«Ասպարեզը» ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է կարծում՝ արդյո՞ք հոկտեմբերի 10-ին կստորագրվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: Եթե ոչ, ի՞նչ խոչընդոտներ կարող են ի հայտ գալ այդ ճանապարհին: Եթե այո, ի՞նչ կտա դա մեզ:
«Նախ՝ ցավալի է, որ հոկտեմբերի 10-ին նախատեսվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը մեզ` ՀՀ քաղաքացիներիս որեւէ բան չի տալու զարգացման եւ առաջընթացի տեսանկյունից, ավելին, խնդիրների մեջ թաղված մեր երկիրը կանգնելու է նոր մարտահրավերների առջեւ: Անդամակցելով հեռանկար եւ զարգացման տեսլական չունեցող այդ միությանը, որը հարմարեցված է ռուսական տնտեսությանը, Հայաստանը դառնալու է պակաս գրավիչ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար, քանզի ԵՏՄ-ն միջազգային հանրության համար առնվազն ոչ ցանկալի եւ անկայուն շուկա է համարվում, որի նկատմամբ օրեցօր կիրառվում են նոր պատժամիջոցներ: Գաղտնիք չէ նաեւ, որ այսօր միջազգային խոշոր խաղացողները շահագրգռված չեն Եվրասիական տնտեսական միության զարգացմամբ, որը եւս լուրջ խոչընդոտ է այդ միության համար: Եւ վերջապես՝ տնտեսական միությունները (թեեւ ԵՏՄ-ն ես չեմ համարում զուտ տնտեսական միություն, այն ավելի շատ քաղաքական է) սովորաբար տեղի են ունենում միեւնույն տնտեսական հետաքրքրություններ ունեցող տնտեսությունների ջանքերի միավորմամբ` ընդհանուր շուկաներ ձեռք բերելու համար: Եթե այս պարագայում Ռուսաստանն ու Ղազախստանը, կապված էներգակիրների հետ, ունեն ընդհանուր մոտեցումներ եւ շահեր, ապա Հայաստանի համար այդ միությունում որեւէ գրավիչ առաջարկ չկա»,-նշեց Խ.Քոքոբելյանը:
Պատգամավորի խոսքով, այդ միության կողմնակիցները սովորաբար խոսում են երեք բաղադրիչների մասին` անվտանգություն, նոր շուկայի ձեռք բերում, Հայաստանի միջնորդ դերակատարությունը Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ:
«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողությունները, պատերազմի ռեալ վտանգը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից հարձակողական տիպի սպառազինության վաճառքը Ադրբեջանին՝ ի չիք դարձրեցին առաջին բաղադրիչի կենսունակությունը: Երկրորդ` ավելորդ է խոսել այն մասին, թե հայ արտադրողը կարող է ռուսական շուկայում նոր շահութաբեր հնարավորություններ ունենալ, քանզի, այն ինչ տեղի է ունենում այսօր ռուսական շուկայում, մասնավորապես, ռուբլու աննախադեպ սղաճը, ցույց է տալիս, որ այդ հիմնավորումն էլ հեռու է իրականությունից»:
Երրորդ բաղադրիչի վերաբերյալ Խ.Քոքոբելյանը նշեց, որ նախ Հայաստանը Ռուսաստանի հետ չունի ընդհանուր ցամաքային սահման, որի պատճառով խնդիր կա զուտ բեռնափոխադրումների առումով, իսկ նոր տեխնոլոգիաների եւ ֆինանսական կառույցների առումով միջազգային խոշոր խաղացողները, ցավոք սրտի, Հայաստանի նման միջնորդի կարիք չունեն:
«Զուտ պայմանագրի ստորագրման օրվա վերաբերյալ հայկական եւ ռուսական պաշտոնական կողմերն անընդհատ իրարամերժ հայտարարություններ են անում, ինչն էլ վկայում է, որ Հայաստանի անդամակցության հարցը դեռեւս անորոշ է եւ, ցավոք սրտի, կախված չէ Հայաստանից»:
Ինչ վերաբերում է խոչընդոտներին, Խ.Քոքոբելյանի համոզմամբ, մեզ ոչ թե պետք է հուզեն, թե ինչ խոչընդոտներ կլինեն ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը ստորագրելու ճանապարհին, այլ մենք բոլորս պետք է մտահոգվենք, թե դրա ստորագրումն ինչպիսի վտանգներ եւ մարտահրավերներ է առաջ բերելու մեր երկրի համար: «Այդ փաստաթուղթն ինքնին Հայաստանի հանրապետության զարգացման հեռանկարի խոչընդոտն է հանդիսանալու»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Անահիտ Սիմոնյան
Անահիտ Սիմոնյան http://www.asparez.am/