Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը՝ նշելով, որ ՀՀ-ն սեպտեմբերի 3-ի որոշմամբ էական հետքայլ կատարեց, քանի որ ստորագրելով ԱՀ-ն՝ Հայաստանը կգրանցեր տնտեսական առաջընթաց և կստանար որոշակի հնարավորություններ` մուտք գործելով եվրոպական մեծ շուկա:
«ՄՄ-ում, մենք բոլորս գիտենք, գոյություն ունի եվրասիական տնտեսական կոմիտե, որը վերազգային կառույց է՝ այդ կառույցի որոշումները պարտադիր են ՄՄ անդամ պետությունների համար: Սա նշանակում է, որ միջամտություն է կատարվելու հայաստանյան ֆինանսատնտեսական բոլոր գործընթացներին, իսկ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս նման դրույթ, առաջին հոդվածը հռչակում է, որ մենք ինքնիշխան պետություն ենք, և մեզանում որոշումներ կայացնելու վերազգային մարմնի ստատուս չի նախատեսվում, ավելին՝ Սահմանադրության 114–րդ հոդվածը, բարեբախտաբար սահմանում է, որ առաջին հոդվածը փոփոխման ենթակա չէ»,- նման տեսակետ հայտնեց Անժելա Խաչատրյանը:
Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ-ն ՄՄ է գնում անվտանգության պատճառով՝ նա նշեց, որ չի կիսում կարծիքները, թե ՄՄ անդամակցությամբ Ռուսաստանը ապահովելու է ՀՀ անվտանգությունը և երաշխիքներ է տրամադրելու:
«Ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ իշխանությունները մի օր չեն հանձնի ԼՂ-ն: Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք ընտրում և ինչի փոխարեն: Ծիծաղելի է, երբ ասում են՝ գազի գնի չթանկացման համար ենք մտել ՄՄ: Նման հայտարարությունները չեն բխում ինքնիշխան պետության մոտեցումներից»,- նշեց Անժելա Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ և ԼՂՀ անվտանգության հարցը ակտիվորեն բարձրացնողները թող չմոռանան, թե բոլորովին վերջերս որ երկիրն է հարձակողական տեսակի ռազմատեխնիկա վաճառել Ադրբեջանին։ Նա նաև հիշեցրեց, որ ՄՄ անդամ Ղազախստանի նախագահի ակնարկը, թե Հայաստանի անդամակցության հարցը պետք է քննարկել նաև Ադրբեջանի հետ, իսկ օրեր առաջ Պուտին–Էրդողան հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը ակնհայտ շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրների` մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիան և Ռուսաստանը պետք է ակտիվ դերակատարում ունենան։
Անժելա Խաչատրյանի դիտարկումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ տեսանյութի միջոցով: