«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքում «Ազատ դեմոկրատների» ներդրումը բոլոր առումներով՝ թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական, որևէ կերպ չի զիջել, եթե ոչ՝ գերազանցել «Ժառանգության» ներդրումներին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո քարտուղար Անժելա Խաչատրյանը՝ արձագանքելով Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, թե իրենք ժամանակին սխալ որոշում են կայացրել՝ համագործակցելով «Ազատ դեմոկրատների» հետ, և որ «Ազատ դեմոկրատները» նախընտրական շրջանում ընդամենը մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչությանը, օգնել են նրան թռուցիկներ բաժանելու հարցում:
«Այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ անցյալին, և եթե Ստյոպա Սաֆարյանը ցանկանում է անընդհատ շահարկել դա և խոսել «Ժառանգության» անունից, թե իրենց իմիջով են «Ազատ դեմոկրատները» առաջնորդվել, դա իրենց խնդիրն է: Լավ չի, որ մարդիկ անդրադառնում են անցյալին»,-ասաց Անժելա Խաչատրյանը՝ ավելացնելով, թե իրենք ունեցել են և հիմա էլ ունեն հստակ ծրագիր ու առաջնորդվում են դրանով: «Մենք անցյալով չենք ապրում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին «Ազատ դեմոկրատների» մասնակցությանը, ապա ըստ Անժելա Խաչատրյանի՝ այստեղ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շատ մեծ աշխատանք է կատարել, մեծ ռեսուրսներ են ներդրվել:
«Չեմ հիշում մի հանրահավաք, մի մարզային այց, որտեղ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները՝ թե՛ երիտասարդները, թե՛ վարչության անդամները գերակշիռ չլինեին «Ժառանգության» անդամների նկատմամբ: Բայց էլի եմ կրկնում, անցյալը պետք չէ փորփրել և ապրել անցյալով: Հնարավոր է՝ յուրաքանչյուր մարդ ընկալում է այնքան, ինչքան որ ըմբռնում է, և պարոն Սաֆարյանը երևի թե այդքան է ըմբռնել նախընտրական քարոզարշավը և այդքանն է տեսել: Բայց ամբողջ նախընտրական քարոզարշավը՝ թե՛ կենտրոնական շտաբում, թե՛ մարզերում «Ազատ դեմոկրատները» եթե ոչ գերազանցել, ապա համահավասար տարել են «Ժառանգության» հետ»,-ընդգծեց Անժելա Խաչատրյանը:
«Եթե հանենք թվերը և վերլուծենք, տեղամասերում հաստատ մեր ներկայացրած վստահված անձինք ավելի շատ են եղել, քան «Ժառանգության» ներկայացրածները»,–հավելեց նա:
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը հրավիրված մամուլի ասուլիսին նաև ասել էր, թե «Ազատ դեմոկրատներ» անունը գցել է «Ժառանգության» իմիջը:
««Ազատ դեմոկրատներ»-ի անունը որևէ մեկի վրա չի կարող բացասական ազդեցություն ունենալ, և եթե «Ժառանգություն»-ում կան խնդիրներ, դա իրենց մեղքն է և պետք չէ իրենց խնդիրների համար մեղադրել ուրիշներին և իրենց խնդիրները փաթաթել ուրիշների վզին,-ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո քարտուղարը` հավելելով,- զարմանում եմ՝ ինչո՞ւ օրինակ նույն խնդիրները չկան «Ազատ դեմոկրատների» ներսում: Ավելի լավ է յուրաքանչյուր քաղաքական ուժ զբաղվի իր խնդիրներով և դրանք չփաթաթի ուրիշների վզին»: