«Երբ մենք քննարկում ենք Հայաստանի զարգացման հեռանկարները Մաքսային միության և ԵՄ Ասոցացման համաձայնագրի կոնտեքստում, ապա այդ ամենը պետք է դիտարկենք երեք հիմնական ուղղություններով՝ ՀՀ ինքնիշխանությանն առնչվող խնդիրներ, անվտանգության հարց և վերջապես բուն զարգացման հեռանկարներին վերաբերող մարտահրավերներ»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության այսօր կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա, Ռուսաստան» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Քոքոբելյանի դիտարկմամբ, բոլոր նրանք, ովքեր կողմնակից են Մաքսային միությանը շատ լավ պատկերացնում են, որ անդամակցությունն այդ կառույցին ուղղակիորեն դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը, քանզի ՀՀ Սահմանադրությունը հենց առաջին հոդվածով հստակ ֆիքսում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է, ավելին՝ մեր Սահմանադրությունը չի նախատեսում վերազգային որևիցե կառույց, որի որոշումները պարտադիր լինեն Հայաստանի պետական կառույցների համար, իսկ Մաքսային միութունն ունի վերազգային մարմին՝ տնտեսական կոմիտե, որի որոշումները պարտադիր են Մաքսային միության անդամ երկրների տարածքներում և որով կանոնակարգվում է անդամ պետությունների բանկային, ֆինանսական գործունեությունը և երրորդ պետությունների հետ մաքսատուրքերի և առևտրային հարաբերությունները. «Սա շատ պարզ իրողություն է ու դուրս գալ այս ամենից, սա անտեսել ու խոսել գազի գնից և այլ հարցերից, ինձ համար անընդունելի է»:
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահը անվտանգության խնդիրը կարևոր հանգամանք է համարում, սակայն, նրա համոզմամբ՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության ամենամեծ ու միակ երաշխիքը զարգացող, ազատական, կայուն տնտեսությամբ ու զարգացման հեռանկար ունեցող Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել, այլ ոչ թե Ռուսաստանը կամ Եվրամիությունը:
«Անվտնագության խնդիրների նկատառումներից ելնելով փորձել սահմանել ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրման ձախողումը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Ցավոք սրտի, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Ադրբեջանը ի զորու չեն լուծելու Ղարաբաղի խնդիրը, քանզի այդ խնդրի լուծման բանալին գտնվում է միջազգային հարթակում և պետք է գերտերությունների շահերի համընկում լինի, որպեսզի լուծվի այս խնդիրը, իսկ թե ինչքանով մենք կարող ենք մեր շահերը տեղավորել այդ շահերի կիզակետում, դա արդեն դիվանագիտության և քաղաքականության գործն է»,- հստակեցրեց Քոքոբելյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի զարգացման հեռանկարներին, Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ունենք կաթվածահար վիճակում գտնվող տնտեսություն, արտագաղթի սոսկալի տեմպեր ու այս պայմաններում կորցնել զարգացման այնպիսի հնարավորություն, ինչպիսին կտար Ասոցացման պայմանագիրը և եվրոպական մեծ ու հզոր շուկան, պարզապես անմտություն է:
Շատ քննարկվող թեման, թե արդյոք Ասոցացման համաձայնագիրն ու Խորը համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը չեն բերում սահմանափակումների, Խաչատուր Քոքոբելյանը նկատեց. «Ոչ, այստեղ սահմանափակումներ չկան, այստեղ մենք գործ ունենք ստանդարտների հետ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, օրինակ, մենք ինքներս պարտավոր ենք կիրառել սահմանափակումներ, մեր Սահմանադրությունը մեզ պարտադրում է և թույլ չի տալիս, որ հոշոտենք մարդկանց՝ և դա համարել սահմանափակում առնվազն ծիծաղելի է, իսկ Մաքսային միությունը պարզապես թելադրում է սահմանափակումներ՝ այն էլ ինշքնիշխանության սահմանափակումներ»: