Խորհրդարանական հանձնաժողովներում 2014 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստներն անարդյունավետ են օգտագործվել, քանի որ 94 % դեպքերում դրանք ստացել են ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չեն էլ փնտրել:
Այսօր, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Տիգրան Սարգսյանին հիշեցրեց իր հայտարարություններն այն մասին, որ գործազրկության նպաստների տրամադրման դադարեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք չեն հասել շահառուներին ու փոշիացվել են:
«Ձեր գնահատմամբ դա 94 տոկոս փոշիացում է, իսկ մեր համոզմամբ` դասական կոռուպցիա, որի պարագայում տվյալ ոլորտի միջոցների 94 տոկոսի փոշիացում է տեղի ունեցել: Ունենալով նման տվյալներ կառավարությունը որևէ ընթացք տվել է, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել»,- վարչապետին հարց ուղղեց Քոքոբելյանը:
Պատգամավորը վարչապետից նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք, այդ հիմնավորումը բավարար պայման է գործազրկության նպաստների տրամադրումը դադարեցնելու համար, քանզի այսօր կան մարդիկ, որոնք բացառապես այդ 18 հազար դրամով են հացի խնդիր լուծում:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանը նկատեց, որ 2014 թվականին Հայաստանում կներդրվի սոցիալական ակտիվ աջակցության փաթեթ այն խմբերի համար, որոնք մրցունակ չեն աշխատաշուկայում: Նա կրկին նշեց, թե գործազրկության նպաստների հին համակարգը անարդյունավետ է համարում, քանզի հաշվի չի առնվել արդյոք այդ նպաստը ստացողն ունի դրա կարիքը. «Այդ համակարգի հասցեականությունը մենք ընդամենը 6% ենք գնահատել. Մնացածների համար նպաստը եկամտի հավելյալ աղբյուր էր»:
Ինչ վերաբերում է իր իսկ նշած 94 տոկոս փոշիացման խնդրին ընթացք տալուն և կառավարության կողմից համապատասխան քայլեր կատարելու մասին հարցադրմանը, վարչապետն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: