«Առաջին լրատվականի» զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
-Տիկին Սեդրակյան, Հայաստանում ունե՞նք արդյոք ներքաղաքական նոր իրադրություն: Հրապարակից հնչող պահանջները որքանո՞վ են Ձեզ համար հասկանալի:
-Կարող եմ մեկ բան ասել. հիմա միտում կա հասարակության մեջ դնել ջրբաժան՝ ցույց տալով այն, որ ով ներկա պահին հրապարակում գտնվող ոչիշխանական միավորման հետ չէ, ապա նա իշխանության հետ է: Եվ դա արվում է հատուկ, չարակամորեն, մեկ նպատակով. իշխանության երկու թևերը՝ մեկը իշխանական ինստիտուցիոնալ թևն է, մյուսը մենաշնորհային թևն է, բաժանել իրար մեջ, քանի որ Հայաստանում ամեն ինչ մոնոպոլիզացված է, և մոնոպոլիզացված չէր միայն ընդդիմության քաղաքական գաղափարական գործառույթը, և այդ ֆոնին պարբերաբար հայտնվում էին մարդիկ, որոնք իսկապես արտահայտում էին ընդդիմադիր գաղափարներ և ալտերնատիվ ծրագրեր, հիմա խնդիր կա, որ իշխանությունը կարողանա մենաշնորհել, նվիրել նաև այդ գործառույթը որոշակի մարդկանց խմբի։ Բայց դա չի կարող հաջողվել մի պարզ պատճառով. սա 21-րդ դարն է՝ իր պահանջմունքներով և 21-րդ դարի պահանջմունքի մեջ կա հետևյալ գործառույթը. յուրաքանչյուր իշխանություն, որը գալիս է փոխարինելու մյուս իշխանությանը, պետք է լինի ա) քաղաքականապես ավելի գրագետ, բ) տնտեսապես ավելի արդյունավետ և գ) ազգայնորեն ավելի ներդրվող:
Ես այս երեք պարամետրերը չեմ կարող տեսնել, որովհետև ԵՏՄ մեր ինտերգացման շրջանակներով մենք կորցնում ենք անկախությունը, և այդ անկախության, ինքնիշխանության կորստի հետ մեկտեղ, հավասար չափաբաժին ունեն թե՛ նրանք, ովքեր կան իշխանության ոլորտում, թե՛ նրանք, ովքեր կանգնած են հրապարակում, ովքեր ասում են, որ ԵՏՄ գործընթացն այլևս անշրջելի է:
-Շատ քաղաքագետներ, վերլուծաբաններ նշում են, որ ԵՏՄ անդամակցությունը չի վտանգում մեր ինքնուրույնությանը, սուվերենությանը:
-Օրինակ բերեմ՝ երբ մենք մտնում ենք ԵՄ մաքսային գոտի, ապա սահմանի վրա չի կանգնում եվրոպական մաքսավորը մի պարզ պատճառով, որ այդ եվրոպական մաքսավորը շատ ուրիշ բանուգործ ունի, և թողնում են ընդամենը եվրոպական չափանիշներով աշխատի տվյալ սուվերեն երկիրը: Իսկ ՄՄ դեպքում մի քանի տարի հետո մենք սահմանին չենք ունենալու հայ մաքսավոր, էլ չեմ խոսում այն մասին, որ չենք ունենալու ազգային և որևէ ծառայություն՝ սկսած անվտանգությունից, վերջացրած բանակով:
Մեր ռազմական բոլոր շարժերը ունենալու են ՄՄ անդամ բոլոր երկրները, որոնցից մեկը հաստատապես գտնվում է թուրքական միավորման մեջ և շատ ինտենսիվ պահպանում է Ադրբեջանի շահերը: Մենք հասկանում ենք, թե ռազմական իրավիճակի հետ կապված ինչպիսի ծախսումներ ենք մենք անում: Եթե այդ տնտեսական ծախսումները, ներկրումները թափանցիկ են դառնում, ասենք, Ղազախստանի մի չինովնիկի համար, արդեն ակնհայտ է, թե ինչպիսի վտանգներ կարող են սպառնալ Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և ազատությանը: Այդպատճառով այս պարագայում ինձ համար քաղաքական ընդդիմությունը նա չէ, որ եղած ինքնիշխանության կորստի շրջանակներում ձգտում է իշխանության: Ինձ համար քաղաքական ընդդիմություն նրանք են, ովքեր ցույց են տալիս ներկա քաղաքական ծրագրի վտանգները և ցույց են տալիս այդ վտանգներից խուսափելու ճանապարհները:
Եվ սա է Հայաստանի քաղաքական լանդշաֆտը ներկա դրությամբ, որը փորձում է ներկայացնել, որ Հայաստանի քաղաքական լանդշաֆտը ցնցվում է, ո՛չ, Հայաստանի քաղաքական լանդշաֆտը կցնցվի միայն այն ժամանակ, երբ բոլորս մեր մաշկի վրա տեսնենք այս ամբողջ քաղաքականության հետևանքները, երբ Հայաաստանի և Արցախի միջև դրված մաքսակետը կսկսի գործել ի վնաս այդ երկու անկախ պետությունների, և երբ այդքան ծանր և տառապալից տարիներով նվաճածը կգնա, կկանգնի կորստի եզրին: Այն ուժերը, որոնք չեն բարձրաձայնում այդ վտանգները, նրանք չեն հասկանում պետության գործառույթն ընդհանրապես:
Ավելին՝ տեսանյութում: