Պուտինի այցելության առնչությամբ Հայաստանում առաջացած հիստերիան բացարձակ անհասկանալի է: Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք Պուտինից մի բան պետք է պահանջենք, որ դադարեցնեն և բացատրություն տա, թե ինչու՞ են մեր հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառել, մնացած բոլոր պահանջները, նույնիսկ ՄՄ հետ կապված, կներեք, ես չեմ պատկերացնում: Մենք Մաքսային միություն չմտնելու պահանջները պետք է ներկայացնենք մեր իշխանություններին: Պուտինը մեր ռազմավարական գործընկեր երկրի նախագահն է, ոչ թե Հայաստանի, բայց իմ խորին համոզմամբ՝ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում և՝ պետական գործիչները, պատասխանատու այրերը, պարտավոր են պահանջել, և պարտավոր է ինքը պատասխանել, թե ինչ իրավունքով են հայ-ռուսական 97 թվի պայմանագիրը խախտելով (ակնհայտ խախտման մասին է խոսքը), մեր հակառակորդ, ինչու չէ՝ թշնամի երկրին զենք վաճառել»,- ասաց նա:
Պատգամավորն աբսուրդ է համարում այն, որ Ռուսաստանը, փաստորեն, զենք է վաճառում է մի երկրի, որի հետ ռազմական գործողություններն ավարտած, բայց պատերազմը չավարտած երկրում իր ռազմական բազաներն է ավելացնում: Այստեղից, ըստ Քոքոբելյանի, մի պարզ եզրակացություն կարելի է անել. Հայաստանն այս դեպքում օգտագործվում է որպես գործիք: Պատգամավորը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններին իրենք երբեք դեմ չեն եղել, այդ թվում և՝ անձամբ ինքը, սակայն դեմ են եղել հայ-ռուսական վասալային հարաբերությանը, ինչի ականատեսն ենք դառնում այսօր:
«Ես գտնում եմ, որ Ղարաբաղի հակամարտությունը, ցավոք սրտի, ի վիճակի չեն այսօր Հայաստանը և Ադրբեջանը մեկտեղ լուծելու, և դա խոշոր գերտերությունների ձեռքում այս պահի դրությամբ հանդիսանում է գործիք՝ իրենց շահերը սպասարկելու համար, և դա պետք է գիտակցենք մենք բոլորս, իսկ ռուսական կողմը շատ կոպիտ և ակնհայտ օգտվում է այդ իրողությունից, ասենք՝ մի կողմից ռուսական բազաներն է ավելացնում, իսկ մյուս կողմից հակառակորդ երկրին վաճառում են բացառապես հարձակվողական տիպի ժամանակակից սպառազինություն: Դրա պատասխանը ո՞վ պետք է տա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ակնկալի և իրավունք ունի լսելու այդ հարցի պատասխանը թե’ մեր իշխանություններից, թե’ ռուսական կողմից, և երկուսն էլ այդ հարցի պատասխանը պիտի տան, սակայն ցավոք սրտի, մինչ այս պահը տրված չէ այդ պատասխանը: