԱԴ ղեկավարը եւ ի պատասխան մեր հարցադրմանը հայտնում, որ ԱԴ-ն պատրաստ է ժողովրդի համախմբմանը. «Ի վերջո, Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության գլխավոր երաշխավորը մրցունակ Հայաստանն է եւ ոչ թե արտաքին որեւէ ուժ»: