«Արդեն ասել ենք ՝ դեմ ենք Եվրազեսին՝ Հայաստանի մասնակցությանը, կողմ ենք Եվրաասոցիացիային, դեմ ենք Հայաստանում տիրող մենաշնորհային տնտեսությանը, որի մասին հարթակից ոչ մի խոսք չի հնչում ու բնական է: Ու այդ ամենից հետո խոսել, թե ինչ-որ մեկը դեմ է Հայաստանում ընդդիմությանը, ապա այդ դեպքում երկրորդ հարցը պետք է հնչի՝ իսկ ինչո՞վ է ընդդիմությունը ընդդիմություն, ինչի՞ հիման վրա»,- անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին լուսանցքում հայտնված քաղաքական ուժերի վերաբերյալ ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ առաջին նախագահը եռյակի վերջին հանրահավաքի ժամանակ ասել էր, որ եռյակի գործունեությունը քննադատող մարգինալները դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները, որովհետեւ եթե ճիշտ է քաղաքական այբուբենի կարեւոր տարրերից մեկը հանդիսացող «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» բանաձեւը, ապա նույնքան ճիշտ է «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» բանաձեւը։ Այլ կերպ մեկնաբանելու պարագայում, դավաճանված կլինեն տրամաբանության կանոնները։
«Էլի առաջին նախագահի պերճախոս արտահայտությունն է, խոսքը չի գնում ընդդիմության ընդդիմություն լինելու մասին: Այնքան ենք սովորել, որ ընդդիմությունը անձերի ու վարքագծերի ամբողջություն է, որ մոռանում ենք՝ ընդդիմությունը գաղափարների ու ծրագրերի արտահայտություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը գրական մեջբերումներ է անում, որոնք քաղաքագիտական տեսանկյունից չեն դիմանում քննադատությանը: Որովհետեւ լուսանցքային կարելի է համարել այն ուժերին, որոնք արտահայտում են ծայրահեղական գաղափարախոսություն կամ գաղափարախոսություն, որը դեմ է համաշխարհային քաղաքակրթական ուղղություններին: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հենց այն ուժերին, որոնք արտահայտում են շատ ընդունված, քաղաքակրթական ուղղության մտայնություններ, որոնց հիմնարար հայտարարը մարդու իրավունքների ու արժեքների պահպանությունն է եւ ռուսական կայսրության հետ այդ արժեքների անհամատեղելիությունը: Ես պարզապես քաղաքագիտական առումով չէի օգտագործի այդ տերմինոլոգիան: Երբ խոսում ենք հանրահավաքը պահելու PR հնարքների մասին, դա հանրահավաք անողների գործն է»,- առաջին նախագահի դիտարկումներին պատասխանեց տիկին Սեդրակյանը:
Հետո ասաց, որ այսօրվա ընդդիմությունը կրկնում է իշխանության ծրագիրը. «Ընդդիմության դեմքը պետք է փոխվի, որովհետեւ ընդդիմությունը չպետք է կրկնի իշխանության ծրագիրը: Իսկ ներկա պահին ընդդիմությունը քայլ առ քայլ կրկնում է իշխանության ծրագիրը: Բավական է նայենք Եվրազեսի տնտեսական միության իրար հերթ չտեւող հավատարմության հայտարարություններին, ակնհայտ է, որ այդ մարդիկ գործում են նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ու նույն գաղափարական մոտիվացիաներով, եթե դրանք առհասարակ կան: Այո՛, իրական ընդդիմություն պետք է լինի, քանի որ իշխանությունը վիճում է ալտերնատիվ ընդդիմադիր ուժերի գոյության դեպքում, բայց ընդդիմության ծրագիրն անփոփոխ է, դրա համար էլ ընդդիմության խնդիրն այդքան սուր է դրված»:
Հիշեցնենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ էլ նախորդ օրը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանգամանալից հիմնավորում էր, թե իրական ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որը երբեք չի շեղվում իր քննադատության հիմնական և միակ թիրախից՝ իշխանությունից. «Այն ընդդիմությունը, որը ժամանակ, մեկ վայրկյան է գտնում շեղվելու այդ թիրախից և քարկոծելու այլ ընդդիմադիրների, այսպես ասած իր մրցակիցներին, արդեն ընդդիմություն չէ»:
Մեր հարցին, թե ՀԱԿ-ի ներսում ընդդիմադիր այլ ուժերի վերաբերյալ հակասություննե՞ր կան, եթե հաշվի առնենք Զուրաբյանի այդ հայտարարությունն ու Լեւոն Տեր- Պետրոսյանի սուր քննադատությունը, տիկին Սեդրակյանն ասաց. «Ամեն մեկն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, այդ կարծիքի հակասությունները ստուգելու է ժամանակը, պատմությունն ու պատմական զարգացումների տրամաբանությունը: Բոլորովին իմաստ չունի, որ հստակ գաղափարախոսություն ունեցող ընդդիմադիր ուժը քննարկի մեկ այլ ուժի տակտիկական եւ ստրատեգիական հակասությունները»:
Անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, թե իրենք լծված են լրջագույն մի գործի, տիկին Սեդրակյանը շարունակեց՝ ցանկացած լրջագույն գործի հետեւանքները երեւում են ոչ բեմից:
Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության դեմ դուրս գալու ՀԱԿ-ի հավաստիացումներին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը հավելեց. «Իշխանության դեմ դուրս գալու ծրագիրը հանրահավաքների մասնակցության ծրագիր չէ, բայց յուրաքանչյուր ոք ազատ է ընտրել իր մարտավարությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ