Երևանի Մաշտոցի պողոտայում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան «սպեցիֆիկ» դեպք է, իսկ Շանթ Հարությունյանի արարքի ճիշտ համատեքստ այն է, որ դա գերէմոցիոնալ ակցիա էր, բայց ոչ հանցավոր:Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը :
«Այս տիպի բողոքը միտված էր նրան, որ մենք հասկանանք, որ դա անձի, անհատի ճգնաժամային բողոքն է: Մարդն անընդմեջ շոշափել է մի գաղափար, որին ուշադրություն չի դարձվել: Եվ լավ կյանքից չէ, որ նման բողոքներ լինում են, դա սոցիալական բողոք չէ, դա քաղաքական ճգնաժամի բողոք է: ՀՀԿ-ի հանրահավաքին ավելի լուրջ պայթյուններ են եղել փուչիկների պատճառով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկայում պետք է պահանջել, որ այդ երևույթին վերաբերվեն արդարության և հումանիզմի տեսանկյունից։
«Իմ ամենակարևոր մտավախությունն այն է, որ այս դեպքը հանկարծ որակվի օրենքի ամենախիստ տառով, որի արդյունքում մենք կորցնենք մի մարդու, որի նմանը Հայաստանը շատ չունի»,– նշեց նա:
Ավելի հզոր բողոքի ակցիա, քան զանգվածային արտագաղթն է, ես չեմ պատկերացնում.Խոսելով Շանթ Հարությունյանի և նրա թիմակիցների կողմից բողոքի նոր ակցիաներ նախաձեռնելու հավանականության մասին՝տեսակետ հայտնեց Անուշ Սեդրակյանը:
«Ավելի լավ է մահակ վերցնել ու դուրս գալ փողոց, քան ունենալ մարդիկ, որոնք լքում են Հայաստանը, որը խիստ ցավալի է: Ես Շանթին էս պահին կարող եմ համարել մարդ, որն իրոք տուժել է իր քաղաքական հայացքների համար»,– ասաց նա:
Թեմայի շուրջ իր կարծիքն արտահայտեց նաև ասուլիսի մյուս բանախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Շանթ Հարությունյանի արածը ճիչ էր հենց ճնշման դեմ: Ուշքի եկե՛ք, ժողովուրդ, մեր բնակչության առնվազն քսան տոկոսը շնչահեղձ է լինում»: