Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը մարտի 10-ին հրավիրել էր քննարկում` «Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա» թեմայով: Հիմնական բանախոս` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը իր ելույթում նշեց, որ այժմ Ուկրաինայում կատարվում է գործընթաց, որը միայն ուկրաինական չէ, միայն հետխորհրդային տարածքին չի վերաբերվում:
«Այդ գործընթացը հաստատապես առնչվում է Հայաստանին թեկուզ այն պատճառով, որ Հայաստանի որոշ վերլուծաբաններ փորձում են Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ ինտենսիվորեն զուգահեռներ անցկացնել, փորձելով արդարացնել Հայաստանի լռությունը եւ փորձում են ցույց տալ, որ քաղաքական գործընթացների մասնակցությունը պետք է հասցնել այսպես կոչված` դիվանագիտական լռության աստիճանի: Բայց դա հնարավոր չէ, քանի որ կոնֆլիկտները հետխորհրդային տարածքում եւ եվրոպական տարածքում լուծվում են բացարձակ տարբեր կերպ: Երբ փորձում են ԼՂ-ի ու Ղրիմի միջեւ զուգահեռներ տանել` մենք պետք է հասկանանք, որ հետխորհրդային տարածքը երբեւէ չի դադարել լինել ռեժիմային տարածք եւ հիմա մենք ականատես ենք ռեժիմի խստացմանը եւ այդ խստացման մեջ կան մի շարք մտահոգիչ հատկանիշներ», նշեց Անուշ Սեդրակյանը:
Առաջինն, ըստ նրա` ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը խփում է ՌԴ-ի ոչ միայն տնտեսական եւ քաղաքական իմիջին, վարկանիշին, այլ խփում է ՌԴ-ի տնտեսական եւ քաղաքական կայունությանը, սակայն նույնիսկ այդ պարագայում ՌԴ-ն նախընտրում է Ուկրաինայի հարցում որդեգրել չպատճառաբանված ագրեսիվ կեցվածքը. «Երկրորդ հանգամանքն այն է, որ առաջին անգամ մենք տեսնում ենք, որ միջազգային դաշտում սկսել է իրականացվել ոչ մաքուր փողերի վերահսկողություն` որպես քաղաքական ազդեցության լծակ, եւ ֆինանսական հոգսերի վերահսկումը արտաքին քաղաքականության մեջ, եթե մինչ այժմ ծպտված լծակ էր, ապա այդ լծակը հիմա դառնում է բացարձակ թափանցիկ: Այդ մոդելի դեմ ընդվզում է Ուկրաինան, որովհետեւ եվրոպական արժեքների ընտրությունը նաեւ պայմանավորված է հետսովետական եւ սովետական արժեքների լիակատար կատարմամբ: Կա Յանուկովիչի կերպար, որը խիստ նման է ռեժիմային, կիսադիկտատորի, Մոսկվայի կողմից վերահսկվող կիսադիկտատորի միջին մոդելի, եւ այդ մոդելը փորձ է արվում պրոյեկտել ողջ հետխորհրդային տարածքի վրա: Ուկրաինայի ընդվզումը ավարտում է հետսովետական դիկտատուրայի ռեժիմային ազդեցությունը հետխորհրդային տարածքում եւ դա այն խնդիրն է, որն անհանգստացնում է Պուտինին»:
Անուշ Սեդրակյանի համոզմամբ, եթե Ղրիմն անցնի Ռուսաստանի տնտեսվարման իրավասության տակ, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ծախսել հսկայական գումարներ, որպեսզի պահի այդ փոքր տարածքը, ինչը տնտեսապես ցանկալի չէ. «Այսինքն, եթե միջազգային հանրությունը կատարում է տնտեսական նպատակահարմար քաղաքականություն, Ռուսաստանն արդեն անցել է բացարձակ ագրեսիայի, ինչը բերում է միջազգային մեկուսացման: Դա նպատակային մեկուսացում է, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ չի կարող Ռուսաստանի ղեկավարը չհաշվարկել իր քայլերը, չի կարող չհասկանալ, որ ցանկացած անեքսիայի պարագայում տեղի է ունենալու տնտեսական, քաղաքական, դիվանագիտական մեկուսացում: Այստեղից կարելի է անել ենթադրություն, որ Ռուսաստանը` չկարողանալով վերահսկել իր երկրի տնտեսական գործընթացները` միանշանակ ուղիղ գնում է իր երկրի դիվանագիտական մեկուսացման` փորձելով, եթե ոչ հին սովետական չափորոշիչներով, ապա գոնե նոր իմպերիալիստական ձեւով փակել իր սահմանները եւ այստեղ մենք խնդիր ունենք որպես Հայաստան»,- նկատեց Անուշ Սեդրակյանը:
Նա բացատրեց, որ եթե Ռուսաստանն իրականացնի այդ դիվանագիտական մեկուսացումը, ապա դրա հետ կմեկուսանան նաեւ Մաքսային միությանն անդամ երկրները, ներառյալ Հայաստանը. «Իզուր չէ, որ Ուկրաինայի հետ կապված թե Ղազախստանի, թե Բելառուսի նախագահները որդեգրել են բացարձակ ոչ պրոռուսական դիրքորոշում` հասկանալով, որ իրենք էլ կարող են մտնել այդ մեկուսացման տիրույթ»:
Անուշ Սեդրակյանն ամփոփելով` նշեց, որ ուկրաինական խնդիրը դարձել է Ռուսաստանի, ռուսական քաղաքականության նոր ձեւավորվող, նոր կայսրապաշտական, նոր մեկուսացման քաղաքականության խնդիր եւ ակնհայտ է, որ ցանկացած պարագայում Ուկրաինան արդեն արտահայտել է իր դիրքորոշումը եւ որեւէ ուժ չի կարող կանգնեցնել այդ գործընթացը, որքան էլ տեղի ունենա տեղեկատվական պատերազմ: Եթե անգամ չի գնում ռազմական պատերազմ, ապա գաղափարական պատերազմը արդեն լիովին ընթացքի մեջ է, ի զուր չէ, որ արդեն խոսում են նոր սառը պատերազմի վիճակագրության մասին, ասաց բանախոսը:
Ի՞նչ հետեւությունների կարելի է գալ, հարցնում է Անուշ Սեդրակյանը եւ առաջ քաշում տնտեսական դրույթները: «Առաջինը` բոլոր դիկտատորական շարժումները 21-րդ դարում ենթակա են փլուզման եւ պոստսովետական տարածքի փոքր երկրների խնդիրն է` չմնալ այդ կայսրության փլատակների տակ, ինչ-որ կերպ պետք է դիմակայել այդ փլուզմանը: Երկրորդ` պետք է գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղ-Ղրիմ անընդհատ շահարկվող թեզը խիստ վնասակար է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, որովհետեւ եթե այդ թեզի քաղաքագիտական մասը հանենք` կհասկանանք, որ միջազգային իրավունքի տեսակետից այդ երկու խնդիրները ուղղակի անհամատեղելի են: Նույնիսկ բարոյական առումով` այդ զուգահեռն անցկացնելով, մենք դադարեցնում ենք անկախական շարժումը եւ հերթական անգամ սուվերենության եւ ինքնիշխանության վրա բլոկ ենք դնում` փորձելով ինչ-որ զուգահեռներ տանել: Երրորդ հետեւությունը` տնտեսական պատժամիջոցները, եթե կարող են դիմակայելի լինել որոշ երկրների համար, ապա դրանք շատ ծանր կնստեն հետխորհրդային տարածքի փոքր երկրների վրա: Այսինքն` բացի միջազգային մեկուսացումը, Հայաստանը կարող է ենթարկվել նաեւ տարածաշրջանային մեկուսացման», նկատեց` մատնանշելով «հաստատապես ոչ մաքսային» Վրաստանն ու կասկածելի դիրքորոշմամբ հանդես եկող Ադրբեջանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
16:15, Մարտ 10, 2014
www.aravot.am