«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
– Պարոն Քոքոբելյան, մի քանի օր է՝ մամուլում ակտիվորեն քննարկվում է Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճը: Հնչում են ինչպես մեղադրանքներ, այնպես էլ գովեստի խոսքեր… Այս ամենից ի՞նչ կարող ենք եզրակացնել:
– Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ներիշխանական կուլիսներում և դրանից դուրս, բացարձակապես ներիշխանական պայքար եմ ես դիտարկում: Եվ ավելին՝ մենք միշտ գտել ենք և համոզված ենք, որ Հայաստանի ապագան և Հայաստանի զարգացման հեռանկարները որևէ առնչություն չունեն թե՛ Ռոբերտ Քոչարյանի և թե՛ Սերժ Սարգսյանի իշխանության հետ:
Ակնհայտ իրողություն է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա Հայաստանի ներքին միջոցների սպառումից մինչև արտաքին քաղաքականության ձախողման պատճառով է, որ այսօր Հայաստանն այս վիճակում է: Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունն էլ ոչ թե մասամբ, այլ գրեթե ամբողջապես նախկին իշխանությունների վարած քաղաքականության շարունակությունն է: Ի նկատի ունեմ թե՛ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ռազմավարական օբյեկտների հանձնումը ռուսական կողմին, թե՛ ներքին կարևորագույն նշանակություն ունեցող հանրային ռեսուրսների սպառումը, որի պատճառով էլ այսօր և նախկինում այդքան արտագաղթ կար: Իմ խորին համոզմամբ՝ չի կարելի տարանջատել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունները՝ գոնե այդ առումով: Մենք միշտ գտել ենք և գտնում ենք, որ օր առաջ թե՛ ներկայիս իշխանությունները, թե՛ Ռոբերտ Քոչարյանը և այդ տիպի քաղաքականություն վարած քաղաքական գործիչները պետք է ասպարեզից հեռանան: Հայաստանի զարգացման հեռանկարները կապել նրանց հետ՝ բացարձակապես անհեթեթություն եմ համարում:
– Քոչարյանն իր հարցազրույցում անդրադառնում է «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին վաճառելուն՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը ևս գազային զիջում էր: Արդյո՞ք նա ընդհանրապես պետք է խոսեր այդ մասին, ո՞ր գործարքն է ավելի սարսափելի:
– Ես կարծում եմ, որ որևիցե մեկը չի մոռացել, որ «Հայռուսգազարդ»-ը նախ եղել է հայկական, այնուհետև մաս-մաս մինչև 80 տոկոսը զիջվել է, իսկ սա արդեն վերջին մոհիկանն էր՝ անթույլատրելի գործարք: Բայց, միևնույն է, նախկին գործընթացները՝ թե՛ Հայաստանում ռուսական ռազմաբազաների հետ կապված, թե՛ «Գույք՝ պարտքի դիմաց» կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների հանձնումը սարսափելի են: Իհարկե այն, ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, չես կարող չհամաձայնել, դա ակնհայտ ճշմարտություն է, բայց դա չի նշանակում, որ այդ նույն քաղաքականությունը չեն վարել նաև իրենք:
Ես ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Հայաստանը թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, թե՛ այսօր հեռու է դեմոկրատական իշխանություն կոչվելուց: Սա իմիտացիոն դեմոկրատիա է, էլ չեմ ուզում հիշատակել Մարտի 1-ը և մնացած այլ ողբերգական դեպքերը: Կարծում եմ հասարակությունը պետք է սթափ գնահատի այս իրավիճակը և հնարավորինս թույլ չտրվի, որ իմիտացիոն քաղաքականության շնորհիվ կարողանան քաղաքական դաշտի վրա վերահսկողություն հաստատեն այնպիսի մարդիկ, որոնց պարագայում Հայաստանի զարգացում գոնե ես չեմ ակնկալում:
Այս իշխանությունները ունակ են նաև Հայաստանի զարգացման հնարավորությունները զիջել ռուսական կողմին: Որքան էլ հերքեն՝ ակնհայտ է, որ այսօր միջազգային թատերաբեմում Հայաստանի այսօրվա իշխանություններին, Հայաստանին ինքնուրույն խաղացող չեն դիտարկում, դա ավելորդ անգամ ապացուցելու կարիք չկա:
– Այնուամենայնիվ, պարոն Քոքոբելյան, Քոչարյանի հարցազրույցից ի՞նչ կարելի է եզրակացնել՝ վերադարձի համար հո՞ղ է նախապատրաստում: Տպավորություն է, թե նա անդրադարձել է այնպիսի խնդիրների, որոնց ետևում ժողովուրդ կա կանգնած:
– Այն խնդիրները, որոնց անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանը, բացարձակ ճշմարտություններ են, և չկա Հայաստանում որևէ քաղաքացի, որ կասկածի, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային խնդիրը զուտ տնտեսական խնդիր չէ, դա քաղաքական խնդիր է՝ գազի վաճառքը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է:
Ես նորից եմ ասում՝ ճշմարտությունների մասին խոսելը դեռ ոչինչ չի նշանակում, դրանք բացարձակ ճշմարտություններ են, այդ թվում՝ նաև կառավարության հասցեին հնչեցրած գնահատականները։ Բայց դրանք այլ խնդիրներ են և այդ խնդիրներին պետք է նայել ոչ թե տնտեսական հարթությունում, այլ զուտ քաղաքական:
ՀՀ զարգացման հեռանկարները մենք չենք կապել և չենք կապում ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի հետ, և կարծում եմ, որ նրանց երկուսի պատկերացրած տեսլականը՝ Հայաստանի զարգացման վերաբերյալ, բացարձակապես չեն բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից: Հայաստանը Քոչարյանի պաշտոնավարման տարիներից մինչ այսօր միակ երկիրն է, որ զրկվել է թե՛ իր ներքին, թե՛ արտաքին կարևորագույն ռեսուրսներից: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների կողմից մսխվել են Հայաստանի զարգացման հնարավորությունները: Շատ-շատերը փորձում են լղոզված դիրքորոշումներ հայտնել, բայց ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ պետք չէ լղոզել և շատ հստակ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոտեցումը պետք է ցույց տա:
– Ամեն դեպքում բացառո՞ւմ եք, որ նա այն մարդն է, ով իր շուրջը կարող է համախմբել իշխանություններից դժգոհ խմբավորումներին:
–Ես չեմ զարմանա, որ նույնիսկ Հանրապետական կուսակցության ներսում (հակառակը շատ անբնական կհամարեի) լինեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ցանկացողներ: Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանի նախկին իշխանության հաստատումն առաջին հերթին հենց հանրապետականներն են ապահովել, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես կարծում եմ, որ մեր հանրության լայն շրջանակներն այլևս ի զորու են ճիշտ գնահատել իրավիճակը և հասկանալ, որ սա ներիշխանական, ցածր մակարդակի հարաբերությունների հաստատում է:
Մարիամ Գրիգորյան
Առաջին լրատվական