Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու՝ ռուս պաշտոնյաների շեշտադրումները «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ստորացուցիչ է համարում և գտնում է, որ իրենք իրավունք չունեն թույլ տալ, որ Հայաստանում որևէ օտար լեզու գերակա ուղղության համարվի:
«Նախ, առաջինը՝ որևիցե մեկը, մասնավորաբար ես, որևիցե խնդիր չունեմ ռուսաց լեզվի կամ ռուսաց մշակույթի դեմ, բայց ինչպես ռուսաց լեզուն, այնպես էլ այլ օտար լեզուները ՀՀ տարածքում համարվում են օտար: Հայերենը Սահմանադրությամբ ամրագրված լեզու է, և մյուս լեզուների նկատմամբ մենք պետք է ունենանք նույն հարգալից վերաբերմունքը, այլ ոչ թե առանձնացված, առանձնահատուկ կերպով մոտեցում ունենանք ինչ-որ լեզվին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հատկապես հաշվի առնելով աշխարհում այսօր զարգացող դինամիկան, մշակույթների ցուցահանդեսը և հայ ժողովրդի նախասիրություններին աշխարհին հաղորդակից դարձնելու առումով՝ Խաչատուր Քոքոբելյանն ավելացրեց, որ իրավունք չունեն թույլատրել, որ որևէ լեզու հատկապես պարտադրանքի ձևով ներկայացվի և մատուցվի ՀՀ թե՛ պաշտոնյաներին, թե՛ քաղաքացիներին. «Դա պարզապես անհանդուրժելի է, ես ստորացուցիչ եմ համարում այդպիսի և նմանատիպ օրինակները, երբ այլ պետական չինովնիկների թվում է, որ իրենք կարող են իրենց իրավունք վերապահել և նմանատիպ բարձրագոչ ճառերով հանդես գալ: Կապ չունի, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: Նրանք պետք է գիտակցեն, որ գործ ունեն անկախ Հայաստանի հետ, որի պետական լեզուն հայոց լեզուն է»:
Պատգամավորի կարծիքով՝ եթե խոսվում է, որ պետք է ռուսերենը գերակա լեզու համարվի, ապա այդ նույն տրամաբանության մեջ պետք է ՀԱՊԿ-ի անդամ երկրներում, այդ թվում Բելառուսում և մյուս երկրներում նմանատիպ վերաբերմունք լինի հայերենի նկատմամբ, ինչը, ցավոք սրտի, չկա. «Այնպես որ այդ կայսերապաշտական մոտեցումներով առաջնորդվելու ժամանակները մնացել են անցած դարում, և նրանք, ովքեր չեն գիտակցում, ստիպված կլինեն գիտակցել»:
Լեզվի առումով ինքն անձամբ առանձնապես մտավախություններ չունի, բայց մտավախություն ունի ՀՀ այն պետական չինովնիկների հետ կապված, որոնք, ինչպես Խաչատուր Քոքոբելյանն ասաց, փորձում են ավելին անել, քան պահանջվում է:
«Բոլոր պետությունների պետական չինովնիկներ պարտավոր են պետական շահով առաջնորդվել, բայց ես խոսում եմ մեր պետական այն չինովնիկների մասին, որոնք երբեմն մոռանում են, որ իրենք ՀՀ պետական չինովնիկներ են և փորձում են դուր գալ օտարներին ավելի շատ, քան մեր պետության շահն է պահանջում»,-ասաց նա՝ նշելով, որ դա միայն վերը նշված խնդրի դեպքում չէ, այլ առհասարակ:
Վերջինիս վստահեցմամբ՝ Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը շատ խնդիրներ է ունենալու, որոնք կխոչընդոտեն երկրի զարգացմանը: Իսկ կոնկրետ լեզվի մասով նշեց. «Այս ամենն արդեն խոսում է այն մասին, որ նպատակ կա ռուսերենը դարձնել գերակա: Իհարկե, ոչ ոք չի ասել, որ դա հաստատ այդպես է, բայց մտահոգություն է առաջացել, որ արդեն նման շեշտադրումներ են արվում»: