«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ներկայացված նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1 հոդվածը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Կարգապահական հանձնաժողովի քննությանը ենթակա կարգապահական կոպիտ խախտումների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»: Կարծում ենք, այս փոքրիկ նախադասությամբ վերոնշյալ օրենքի լրացումն իր մեջ ռիսկեր է պարունակում խտրականության դրսևորման և երկակի ստանդարտներ կիրառելու, հանձնաժողովի լիազորությունները անհիմն սահմանափակելու, ինչու չէ նաև նրա գործունեության վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալու համար: (Ինչպես գիտենք, կարգապահական հանձնաժողովը ոստիկանությունում մշտապես գործող մարմին է, որի նպատակը հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն է և նրանց գործողությունների իրավաչափության որոշումը): Անդրադառնալով հարցի իրավական կողմին, նշեմ, որ մենք գտնում ենք, որ նախագիծն այս ձևով չի կարող ընդունվել մեկ պարզ պատճառով, քանի որ դրանով առաջարկվող փոփոխությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը լիազորություն տալ որոշելու այն կոպիտ խախտումների շրջանակը, որոնք ենթակա են քննության Կարգապահական հանձնաժողովի կողմից: ՀՀ սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն` բացառապես օրենքով են որոշվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը….(և այլն թվարկում է սահմանադրությունը): Տվյալ դեպքում օրենքը, այն է` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, հստակ սահմանել է ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու կարգը, այդ թվում` կարգապահական բոլոր կոպիտ խախտումների համար, առանց որևէ բացառության, պարտադիր է համարել կարգապահական հանձնաժողովի քննությունը (հոդվ. 43.1): Այժմ, եթե ՀՀ կառավարությանն իրավասություն է տրվում որոշելու այն կոպիտ խախտումները (ի դեպ նախագծում գոնե հստակեցրած չէ, որ կառավարությունը որոշում է օրենքով նախատեսված կոպիտ խախտումների ցանկից, ուստի չի բացառվում, որ նոր կոպիտ խախտումներ կառավարությունը որոշի ինքնիրեն ու շրջանակ սահմանաի), որոնք հանձնաժողովն է քննարկելու, դրանով իսկ բացառելով մյուս կոպիտ խախտումների քննարկումը հանձնաժողովի կողմից, ակնհայտ է, որ խախտվում է պատասխանատվության ենթարկելու «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը, այն է, բոլոր կարգապահական խախտումները կարգապահական հանձնաժողովի կողմից քննարկվելու պահանջը: Ըստ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջի, նման փոփոխությունները կարող են կատարվել օրենքի մակարդակով միայն: Ճիշտ է ներկայացված նախագիծը առաջին հայացքից թվում է, թե ապահովում է օրենքի մակարդակը, քանի որ օրենքի մեջ է փոփոխություն առաջարկում, սակայն բուն խնդիրն իր էությամբ, որն էլ պատասխանատվության կարգն է փոխում և շոշափում ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջը, թողնվում է ՀՀ կառավարության որոշման մակարդակի վրա: Այս հարցն օրենքով նախատեսելու դեպքոմ էլ պետք է ուշադիր լինել հետագայում ոչ միայն աբսուրդային իրավիճակներ չառաջացնելու, այլև դարձյալ սահմանադրականության խնդիր չառաջացնելու կամ էլ հակադարձ արդյունք չունենալու համար: Օրինակ, ինչպես վարվել, եթե անձի վարքագիծը ներառում է մեկից ավելի օրենքով թվարկված կոպիտ խախտումներ, ու դրանցից մեկը ընկնում է հանձնաժողովի քննության տակ, մյուսը ոչ, ինչ պետք է անել? Իրարից առանձնացնել? Տարբեր վարույթներ հարուցել: Դրա հետևանքը կարող է աբսուրդի հասնել և բերել արարքի համար կրկնակի պատասխանատվության և այլ իրավական սկզբունքների խախտման: Ընդհանուր դիտողություններ. Ընդհանուր առմամբ նկատվում է նախագծի ընդունման որոշակի չհիմնավորված շտապողականություն, քանի որ նախագծի հեղինակները դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել են «նոր ստեղծվող ոստիկանական կարգապահական հանձնաժողովի գործունեության նպատակային եւ արդյունավետ իրականացման համար: Հանձնաժողովի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար»: Եթե հանձնաժողովը դեռևս գործունեություն չի ծավալել, ինչպես են գնահատել դրա արդյունավետոթյունը և առաջարկում են այն ավելի արդյունավետ դարձնել: Երկրորդ, կից ներկայացված չեն համապատասխանաբար փոփոխման ենթակա այլ իրավական ակտերը, այդ թվում հանձնաժողովի աշխատակարգի մասին կառավարության որոշումը, նույն օրենքի 43.1-ի 4-րդ մասի բ ենթակետը և այլն: Երրորդ, ներկայացված նախագիծը առնվազն անհաջող է ձևակերպված, քանի որ նրանում պետք է նշվեր օրենքով սահմանված կոպիտ խախտումների ցանկից, հակառակ դեպքում կարող է մեկնաբանվել, որ կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել նաև օրենքում չթվարկված խախտումներ որպես կոպիտ, ինչը խախտում է: Այս նախագիծը կարող է բոլորովին հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ եթե նայում ենք նրա ձևավորման կարգը, նրա լիազորությունները, անկաշկանդ լինելը և այլն, ապա պարզ է դառնում, որ ոստիկանությունն այսօր պատրաստ չէ, օրինակ ՀԿ ներկայացուցիչներ ներգրավի ու բացի բոլոր գործերը նրանց առաջ, և այլն, և այլն: