Հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ զրուցել ենք Ուկրաինայում ծավալվող իրադարձություններից:
Անուշ, տասնյակ պատգամավորներ դուրս են գալիս Ռեգիոնների կուսակցությունից, իսկ Սերգեյ Տիգիպկոն հայտարարել է, որ հարկավոր է փրկել Ուկրաինան և շտապ փոխել իշխանությունը: Ուկրաինայում բեկումը երևո՞ւմ է:
Անկախական սուվերեն ուժերի և պոստսովետական գաղտնի ծառայությունների կազմավորած ստրուկտուրայի միջև (այդ ստրուկտուրան ակուտալ է բոլոր սովետական երկրների համար, բացառությամբ մերձբալթյան երկրների) սահմանագիծն արդեն գծվել է: Թուլացած Ռուսաստանը, այնուամենայնիվ, պահպանել է իր գործակալական ցանցը՝ հույսով, որ կկարողանա վերականգնել իր գաղութատիրական համակարգը: Բայց տեխնոլոգիաները, զարգացվածությունը և տեղեկացվածությունը շատ առաջ են գնացել, այլևս հնարավոր չէ թաքուն ինֆորմացիա պահել, կրկնակի դերեր խաղալ և խաբել այն մարդկանց, ովքեր ամեն վայրկյան օրինակներով, ինտերնետով, կենդանի կյանքով, նկարներով համոզվում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը և թե ինչ է կատարվում իրենց երկրի սահմաններից դուրս:Մայդանը լակմուսի թուղթ էր նաև պոստսովետական տարածքում բոլոր քաղաքական ուժերի համար: Այսինքն՝ Հայաստանում այն մարդիկ, ովքեր փորձում են անտարբեր մնալ Մայդանի հանդեպ կամ շատ կոշտ քննադատել Մայդանի իրադարձությունները, միանգամից գրանցվում են այն համակարգում, որը փորձում է պահպանել սովետական կայսերական սխեման Հայաստանում: Սակայն կայսերական սխեմաների վերջը եկել է, և որևէ երկիր, նույնիսկ շատ զարգացած տնտեսությամբ, այլևս ի զորու չէ դրանք պահպանել: Այդ սխեման բացարձակ սնանկ է, իսկ այնպիսի թույլ տնտեսությամբ, կոռուպցիոն համակարգով, ինչպիսին Ռուսաստանն է, անհնար է դառնում պահել գաղութացման պարտադրանքը: Ուկրաինայում իրական ազգային ազատագրական մղումներ են, որը վերահաստատում է այն, ինչ ժողովրդին դարձնում է պետություն: Դա ազգային գաղափարական միասնականությունն է, որի միջոցով է միայն կայանում պետությունը, այսինքն՝ անկախության հիմքով ազգային գաղափարական ստրուկտուրան, որը հետո դեմոկրատականի վերածվելու բոլոր շանսերը ունի: Եվրոպական և արևմտյան ուժերի պասիվությունն այս պարագայում ակնհայտորեն բոլորին ցուցադրում է, որ բնավ որևէ ուժ կանգնած չէ այս պրոցեսների հետևում: Այո, իշխանության հետևում կանգնած են ռուսական գործակալական ցանցերը, բայց նրանք անզոր են Ուկրաինայի ժողովրդի ազատասիրական մղումների առջև:
Օրեցօր ավելանում է զոհերի թիվը: Իսկ եթե հանկարծ պարտությո՞ւն լինի…
Մենք այստեղ երեք ճշմարտություն քաղեցինք. չի կարող լինել պարտություն այնտեղ, որտեղ գնում է ազգային ազատագրական պայքար, ինչպես օրինակ ղարաբաղյան շարժումն էր: Այնտեղ, որտեղ ոչ թե ինտրիգներ են, այլ մաքուր ազգային ազատագրական պայքար, չի լինում պարտություն:Երկրորդ՝ խնդրում եմ չշփոթել զոհերը զինվորների հետ, որովհետև այդ մարդիկ ոչ թե զոհեր, այլ ազատամարտիկներ են: Մենք ղարաբաղյան պատերազմում նույնպես չունեցանք զոհեր, այլ ազատամարտիկներ էին, ովքեր կամավոր և գիտակցված պայքարում էին ազատության համար՝ գիտակցելով, որ կարող են սպանվել: Հիմա նույնը կատարվում է Մայդանում. Ոչ թե պատահական դուրս են եկել և սպանվել, այլ նրանք ազատամարտիկներ են: Այո, ուժերն անհավասար են, Ուկրաինայի իշխանությունը օգտագործում է շատ անազնիվ և կեղտոտ միջոցառումների համակարգ, բայց միևնույն է, մարդիկ գիտեն՝ ինչի են գնում և ինչ հետևանքներ կարող են լինել, և միևնույն է, մարտնչում են ազատության համար:Երրորդ՝ մենք պետք է հասկանանք, որ երբ պայքար է գնում ազատության համար, ելքը չի կարող լինել ոչ հաղթական: Երբ խոսում ենք Ռուսաստանի՝ այսպես կոչված ձգձգված իշխանատենչության մասին, իշխանատենչություն, որն արդարացված չէ և միայն մի ցանկություն ունի՝ պահպանել դիրքերը Եվրոպայում, սա արդեն երկու համակարգերի բախում չէ, քանի որ համակարգերը բախվում են իրար հավասար հիմունքների վրա, այսինքն՝ ամեն մեկը առաջ է քաշում մի այլընտրանքային ծրագիրը և այս կամ այն հաջողությամբ իրականացնում է: Ռուսաստանը որևէ ծրագիր առաջ չի քաշում, նա ի զորու չէ որևէ մեկին առաջարկել տնտեսական-քաղաքական որեւէ տանելի համակարգ, նա կարող է առաջարկել գաղութի սխեման, որը Ուկրաինայի ժողովրդի համար անընդունելի է: Այս պարագայում ակնհայտ է, որ Մայդանում չկան զոհեր, այլ զինվորներ են, ովքեր դուրս են եկել պայքարի և ակնահայտորեն հաղթելու են, և դրանից միգուցե շահի նաև Հայաստանը: Եվ հիմա մենք որոշելու ենք, թե ովքեր են Հայաստանում իրական քաղաքական ուժերը, ովքեր գործում են Մոսկվայի թելադրանքով, և դա բացահայտ երևում է Մայդանի հանդեպ վերաբերմունքով:
Մեզ մոտ տրամադրությունները ֆեյսբուքից այն կողմ չեն անցում, միայն Ուկրաինայի դեսպանատան մոտ զորակցության ակցիա իրականացվեց:
Ես չեմ կարծում, որ մենք դեպի Մայդան պետք է շարժվենք զորակցություններով: Այսօր Ֆեյսբուքում մեկը տեղադրել էր, որ Ուկրաինան ճանաչել է Ադրբեջանի ամբողջականությունը, իսկ մենք Ուկրաինայի ցավով տառապում ենք, ես չուզեցի մտնել դիսկուսիայի մեջ՝ ասելով, որ չի զգացվել, որ Ռուսաստանը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը: Այսինքն՝ այն, որ մենք պետք է ավելին լինենք Մայդանի հարցում, քան կանք, կամ պետք է ավելի ակտիվ լինենք արտաքին քաղաքական խնդիրներում: Հայաստանին այնպես հմուտ ձևով կեղեքել են տարբեր տիպի օրհասական սոցիալական խնդիրներով, որ մարդիկ ուղղակի չեն հասցնում գլուխ բարձրացնել այս գլոբալ հարցերին ավելի ակտիվ պատասխան տալու համար: Նորմալ է, որ նախևառաջ մենք պետք է մտածենք առաջիկա հրատապ հարցերը լուծելու մասին, բայց զուգահեռ պետք է մի բան անենք՝ արտահայտենք դիրքորոշում, քանի որ ներկա պահին ամենամեծ մեղքը դիրքորոշում չարտահայտելն է, որովհետև եթե նույնիսկ նեգատիվ դիրքոորոշում են արտահայտում, մենք գոնե հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք, բայց տարբեր քաղաքական ուժերի այս համապարփակ լռությունը հանցավոր լռություն է:Ուկրաինայի ազատագրումը փլելու է նեոկայսերական տարածքի կառուցման փորձը, և Հայաստանը դրանից ակներևաբար շահելու է: Դրա համար այն բոլոր հանրային մարդիկ, այն բոլոր քաղաքական դեմքերը, ովքեր հասկանում են դրա կարևորությունը, իրենք այս պահին Ուկրանայի հետ են, բայց գործնական աջակցություն ցուցաբերելն այս պահին մի քիչ անիրական կլինի: Ուկրաինան նույնիսկ Եվրամիությանը չի դիմում ակտիվ օգնության համար, և դա ինձ շատ է հիշեցնում 88-ի զարթոնքը, երբ ղարաբաղյան պայքարում Հայաստանը նույնպես հասկացավ, որ որևէ մեկին դիմելն անօգուտ է, և ինքը ծավալեց իր ազատագրական պայքար և փլեց ռուսական կայսերական սովետական տարածքը: Այն ժամանակ բոլորն ասում էին՝ փոքր Հայաստանը ցնցում է սովետական կայսրության հիմքերը, և հիմա այդ նույն դերակատարումն իր վրա վերցրել է Ուկրաինան, և մենք պետք է սպասենք և հուսանք, որ այդ ամենը կավարտվի գաղութատիրական համակարգի վերջնական, անվերապահ և անդառնալի փլուզմամբ:
Հարցազրույցը` Սիրանույշ Պապյանի