Անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհապաղ այցելեն տարածաշրջան եւ վերահսկողություն հաստատեն ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Հայաստանի ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին ագրեսիվ գործողություններին:
Նրա խոսքով, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը սադրող կողմ չէ, եւ Երեւանը շահագրգռված չէ ռազմական գործողությունների վերսկսմամբ: «Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը 100%-ով վերահսկվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից, եւ ոչ մի սադրանք անպատասխան չի մնա: Վերջին միջադեպերը բավարար էին, որպեսզի մեր հակառակորդը ճիշտ եզրահանգման գար: Վստահ եմ, որ ռուսական կողմը նույնպես ճիշտ եզրակացություններ կանի՝ հասկանալով, որ հակամարտության սրացումը Ռուսաստանին ոչ մի նոր բան չի տա»,- նշեց Քոքոբելյանը:
Պատգամավորի կարծիքով, ռուսական կողմի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը վկայում էր այն մասին, որ ինչ-որ պահի շփման գծում իրավիճակը պետք է սրվեր: «Զինելով Ադրբեջանին՝ ռուսական կողմն ակնհայտորեն նպաստում էր ներկա իրավիճակի առաջացմանը: Հարկավոր է նաեւ հստակ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային հանրությունը պետք է շատ կոշտ միջոցներ ձեռնարկեին՝ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու նպատակով»,- ասաց Քոքոբելյանը:
Ի պատասխան այն նկատառմանը, որ, միջազգային լրատվամիջոցներում տարածվող վկայությունների համաձայն, Ֆրանսիան նույնպես զենք է վաճառում Ադրբեջանին, Քոքոբելյանը նկատեց, որ հակամարտող կողմերին զենք վաճառելը, հատկապես՝ ագրեսոր կողմին, ոչ մի արդարացում չունի, լինի այդ Ռուսաստանը, Ֆրանսիան, թե որեւէ այլ պետություն:
«Փաստ է, որ, ի պատիվ մեր բանակի, Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում ներկա իրավիճակը վերահսկում են մեր զինված ուժերը: Կարծում եմ՝ Բաքուն փորձում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին ստեղծված միջազգային իրարանցման պայմաններում օգտվել առիթից»,- նշեց Քոքոբելյանը: Նա նաեւ հավելեց, որ ներկա փուլում ռուսական կողմն Ուկրաինայում որոշակի ձախողումից հետո նպատակ ունի Հայաստանի եւ ղարաբաղյան հակամարտության միջոցով ուժեղացնել Կովկասում ազդեցությունը:
«Ռուսաստանցի պաշտոնյաներն արդեն բացահայտորեն ասում են, որ հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու նպատակ են հետապնդում: Կարծում եմ՝ այդ ամենն անթույլատրելի է: Բայց եթե հաշվի առնենք միջազգային հանրության այժմյան արձագանքը, կարելի է հասկանալ, որ ներկայում նկատվում է Արեւմուտքի հստակ պատրաստակամությունը՝ լայնածավալ ռազմական գործողություններ թույլ չտալու հարցում»,- ամփոփեց Խաչատուր Քոքոբելյանը: