Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում բանաձևի հեղինակների, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի` բանաձևին կողմ քվեարկած անդամների սկզբունքայնությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին և պատմականորեն անհերքելի փաստերին:
Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին նման բանաձևի ընդունումը հստակ ազդակ է ողջ աշխարհին, որ Հայոց Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, իսկ դրա ժխտումը` փաստերն անտեսելու փորձ:
Մեր տարածաշրջանի ներկայիս զարգացումների և փխրուն իրավիճակի ֆոնին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի ընդունումը չափազանց կարևոր քայլ է և մեծ ներդրում ճշմարտության վերականգման գործում:
Մենք հույս ունենք, որ Հայոց Ցեղասպանության բանաձևը կընդունվի ԱՄՆ ՍԵնատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև ԱՄՆ նախագահն ի վերջո կճանաչի 20-րդ դարի առաջին և դեռևս անպատիժ մնացած ցեղասպանության փաստը: