«Խնդիրն այն չէ, որ նա ճիշտ է ասում, այլ այն, թե որ ժամանակահատվածում առհասարակ ինչ է եղել,- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ կապված PressIdent.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
«Քոչարյանի հարցազրույցի հետ կապված ուղիղ ասում եմ` մենաշնորհների հետ կապված նա ճիշտ է խոսել, բայց մենաշնորհներն ամենաշատը զարգացել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում, և դա ակնհայտ է: Իհարկե, դա չի արդարացնում այսօրվա մենաշնորհային իրավիճակը, այդ թվում` կապված կարմիր գծերի, տեսախցիկների և այլնի հետ: Այսինքն` շատ վաղուց, դեռևս Քոչարյանի ժամանակից սկսած, ՀՀ իշխանավորները պետության լծակները դարձրել են մասնավոր բիզնես: Դա է պատճառը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է տնտեսական այսպիսի ծանր վիճակում»:
PressIdent.am-ի հարցին` Քոչարյանը բարոյական իրավունք ունե՞ր խոսելու Որոտանի վաճառքի մասին` հաշվի առնելով, որ նրա օրոք վաճառվել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ, կնքվել է «Գույք՝ պարտքի դիմաց» խայտառակ գործարքը, նա պատասխանեց. «Ցանկացած մարդ կարող է ինչ-որ բան ասել, բայց Քոչարյանը պետք է հիշի, որ այդ բոլոր գործընթացները սկսվեցին հենց իր ժամանակ` կարևորագույն օբյեկտների վաճառքը բոլոր իրավունքներով, բաշխիչ ցանցը` Ռուսաստանին հանձնելուց, նույնիսկ` հեռահաղորդակցման կապուղիները: Նկատի ունեմ՝ «ԱրմենՏելի» ժամանակ տեղի ունեցած մենաշնորհային վիճակը և այլն»:
Ըստ պատգամավորի` շատ լավ է, որ Քոչարյանը հետադարձ ժամանակահատվածով վերանայում և հիշում է, որ էդպես է, սակայն լավ կլինի, որ հիշի նաև այլ բաներ: «Սկսած՝ Կոնյակի գործարանից, պղնձամոլիբդենային համալիրից, վերջացրած՝ բաշխիչ ցանցերով, բառացիորեն մենաշնորհ կարգավիճակում տրվեց ռուսներին: Այդ թվում նաև՝ կուզեմ հիշեցնել այդ ժամանակներից եկող Գազպրոմի հետ կապված գործարքը (80%-ի): Իր վարած քաղաքականության արդյուքնում Հայաստանը հայտնվել է մենաշնորհային տոտալ վերահսկողության տակ: Փաստացի, մեր տնտեսությունը` սկսած դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածից մինչև այսօր բերվել է մի իրավիճակի, որ օտարերկրյա, տվյալ պարագայում` ռուսական (կապ չունի, որ տարբեր) կազմակերպությունները, մենաշնորհային իրավիճակով հնարավորություն են ստացել վերահսկելու մեր տնտեսությունը, այդ թվում` կապված թանկացումների հետ: Ես դատապարտում եմ բաշխիչ ցանցի հետ կապված այսօրվա պրոցեսը, որ տեղի է ունենում, և ակտիվիստների նկատմամբ այդ բռնությունները: Դա այն պատճառով է, որ հնարավորություն տրվի բաշխիչ ցանցին լիարժեքորեն և ինքնուրույն որոշումներ կայացնելու,- ընդգծեց Քոքոբելյանը: Նրա համոզմամբ՝ դա, իհարկե, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի օրորք իրավունք ունեին վաճառելու Հայռուսգազարդի մնացած 20 տոկոսը:
Ամալյա Հովհաննիսյան