Ազգային ժողովի պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը NewsBook-ի հետ զրույցում մեկնաբանեց Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական համարված ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը և նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու այդ միության անդամակցությանը:
«Ես դեմ եմ այդ միության անդամակցությանը, քանի որ այն հակասահմանադրական է և իջեցնում է Հայաստանի անկախության ու ինքնիշխանության իմունիտետը: Եթե հունվարի 1-ից ընդունվի ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթութը, ինչը, ցավոք սրտի, կընդունվի, Հայաստանի մաքսային օրենսգիրքը կլինի առոչինչ և կգործի այդ միությունում գործող ընդհանուր մաքսային օրենսգիրքը: Ինձ համար շատ զարմանալի է և անհասկանալի, թե ինչպե՞ս կարող է սահմանադրական դատարանն առանց մեկնաբանության այդ անդամակցությունը համարել սահմանադրական: Ես այդ վճիռը համարում եմ քաղաքական որոշում, այսինքն` այդ որոշման մասին ավելի շատ պետք է խոսենք ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ որպես քաղաքական վճիռ: Սահմանադրական դատարանի որոշումը ես համարում եմ հակասահմանադրական»,- ասաց Քոքոբելյանը և հավելեց, որ Սահմանադրական դատարանն իր նախկին որոշումների վերաբերյալ ինչ-որ լղոզված մեկնաբանություններ էր տալիս, սակայն այս անգամ դա չեղավ, քանի որ իրենք էլ են վստահ, որ այդ անդամակցությունը հակասահմանադրական է:
Քոքոբելյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ֆիքսված է, որ Հայաստանի համար վերպետական կառույցների որոշումները չի կարող պարտադիր լինել, բայց ԵՏՄ-ն որոշումներ կայացնելու լիազարություններ ունի, որը պարտադիր է անդամ երկների համար:
«Այդ որոշումները կարող է չբխել Հայաստանի Հանրապետության շահերից: Ես չեմ ցանկանում խոսել այդ միության տնտեսական կողմից, քանի որ գիտեմ տնտեսվարողներ, որոնք հրաժարվել են Ռուսաստան արտահանել իրենց ապրանքները` սկսած սպիրտից վերջացրած գյուղմթերքներով: Սա պարտադրված որոշում էր»,- ընդգծեց Քոքոբելյանը և հավելեց, որ Հայաստանում լայն զանգվածներն այդպես էլ չառերեսվեցին, ո՛չ Ասոցացման պայմանգրին, ո՛չ էլ ԵՏՄ-ին, ինչն անթույլատրելի է: